Մատչելիության հղումներ

«Ադրբեջանը որդեգրել է պետական սահմանը անընդմեջ լարված պահելու մարտավարություն»


«Ադրբեջանը որդեգրել է պետական սահմանը անընդմեջ լարված պահելու մարտավարություն»
please wait

No media source currently available

0:00 0:04:04 0:00

«Ադրբեջանը որդեգրել է պետական սահմանը անընդմեջ լարված պահելու մարտավարություն»

Հայ-ադրբեջանական սահմանին և և շփման գծում իրավիճակը շարունակում է լարված մնալ:

Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակը հայտնում է, որ հունվարի 6-ին և լույս 7-ի գիշերը ադրբեջանական զինուժը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 400 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60 մմ ականանետերից (6 արկ) և ՌՊԳ-7 (11 նռնակ) տիպի նռնականետերից հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 6000 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը պատասխան գործողություններով կասեցրել են հակառակորդի ակտիվությունը, հայտնում է Պաշտպանության Բանակի մամուլի ծառայությունը: Հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։

Հայաստանի Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ լարվածությունը հատկապես առկա է ղարաբաղա-ադրբեջանական սահմանին։

«Բավականին լարված է, շատ են կրակել, 300-ից ավելի հրադադարի խախտումներ են եղել գիշերը հատկապես արցախյան հատվածում։ Բարեբախտաբար, մեր կողմից զոհեր ու վիրավորներ չկան, նրանց կողմից չեմ կարող ասել, ամեն դեպքում իրենք կորուստներ ունեն, որ թաքցնում են»,- ասաց Հովհաննիսյանը։

Հայաստանի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ ևս կրակոցները շարունակվում են։ Հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով ձգվող Բարեկամավանի գյուղապետ Գագիկ Աբազյանը «Ազատության» հետ զրույցում նշում է, որ երեկ գիշերվանից կրակոցները չեն դադարում: Վնասվել է եկեղեցին, բնակելի տներ, զոհեր չկան։

Գյուղապետի խոսքով, մի քանի ընտանիք դուրս է եկել գյուղից, մի քանիսը տարհանել են երեխաներին, մյուսներն էլ թաքնվում են կրակոցներից.- «Մարդիկ իրենց հնարավորությունների չափով ամենքը մի տեղ պախկվել են»։

Սահմանամերձ Չինարիի գյուղապետ Սամվել Սաղոյանը «Ազատության» հետ զրույցում նշեց, որ հիմնական թիրախը զինվորական հենակետերն են եղել։

Ադրբեջանը որդեգրել է պետական սահմանին անընդմեջ լարվածություն ստեղծելու մարտավարություն, «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի պաշտպանության նախարարի խորհրդական Դավիթ Ջամալյանը՝ ընդգծելով, որ հայկական զինված ուժերի խնդիրն է զսպել հակառակորդի ագրեսիան։

«Եթե մեզ հետ փորձում են խոսում են ուժի լեզվով, մենք պետք է հակընդդեմ ուժ բանեցնենք, որովհետև մենք զիջելու ոչինչ չունենք, ընկրկելու տեղ չունենք, հայոց երկու պետությունների պետական սահմանը Ադրբեջանի հետ գծվել է արյամբ։ Դա այն սահմանն է, որ ուղղակի երաշխավորելու է կենսունակ պետության գոյությունը առաջիկայում»,- ասաց Ջամալյանը։

Նախօրեին Ղարաբաղի ՊՆ-ն հայտնել էր, որ պատասխան գործողությունների արդյունքում առնվազն երեք ադրբեջանցի զինծառայող էր սպանվել։ Պաշտոնական Բաքուն հերքում է իր զոհերի մասին տեղեկությունները։ Այդուամենայնիվ, երեկ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատեց, որ բանակում մեկ ենթասպա է վիրավորվել ականի պայթյունի հետևանքով։

Հիշեցնենք, հունվարի 3-ին երկու հայ զինծառայող էր զոհվել, մեկն էլ վիրավորվել Ղարաբաղի Պաշտպանության բանակի հարավային և արևելյան ուղղություններով ադրբեջանական կողմի ձեռնարկած դիվերսիոն հետախուզական երկու գործողությունների հետևանքով։

Անդրադառնալով ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի վերջին հայտարարությանը, որով Վաշինգտոնը կոչ էր արել կողմերին շարունակել բանակցություններն ու զերծ մնալ իրավիճակը սրող գործողություններից, Ադրբեջանի արտգործնախարարությունը հայտարարել է՝ շփման գծի միջադեպերը բացառելու համար առաջին հերթին անհրաժեշտ է դուրս բերել հայկական ուժերը Ադրբեջանի տարածքից:

Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով՝ Սիրիայի, Ուկրաինայի պատերազմները, Իրաքում տեղի ունեցող իրադարձությունները շեղել են միջազգային հանրության ուշադրությունը ղարաբաղյան հակամարտության նկատմամբ, մղել այն երկրորդ, երրորդ պլան, ինչի հետ ադրբեջանական կողմը չի հաշտվում: Գրիգորյանի համոզմամբ,հրադադարի այս խախտումներով, դիվերսիոն հարձակումներով Ադրբեջանը փորձում է ցույց տալ աշխարհին, որ ղարաբաղյան հակամարտությունը սառեցված չէ:

«Հայաստանը պետք է անպայման հասնի նրան, որ վերսկսվեն բանակցությունները Մինսկի խմբում։ Նախագահների հանդիպումները ինչ-որ չափով դրական ազդեցություն ունեին, եթե Ադրբեջանի և Հայաստանի նախագահների անցած տարվա հանդիպումները չլինեին, իմ կարծիքով, այսօր ավելի վատ իրավիճակ կլիներ։ Բայց այդ հանդիպումներից հետո դեռ չի վերսկսվել բանակցային պրոցեսը։ Մենք պետք է հասնենք, որ վերսկսվեն բանակցային պրոցեսները Ղարաբաղի հարցով»,- ասաց քաղաքագետը։

«Երբ բանակցություններ են ընթանում, այնուամենայնիվ, շատ դժվար է նույն պրովակացիաները անել, հետո բացատրություններ տալ, իբր դու չես»,- նկատեց Ստեփան Գրիգորյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG