Մատչելիության հղումներ

Հայկական կողմը շահագրգռված է համագործակցության խորացմամբ․ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղարին 


Հայաստանը մեծապես կարևորում է ԵԱՀԿ դերը՝ որպես համապարփակ և համագործակցային անվտանգության հայեցակարգի վրա հիմնված տարածաշրջանային կազմակերպություն, երեկ ասել է Հայաստանի արտգործնախարար Արարարտ Միրզոյանը՝ ԵԱՀԿ Գլխավոր քարտուղար Հելգա Մարիա Շմիդի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

Միրզոյանը նշել է, որ հայկական կողմը շահագրգռված է ԵԱՀԿ անվտանգության բոլոր երեք՝ ռազմաքաղաքական, տնտեսական և բնապահպանական ու մարդկային հարթություններում համագործակցության խորացմամբ։

Անդրադառնալով Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակին՝ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման կարևորությունը:

Վերահաստատելով, որ Հայաստանը հանձնառու է տարածաշրջանում հարատև խաղաղության հաստատմանը՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը միևնույն ժամանակ շեշտել է՝ Ադրբեջանի սադրիչ գործողությունները, ներառյալ՝ ադրբեջանական ԶՈւ ներթափանցումը Հայաստանի ինքնիշխան տարածք, լարվածության նոր օջախներ են ստեղծում և խաթարում տարածաշրջանային անվտանգությունը և կայունությունը:

Մայիսի 12-ից սկսած ադրբեջանական զինուժը առնվազն երեք ուղղություններով ներխուժել է Հայաստանի Հանրապետության տարածք և փաստացի ամրացել մի քանի կիլոմետր խորության վրա։ Իրավիճակը պարբերաբար սրվում է, սահմանին բախումներ են լինում։

Հայ-ադրբեջանական սահմանի տարբեր հատվածներում ռազմական բախումների ֆոնին Հայաստանի կառավարության ղեկավարն առաջարկեց դիտարկել Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների հենակետերի տեղակայման հարցը։ Փաշինյանը նշեց, որ Երևանի համար կարող է ընդունելի լինել միջազգային, ներառյալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը, եթե անհնար կլինի հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով տեղակայել ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելություն։

Միրզոյանը չորեքշաբթի օրը «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում հույս հայտնեց, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել այնպես, որ այլ կառույցների` Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրներին, կամ` ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին դիմելու կարիք չի լինի։

XS
SM
MD
LG