Մատչելիության հղումներ

Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, հարաբերություններն ինտենսիվ զարգանում են․ Լավրով


Հայաստանը Ռուսաստանի դաշնակիցն է, երկու երկրների միջև հարաբերությունները ինտենսիվ զարգանում են, Միջազգային հարաբերությունների Մոսկվայի պետական ինստիտուտում, ուսանողների հետ երեկվա հանդիպման ժամանակ, ասել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Անդրադառնալով հետպատերազմյան իրավիճակին՝ Լավրովը հավելել է, թե եռակողմ համաձայնագրերը հստակեցնում են բոլոր տրանսպորտային ենթակառուցվածքների և տնտեսական կապերի ապաշրջափակման վերաբերյալ ղեկավարների առաջարկները: «Այս աշխատանքը մեկ օրվա չէ, այն ընթանում է», - ասել է Լավրովը։

Բաքուն և Երևանը տարբեր ձևով են մեկնաբանում ապաշրջափակման հարցերը

Բաքուն և Երևանը տարբեր ձևով են մեկնաբանում տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման մասին հարցերը։ Մոսկվան, հատկապես վերջին շրջանում, գերադասում է չխոսել, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքից»՝ սահմանափակվելով ընդհանուր հայտարարություններով։

Հաճախ Մոսկվան խոսում է Ադրբեջանի և Հայաստանի միջև դեմարկացիա և դելիմիտացիա սկսելու անհրաժեշտության մասին և իր միջնորդությունն առաջարկում կողմերին։

Երկու օր առաջ Մոսկվա կատարած առաջին աշխատանքային այցի շրջանակներում, Հայաստանի արտգործնախարարը, սակայն, ռուսական «Ռիա Նովոստի» գործակալությանը տված հարցազրույցում, ասել էր, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացը կսկսվի, եթե Ադրբեջանը կառուցողական դիրքորոշում որդեգրի և իր զորքերը դուրս բերի Հայաստանի ինքնիշխան տարածքից: Այս մասին Միրզոյանը նաև բարձրաձայնել էր Ռուսաստանի արտգործնախարարի հետ ունեցած առաջին հանդիպման ժամանակ։

Հայաստանի արտգործնախարարն, առանց մանրամասնելու, «Ռիա Նովոստիին» ասել է, թե այսօր Մոսկվայի միջնորդությամբ ընթանում են բանակցություններ, որոնց արդյունքները ցույց կտան պաշտոնական Բաքվի՝ համաձայնության գալու կարողության աստիճանը։

Ուշագրավ է, որ այս բանակցությունների կապակցությամբ Միրզոյանը հույս է հայտնել, որ խնդիրը հնարավոր կլինի կարգավորել այնպես, որ այլ կառույցների` Մինսկի խմբի մյուս միջնորդ երկրներին, այսինքն՝ Ֆրանսիային և Միացյալ Նահանգներին, կամ` ՄԱԿ-ին ու ԵԱՀԿ-ին դիմելու կարիք չի լինի։

Հայաստանում հունիսի 20-ին կայացած խորհրդարանական ընտրություններից անմիջապես հետո, պաշտոնական Բաքուն սկսեց խոսել Հայաստանի հետ խաղաղության պայմանգիր ստորագրելու հնարավորությունից։ Դրական ազդակներ, ինչպես նշել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, լսվում են նաև Անկարայից։

Հայաստանի արտգործնախարարը, սակայն, թե՛ Սերգեյ Լավրովի հետ հանդիպմանը, թե՛ «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում, Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելը հստակ կապեց Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման հետ։

«Հայաստանը բազմիցս է ամենաբարձր մակարդակով հայտարարել, թե պատրաստ է վերսկսել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացը՝ հայտնի սկզբունքների հիման վրա, այն է՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ժողովուրդների իրավահավասարություն և ինքնորոշման իրավունք և տարածքային ամբողջականություն», - ասել է Միրզոյանը։

Պաշտոնական Բաքուն հետպատերազմյան շրջանում մշտապես հայտարարում է, թե ղարաբաղյան խնդիրն այլևս գոյություն չունի։

Բաքուն արձագանքել է Միրզոյանի հայտարարությանը

Ադրբեջանի արտգործնախարարությունն այսօր արձագանքել է Միրզոյանի հայտարարությանը՝ նշելով, թե Հայաստանի արտաքին գործերի նոր նախարար Արարատ Միրզոյանի վերջին հայտարարությունները վկայում են այն մասին, որ պաշտոնական Երևանը շարունակում է տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանի նկատմամբ։

«Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը, ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում, հաստատեց Երևանի դիրքորոշումը, նրա տարածքային պահանջները Ադրբեջանին: Ադրբեջանի տարածքներում ագրեսիվ անջատողականություն հրահրելով՝ Միրզոյանը հստակ ասում է, որ «խաղաղության և անվտանգության ռազմավարությունը» ոչ այլ ինչ է, քան խարդախություն, և որ Հայաստանը դեռ չի հրաժարվել իր ագրեսիվ քաղաքականությունից», - այսօր ասել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Լեյլա Աբդուլաևան:

Ադրբեջանական մամուլը ողողված է հակառուսական հոդվածներով

Վերջին ամսիներին ադրբեջանական մամուլը գրեթե ողողված է հակառուսական հոդվածներով․ ադրբեջանցի վերլուծաբանները մեղադրում են ռուս խաղաղապահաներին իրենց առաքելությունը վատ կատարելու մեջ և ընդգծում են, որ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է պահանջել, որ ռուսները դուրս գան Ղարաբաղի տարածքից։

Ռուս վերլուծաբաններն էլ գրում են, որ Մոսկվայի տարաձայնությունները մի կողմից Բաքվի, մյուս կողմից Անկարայի միջև գնալով խորանում են, սակայն պաշտոնական Մոսկվան հնարավորինս կանի՝ այդ տարաձայնությունները հաղթահարելու համար։

XS
SM
MD
LG