Մատչելիության հղումներ

Զախարովան արձագանքել է ՀՀ-ին չզինելու Ալիևի կոչին. Որևէ երկրին զենք վաճառելը ՌԴ-ի իրավունքն է


Պաշտոնական Մոսկվան, պատասխանելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի` Հայաստանին չզինելու կոչին, այսօր հայտարարել է, թե այս կամ այն երկրին զենք վաճառելը Ռուսաստանի սուվերեն իրավունքն է, և բացի այդ, Ռուսաստանը միշտ հաշվի է առնում ուժերի բալանսը տարածաշրջանում։

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նաև ասել է, թե ռազմատենչ հայտարարությունները չեն նպաստում իրավիճակի կարգավորմանը, և որ Մոսկվայի անվերապահ առաջնահերթությունը Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի և ընթացիկ տարվա հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացումն է: Ագրեսիվ հռետորաբանությունն այս նպատակը չի մոտեցնում, ասել է Զախարովան` առանց նշելու, թե ում հայտարարությունների մասին է խոսքը, թեև հարցում, որին Զախարովան պատասխանել է, մեջբերվել էր մի քանի օր առաջ արած Ալիևի հայտարարությունը։

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե Բաքվի և Երևանի հետ շփումները կանոնավոր կերպով իրականացվում են, բանակցությունները մշտապես տարվում են, մեծամասամբ՝ ոչ հրապարակավ, քանի որ քննարկվող հարցերը զգայուն են. «Պարզապես դա կարող է իսկապես խանգարել կայուն արդյունքի հասնելուն։ Եվ այդ կապակցությամբ կուզենայի նշել Անդրկովկասի երկրների քաղաքական գործիչների առճակատման կամ առավել ևս ռազմատենչ հռետորաբանության բացարձակ անարդյունավետ լինելը: Այն հարվածում է անմիջապես, ցավոք, մեկ կետի և վնաս է հասցնում գլխավորին՝ կայուն արդյունքի հասնելուն»։

Զախարովան գոհունակությամբ նշել է նաև, որ եռակողմ աշխատանքային խումբը օգոստոսի 17- ին վերսկսել է իր աշխատանքները և արդեն անցել է պրակտիկ քննարկումների։

Նա հերթական անգամ նաև կողմերին կոչ է արել հնարավորինս արագ սկսել դեմարկացիայի և դելիմիտացիայի աշխատանքները։ Զախարովայի խոսքով` իրավիճակը հայ-ադրեբջանական սահմանին սրվել է երկու կողմերի միջև վստահության դեֆիցիտի պատճառով, և դեմարկացիայի մեկնարկը կարող է օգնել կողմերին այս հարցում։ Դե իսկ Ռուսաստանն էլ, ինչպես բազմիցս հայտարարվել է, պատրաստ է խորհրդակցական աջակցություն ցուցաբերել այս հարցում:

Ռուսաստանի արտաքին քաղաքականության գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչն ինչպես միշտ շեշտել է նաև, որ ռուս խաղաղապահների արդյունավետ աշխատանքի շնորհիվ իրավիճակը հայ-ադրբեջանական շփման գոտում, այդուամենայնիվ, մնում է համեմատաբար հանգիստ։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG