Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «Ինձ մնում էր կա՛մ ավարտել, կա՛մ սրել այս կոնֆլիկտը»


Ջո Բայդենը հանդես է եկել Աֆղանստանից բանակը դուրս բերելու մասին ուղերձով, Սպիտակ տուն, Վաշինգտոն, 31 օգոստոսի, 2021թ.

Աֆղանստանի մայրաքաղաքում հարաբերական անդորր է, ամերիկացիները հեռացել են Քաբուլի Համիդ Քարզայի օդակայանից, որն անցել է թալիբների հսկողության տակ: 20 տարի տևած ամերիկյան ռազմական ներկայությունն այդ երկրում ավարտվել է:

ԱՄՆ-ում և Եվրոպայում ընդհանուր առմամբ դրական են համարում զինուժի դուրսբերումը, բայց շատերն ասում են, թե ամբողջ գործողությունն ավելի նման էր արագ և քաոսային տարհանման, նշում են նաև, որ հազարավոր վտանգված աֆղանստանցիներ չեն հասցրել հեռանալ և կարող են դառնալ թալիբների վրեժխնդրության թիրախը:

ԱՄՆ նախագահ, գերագույն գլխավոր հրամանատար Ջո Բայդենը երեկ խոսել է պատերազմն ավարտելու մասին, ասելով, որ առանց վարանելու իր վրա է վերցնում ստորաբաժանումները մինչև օգոստոսի 31-ը Աֆղանստանից դուրս հանելու ամբողջ պատասխանատվությունը:

«Անցած գիշեր Միացյալ Նահանգներն ավարտեց 20-ամյա պատերազմն Աֆղանստանում, Ամերիկայի ամենաերկարատև պատերազմը: Մենք իրականացրել ենք մարդկանց օդային ճանապարհով ապահով դուրս բերելու ամենալայնածավալ գործողություններից մեկը պատմության ընթացքում: Մենք ավելի քան 120 հազար մարդ ենք տարհանել, դա փորձագետների կանխատեսած թվի կրկնապատիկն է, ոչ մի երկիր նման բան չի կարողացել անել, միայն Ամերիկան ուներ դա անելու կամք և ունակություն, և մենք դա արեցինք»,- ասել է Բայդենը:

Նախագահը բացատրել է իր որոշման շարժառիթը, ասելով, որ Ամերիկան այլևս չուներ Աֆղանստանում ռազմական ներկայությունը շարունակելու հստակ և ըմբռնելի նպատակ:

Պատերազմի իմաստն էր երաշխավորել, որ Աֆղանստանի տարածքը {2001 թվականի սեպտեմբեր 11-ի ահաբեկչությունից հետո} այլևս երբեք չօգտագործվի Ամերիկայի վրա հարձակվելու համար:

Պատերազմը երկարաձգելը չի բխել Ամերիկայի ազգային շահերից: Նախագահն ասել է նաև, թե կտրականապես համաձայն չէ նրանց հետ, ովքեր պնդում են, որ տարհանումը հնարավոր էր սկսել ավելի վաղ և իրականացնել ավելի հանգիստ ու կազմակերպված:

«Պատկերացրեք, եթե մենք տարհանումը սկսեինք հունիսին կամ հուլիսին, այնտեղ ուղարկեինք հազարավոր ամերիկացի զինծառայողներ և տարհանեինք ավելի քան 120 հազար մարդ հենց {Աֆղանստանում} քաղաքացիական պատերազմի ամենաթեժ ժամին: Միևնույն է` ամբոխները կփորձեին խուճապահար հասնել օդակայան, քաոս կլիներ, կառավարության կազմալուծում, և միևնույն է` դա կլիներ չափազանց բարդ ու վտանգավոր առաքելություն: Խնդրի էությունն այս է՝ պատերազմի ժամանակ չի լինում տարհանում, որը հնարավոր է կատարել առանց դժվարությունների, մարտահրավերների և վտանգների, նման բան չկա»,- ասել է նախագահը:

Նրա խոսքով, թալիբները հրապարակավ խոստացել են անարգել ելք տրամադրել հեռանալու ցանկություն ունեցողներին: Թալիբները դա պետք է ապացուցեն ոչ թե խոսքով, այլ գործով: Ամերիկան, ըստ Բայդենի, ունի լծակներ, որոնց գործադրումը թալիբներին կպարտադրի կատարել խոստումները:

Նախագահն ասել է, որ դուրսբերման պարտավորությունը ժառանգել է Դոնալդ Թրամփի վարչակազմից, և դա պետք է արվեր մինչև այս տարվա մայիսի 1-ը: Թալիբները դրանից հետո կարող էին թիրախ համարել համազգեստով յուրաքանչյուր ամերիկացու:

Նոր ադմինիստրացիան հարկադրված էր կա՛մ կատարել դուրսբերումը, կա՛մ ասել, որ չի ճանաչում նախորդ համաձայնությունը և տասնյակ հազարավոր նոր զինծառայողներ ուղարկեր պատերազմի:

«Դա էր ընտրությունը, ինձ մնում էր ավարտել կամ սրել կոնֆլիկտը, ես մտադիր չէի անվերջ երկարաձգել պատերազմը և մտադիր չէի անվերջ երկարաձգել դուրսբերումը»,- երեկ երեկոյան հայրենակիցներին ասել է նախագահ Ջո Բայդենը:

Միացյալ Նահանգները և դաշնակիցներն օգոստոսի 14-ից մինչև 31-ը ներառյալ համատեղ ջանքերով տարհանել են ավելի քան 123 հազար մարդկանց:

Այսօրվա դրությամբ տասնյակ հազարավոր աֆղանստանցիներ կուտակվել են հարևան Պակիստանի և Իրանի սահմաններին և երազում են մոլեռանդ մորուքավորների ռեժիմից փրկվելու մասին:

Մեծ թվով մարդիկ էլ Քաբուլում արտասահմանյան դեսպանատների շենքերի մոտ են, շփոթված ու վախեցած, հույս ունեն, որ մեկ էլ մի հրաշքով նրանց ներս կթողնեն և կտրամադրեն մուտքի վիզաներ: Տարածքը հսկում են թալիբները, օտարերկրյա առաքելությունների դռներն առայժմ փակ են:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG