Մատչելիության հղումներ

Առաջին դասարանցիներն այսօր հաճախեցին դպրոց, շատերն առանց դիմակների` չնայած հորդորներին


Կորոնավիրուսի պատճառով արդեն երկրորդ տարին է` դասերը սկսվում են որոշ սահմանափակումներով։ Առողջապահության նախարարի հրամանով՝ հոկտեմբերի 1-ից չպատվաստված ուսուցիչներն ու դասախոսները պետք է ամսվա մեջ երկու անգամ՝ 14 օրը մեկ ՊՇՌ թեստի պատասխան ներկայացնեն։

Առաջին դասարանցիներն այս տարի դպրոց մտան այսօր՝ օգոստոսի 31-ին, որպեսզի ուսումնական հաստատությունների բակում սեպտեմբերմեկյան կուտակումները հնարավորինս քիչ լինեն։ Հայաստանում այս տարի առաջին դասարան գնաց շուրջ 37 հազար երեխա։

Ջոն Կիրակոսյանի անվան դպրոցն այս տարի 95 առաջին դասարանցի ունի։ Դպրոցի ամենամեծ բացօթյա տարածքում փոքրիկներին դիմավորող նախկին տնօրեն Անահիտ Խոսրովյանը, որն այսօրվանից արդեն որպես ուսուցչուհի կաշխատի, հորդորեց դիմակներով մտնել դպրոց։ Որոշ ծնողների ու երեխաների համար դիմակ կրելն արդեն սովորական բան էր. «Արդեն սովորել են երեխաները նույնպես, որ պիտի դիմակով լինեն դրսում և հիմա դասարանում արդեն»:

«Պաշտպանվում եմ կորոնավիրուսից», - ասում է աշակերտներից մեկը:

Չնայած հնչած հորդորներին, ծնողների ու երեխաների մեծ մասը դպրոց մտավ առանց դիմակների կամ դրանք ոչ պատշաճ հագած։ Դպրոցը շուրջ մեկ տասնյակ տարի ղեկավարած Անահիտ Խոսրովյանն ասում է՝ սանիտարահիգիենիկ բոլոր պայմաններն ապահովել են, կհետևեն, որ բոլորը դիմակ կրեն, նաև ցավով հիշեց` կորոնավիրուսից իրենց ուսուցիչներից մեկն է մահացել. «Շատ ցավ էր մեր կոլեկտիվի համար, մեծ կորուստ էր, այ դա նաև ստիպեց մեզ, որ մենք հարգենք և՛ մեզ որպես ուսուցիչներ, և՛ պահանջենք թե՛ աշակերտից, թե՛ ծնողից դիմակը կրել, որովհետև այսօր ինքը նստած է, վաղը կարող է լինի ուղղակի կոնտակտավոր»:

Այս դպրոցի հինգ տասնյակից ավելի ուսուցիչներից 16-ն են դեռ պատվաստվել, Խոսրովյանը սպասում է պատվաստման իր հերթին։ Պատվաստվել ստիպելու պարտադրանք չկա, ինքն էլ չի պատրաստվում դա անել, բայց հավելեց՝ կամավոր պատվաստվողներ կան։ Ու թեև ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ «Ազատության» ուղիղ եթերում մի քանի անգամ կրկնեց, որ անկախ դասարանում երեխաների թվից` գործելու է ամենօրյա դասապրոցես, և դասարանները չեն կիսվելու, Անահիտ Խոսրովյանն ասաց՝ կորոնավիրուսի պայմաններում իրենց դասասենյակները շատ փոքր են 30 կամ 30-ից ավելի երեխաների համար. «Մեր դասարանները մաքսիմում 40-42 քառակուսի մետր են, և այնտեղ տեղավորել 34-35 աշակերտ նշանակում է շատ իրար մոտ նստած: Կփորձենք առայժմ կես խմբով նորից գալ օրումեջով, եթե կզգանք, որ տվյալները շատ լավ են, բալիկներն առողջ են, ոչինչ չկա, միգուցե փորձենք նաև անցում կատարել, բայց սկիզբը հաստատ այսպես»:

Դպրոցը հիշեցրել է, որ դիմակից հրաժարվող երեխաների համար կա ուսուցման այլընտրանքային տարբերակ. «Նաև կան ըմբոստ ծնողներ, որ ընդդիմանում են դիմակի համար, բայց քավ լիցի, եթե չեք ուզում, որ ձեր բալիկը դիմակ հագնի, և ինչ-որ խնդիրներ ունի, ուրեմն ձեր բալիկը ռիսկային խմբի բալիկ է, թող մնա տանը և թող հեռավար իր ուսուցումը կազմակերպի, ոչ մի խնդիր: Եթե պահանջը դրված է, որ պիտի դիմակ հագնեն, ուրեմն դպրոցի շեմը պիտի անցնեն միայն դիմակով: Դա է պահանջը, լինի դա առաջին դասարանցի, թե մինչև 9-րդ դասարան»:

Չարենցի անվան դպրոցի բակում հավաքված առաջին դասարանցիներին տնօրենը նույնպես հիշեցրեց, որ պետք է դպրոց մտնեն դիմակներով։ Այստեղ նույնպես հորդորը միանշանակ չընդունեցին ծնողներից ու աշակերտներից շատերը, բայց կային նաև այնպիսիք, որ անգամ դրսում ողջ միջոցառման ընթացքում դիմակները չհանեցին. «Ասել ենք, ուղղակի պիտի հասկանանք, թե դպրոցում այդ պայմաններում ոնց ճիշտ կլինի, որ միշտ դիմակով լինեն, թե կարող են հանել, բայց ամեն դեպքում ճիշտ է, որ դիմակներով լինեն, որովհետև վտանգը կա», - ասում է ծնողներից մեկը:

ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը երեկ «Ազատության» եթերում նաև նշեց, որ տարրական դասարանների համար կշարունակվի դպրոցական սնունդի տրամադրումը, վիրուսի տարածման վտանգը հաշվի առնելով էլ` դասամիջոցներին երեխաների շարժը կսահմանափակվի։

Առողջապահության ոլորտի մասնագետներն էլ կանխատեսում են, որ աշնանը կորոնավիրուսի 4-րդ ալիքի բռնկում է սպասվում, վարակվածության և մահվան դեպքերը գնլով աճում են։ Այսօր 524 նոր դեպք է արձանագրվել, 14 մարդ մահացել է։

XS
SM
MD
LG