Մատչելիության հղումներ

Փակ տարածքներում դիմակ քչերն են կրում, չնայած ըստ նախարարի` վարակվածության աճի տեմպը պահպանվում է


Կառավարության այսօրվա նիստում վարչապետը խոսեց հակահամաճարակային կանոնների վերահսկողության ուժեղացման մասին։

Վերջին օրերին Covid-19-ով վարակվածների օրական թիվը հատել է 600-ի շեմը, մտահոգություն հայտնեցին գործադիրի անդամները։ Երեկ, օրինակ, 522 նոր դեպք է արձանագրվել, դրա նախորդ երկու օրերին ավելի քան 600 մարդ է վարակվել կորոնավիրուսով։ Կորոնավիրուսից երեկ մահացել է 11 մարդ։

«Ոստիկանությունը, տեսչական մարմինները պետք է վերահսկողական աշխատանքները շարունակեն, խստացնեն: Ինչքան էլ դա մեր քաղաքացիների համար հասկանալիորեն այդքան էլ հաճելի չէ, բայց, կարծում եմ, շատ ավելի հաճելի է, քան վերակենդանացման բաժնում հայտնվելը», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վերջին շաբաթներին կառավարությունը հայտարարեց, որ խստացնում է կանոնների վերահսկողությունը՝ մասնավորապես, դա վերաբերում է հատկապես փակ վայրերում դիմակների կրմանը, որը պարտադիր է Հայաստանում։ Բայց այսօր Երևանի կենտրոնում քաղաքային տրանսպորտում մեծ մասը դիմակ չէր կրում։ Եվ չկար գեթ մի ոստիկան, որ հսկողություն իրականացներ։

«Չէ իջնելուց, ուղղակի շունչս կտրվում էր: Կան ուշադիր մարդիկ, որ դնում են, կան, որ չեն դնում: Անկեղծ ասեմ` դա այդքան պաշտպանող չէ, ես այդպես եմ հասկանում, բայց որ որոշել են այդպես, ուրեմն պետք է ենթարկվենք կանոններին», - ասում է քաղաքացիներից մեկը, մյուսը նկատում է` ինքը պատվաստված է: «Շնչելու օդ չկա»: Նկատում են նաև. «Ոչ մի կանգառում ոստիկան չկար, գոնե անցած տարի ամեն կանգառում ոստիկաններ կային և հսկում էին, բայց հիմա չկա ոչ մի բան»:

Նույն իրավիճակն էր նաև խանութներում, թեև բոլորի դռներին փակցված է «մուտքը միայն դիմակներով» գրությունը։ Խանութներից մեկի մենեջերն ասում է` իրենց բոլոր աշխատողները դիմակով են. «Զգուշացնում ես, մեկը սրտից է վատ, մեկը ճնշումից է վատ, նոր է ել, սենց վատացել, սենց պատճառաբանելով»:

Առողջապահության նախարարը թեև այսօր հայտարարեց, որ առաջընթաց կա դիմակները կրելու հարցում, բայց այն բավարար չէ։ Նաև նշեց՝ հանրային տրանսպորտում կանոնները դեռ ամբողջովին չեն պահպանվում, ինչն էլ դժվարացնում է իրավիճակը։ Անահիտ Ավանեսյանն ընդգծեց՝ իրավիճակը դեռ կառավարելի է, բայց վարակվածության աճի տեմպը պահպանվում է. «Ուստի պիտի հորդորեմ, խնդրեմ, որ իսկապես զգոն լինենք, պահենք այս պարզ կանոնը, որը կարող է մեր, մեր հարազատի կամ կողքը կանգնած անձի համար կյանքի-մահու խնդիր լինել»:

Չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ իր մոտ առկա չունենա, վստահեցնում է նախարարը

Այսօր կառավարության նիստում վարչապետը հարց ուղղեց առողջապահության նախարարին՝ արդյոք խնդիր չկա՞ պատվաստանյութերի պաշարի հետ, Անահիտ Ավանեսյանը պատասխանեց՝ բրիտանաշվեդական AstraZeneca-ի և չինական պատվաստանյութերի խնդիր չկա, պաշարները համալրված են։

«Спутник V-ի արտադրական գործընթացների հապաղման հետ կապված՝ մատակարարման որոշակի հապաղումներ կային, բայց հուսով ենք, որ հաջորդ շաբաթ կստանանք երկրորդ խմբաքանակը: Երկրորդ դեղաչափն արդեն քաղաքացիները կարող են ստանալ, և հաջորդիվ կհամալրվեն: Բայց, նորից եմ կրկնում` չկա որևէ պոլիկլինիկա, որ գոնե 2 պատվաստանյութ իր մոտ առկա չունենա», - պատասխանեց նախարարը:

Ավանեսյանը տեղեկացրեց, որ այս պահին Հայաստանում 14 բժշկական հաստատություն է սպասարկում կորոնավիրուսով վարակվածներին։ 1500 մահճակալից զբաղված է գերակշռող մասը՝ 1143-ը. «Ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվում է մոտ 700 պացիենտ, և, ինչպես տեսնում եք, ընդհանուր հոսպիտալացված պացիենտների թվի և ծանր պացիենտների թվի համամասնությունը բավական մտահոգիչ է:

Արդեն իսկ հրապարակել եմ, որ ունենք երիտասարդ պացիենտներ, ովքեր որևէ ուղեկցող հիվանդություն չունենալու պարագայում ներկայումս գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր վիճակում, և մեր բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար»:

Գործադիրի նիստին առողջապահության նախարարը տեղեկացրեց, որ եթե թվերը շարունակեն աճել, ապա որոշ քաղաքացիների կսպասարկեն ամբուլատոր պայմաններում, անհրաժեշտության դեպքում պատրաստ են 1200-1300 մահճակալ ավելացնել։ Եվ որպեսզի վիճակը ծայրահեղ չդառնա, Ավանեսյանը հորդորեց քաղաքացիներին պահպանել անվտանգության կանոնները, ինչպես նաև պատվաստվել։

Հիշեցրեց, որ հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է երկու շաբաթը մեկ պարբերությամբ բացասական թեստի ներկայացման պահանջը գործատուներին՝ խորհուրդ տալով նման իրավիճակում չհայտնվելու համար պատվաստել. «Մենք ակնկալում ենք պատվաստվել ցանկացողների մեծ հոսք և պատրաստ կլինենք նրանց սպասարկելու»:

2020-ի մարտի 1-ից ի վեր, երբ Հայաստանում արձանագրվեց կորոնավիրուսի առաջին դեպքը, այս հիվանդությունից մահացել է 4 հազար 796 մարդ, ևս 1151 վարակակիր մահացել է այլ պատճառներով:

XS
SM
MD
LG