Մատչելիության հղումներ

Աքարը և Հասանովը հանդիպել են Ստամբուլում, քննարկել իրավիճակը տարածաշրջանում


Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարներ Հուլուսի Աքար և Զաքիր Հասանով, արխիվ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները երեկ հերթական անգամ քննարկել են իրավիճակը տարածաշրջանում։ Ստամբուլում երեքշաբթի օրը մեկնարկել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսը, որի շրջանակում էլ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի ռազմական գերատեսչության ղեկավար Հուլուսի Աքարի հետ:

Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը նշել են պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության զարգացման կարևորությունը, մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության, երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի վերաբերյալ:

Օգոստոսի 17-ին Ադրբեջանի ռազմական գերատեսչության ղեկավարը Ստամբուլում մասնակցել է IDEF-2021 պաշտպանական միջազգային ցուցահանդեսի բացման արարողությանը: Պաշտոնական Բաքուն հայտնում է, թե նախարարը ուսումնասիրել է տարբեր ընկերությունների կողմից արտադրված զենքը, սարքավորումները և ռազմական տեխնիկան, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել թուրքական պաշտպանական արդյունաբերության մի շարք ընկերությունների ղեկավարների հետ:

Ստամբուլում մեկնարկած՝ աշխարհի 50 երկրներից ավելի քան հազար ընկերությունների և ձեռնարկությունների մասնակցությամբ ցուցահանդեսին ներկայացված է նաև ադրբեջանական ծագման ռազմական արտադրանք՝ դիպուկահար հրացաններ, գնդացիրներ, գրոհային գնդացիրներ, նռնականետներ, անօդաչու թռչող սարքեր, ականանետներ, տարբեր տրամաչափի զինամթերք:

Երեկ այս ցուցահանդեսը բացելիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե վերջին 19 տարիներին Թուրքիան իսկական հեղափոխություն է կատարել պաշտպանական արդյունաբերության ոլորտում և կտրուկ նվազեցրել է զենքի ներկրումից իր կախվածությունը. - «Եթե նախկինում Թուրքիայի պաշտպանական և տիեզերական արդյունաբերության արտադրանքի արտահանումը չէր հասնում նույնիսկ 250 մլն դոլարի, ապա այսօր այդ ցուցանիշը գերազանցել է 3 մլրդ դոլարի նշագիծը»: Էրդողանը հավելել է, թե ժամանակակից Թուրքիան աշխարհի 3-4 առաջատար երկրների շարքում է հարձակվող անօդաչու թռչող սարքերի մշակման, արտադրության և վաճառքի ոլորտում, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը մարտի դաշտում:

Ստամբուլում երեկ բացված ցուցահանդեսին մասնակցում է նաև ռուսական «Ռոսօբորոնէքսպորտ»-ը: Թուրքիան, լինելով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, չի հրաժարվում սերտ համագործակցությունից ՆԱՏՕ-ի կողմից պաշտոնապես հակառակորդ ճանաչված Ռուսաստանի հետ։ Վերջին տարիներին Թուրքիան Ռուսաստանից գնել է C-400 (S-400) հրթիռային համակարգեր, իսկ երեկ «Ռոստեխ»-ի ղեկավար Սերգեյ Չեմիզովը հայտարարել է, թե իր գլխավորած ռուսական պետական կորպորացիան պատրաստ է օգնել Թուրքիային հինգերորդ սերնդի TF-X կործանիչ արտադրելու գործում: «Մենք նաև գիտենք, որ Թուրքիան մտադիր է իրականացնել իր հինգերորդ սերնդի TF-X կործանիչի նախագիծը: Ունենալով յուրահատուկ փորձ ավիացիոն համալիրների ու դրանց համակարգերի մշակման և արտադրության մեջ՝ մենք կարող ենք դիտարկել թուրք գործընկերներին նոր կործանիչ ստեղծելու հարցում աջակցելու հնարավորությունը», - Չեմիզովի խոսքերն է մեջբերում ՌԻԱ «Նովոստի»-ն։

Անկարայի ծրագրերի համաձայն՝ հինգերորդ սերնդի թուրքական կործանիչի առաջին թռիչքը պետք է իրականացվի 2025-2026 թվականներին, և մոդելը պետք է շահագործման հանձնվի այս տասնամյակի վերջին:

XS
SM
MD
LG