Մատչելիության հղումներ

Վարչապետը Գյումրիում հանդիպել է Խծաբերդից գերեվարված պահեստազորայինների հարազատների հետ


Գերիների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց, 9-ը օգոստոսի, 2021թ.
Գերիների հարազատները ակցիա են իրականացնում Կառավարության շենքի դիմաց, 9-ը օգոստոսի, 2021թ.

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրիում հանդիպել է պատերազմի ավարտից հետո Հադրութի շրջանի Խծաբերդ գյուղից գերեվարված պահեստազորայինների հարազատներին։

Վերջիններս օրեր առաջ գիշերել էին կառավարության դիմաց՝ պահանջելով հանդիպում վարչապետի հետ, որպեսզի հասկանան՝ ինչ է լինելու արդեն ութ ամսից ավելի Բաքվում գտնվող և դատարանների առաջ կանգնող իրենց զավակների հետ։ Վարչապետի հետ այսօրվա հանդիպումից հետո էլ հարցերն անպատասխան են մնացել, «Ազատությանն» ասացին գերեվարված տղաների հարազատները։

«Հանդիպում ենք ունեցել, ու գերիների հարազատների հարցերը մնացել ենք անպատասխան: Ինքը ասաց, որ տարվում են աշխատանքներ տղաների հետ բերելու ուղղությամբ, բայց կոնկրետ ժամանակ չի նշել», - ասաց հարազատներից մեկը:

Շիրակի մարզից զորակոչված պահեստազորայինները, որ գերեվարվել էին նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, այն ժամանակ դեռ հայկական վերահսկողության տակ գտնվող Խծաբերդի ու Հին Թաղերի տարածքից, անցնում են Բաքվի դատարաններով, նրանց մի մասը արդեն դատապարտվել է, մյուս մասը դեռ վճռի է սպասում։ Այս ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանը քրեական գործեր է հարուցել՝ լրտեսության, ահաբեկչության, սահմանն ապօրինի հատելու և պատերազմական հանցագործությունների մեղադրանքներով։ Մեծ մասի դատավճիռներն արդեն կայացվել են, պատժի ամենափոքր ժամկետը եղել է 6 ամիսը, որոշները դատապարտվել են 6 կամ 15 տարվա ազատազրկման, ամենաերկարը՝ 20 տարին է։

Գերիների հարազատները երկու շաբաթ առաջ Երևանի էին եկել, հանդիպեցին Ֆրանսիայի դեսպանի հետ, փոխանցեցին իրենց մտահոգությունն ու օգնություն խնդրեցին՝ գերիներին վերադարձնելու համար։ Օրեր առաջ էլ Կառավարության դիմաց էին հավաքվել՝ պահանջելով հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Ուզում էին ստանալ հստակ տեղեկություններ, թե ինչ աշխատանքներ են տարվում Ադրբեջանում դատապարտված իրենց որդիներին Հայաստան վերադարձնելու ուղղությամբ, սակայն Երևանում հանդիպումն այդպես էլ չկայացավ, ծնողները մեկ օր Կառավարության դիմաց գիշերելուց հետո, պայմանավորվածություն էին ձեռք բերել, որ առաջիկա օրերին հանդիպումը կկայանա։ Հանդիպումը կայացավ, բայց քանի որ իրենց հուզող հարցերի պատասխանները չստացան, քննարկում են առաջիկա անելիքները։

«Հաջորդ գործողությունները քննարկելու ենք, կոնկրետ բան չկա, բայց լինելու են հաստատ գործողություններ, կտեսնեք ու շատ արագ», - ասաց «Ազատության» զրուցակիցը:

Խծաբերդի դիրքերից գերեվարված 64 պահեստազորայիններից դեռևս միայն 24-ն են վերադարձվել հայրենիք։ Ավելի քան 8 ամիս ադրբեջանական բանտերում գտնվող իրենց որդիների հետ ծնողները կարողանում են կապ հաստատել միայն հեռախոսով, 3-5 րոպե տևողությամբ զանգերի ընթացքում տղաները միայն կարողանում են ասել, որ լավ են՝ ծնողներին չանհանգստացնելու համար։

Արդյոք առաջիկայում նոր հանդիպում նախատեսվո՞ւմ է վարչապետի հետ, թե ոչ, մեր այս հարցին գերիներից մեկի եղբայրը բացասական պատասխան տվեց. «Ինչի՞ համար հանդիպենք, իրա հետ մենք հո չենք ուզում հանդիպենք, մարդիկ PR են արել այն հանգամանքը, որ վարչապետի հետ հանդիպում.... Թող մեր հարցերին պատասխանող լինի, թող լինի փոխվարչապետ կամ ինչ-որ մի այնպես մարդ, որի խոսքը կամ կարգավիճակը արժեք կունենա, թե չէ վարչապետի հետ հանդիպումը մեզ ի՞նչ պետք է»:

Հուլիսի 3-ին՝ գերիների 15 հոգանոց խմբի հետ վերադարձել էին նաև այն ռազմագերիները, որոնց Ադրբեջանը 6 ամսվա ազատազրկման էր դատապարտել, իսկ նրանց դիմաց Հայաստանը տրամադրել էր Աղդամի ականապատման քարտեզները։ Ադրբեջանը միայն 45 գերեվարված անձանց մասին է տեղեկություններ տալիս, մինչդեռ հայկական կողմը 280 գերեվարված անձի մասին տեղեկություններ է ուղարկել Եվրոպական դատարան։ Այս ամիսների ընթացքում 103 գերի է վերադարձել հայրենիք։

XS
SM
MD
LG