Մատչելիության հղումներ

Հայաստանում կորոնավիրուսի չորրորդ ալիքն է, պատճառն, ըստ մասնագետների, «Դելտա» շտամն է


Հայաստանում երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածների 430 նոր դեպք, սա վերջին երեք ամիսների ամենաբարձր ցուցանիշն է, վարակման ավելի մեծ թիվ արձանագրվել էր միայն մայիսին։ Ընդամենը մեկ ամսում, Եվրամիության չափանիշներով դրական՝ «Կանաչ գոտուց» Հայաստանը քովիդի տարածման ցուցանիշներով հայտնվել է վտանգավոր՝ «Կարմիր գոտում»։

Սա Հայաստանում կորոնավիրուսի 4-րդ ալիքն է։ Պատճառն, ըստ մասնագետների, նոր՝ «Դելտա» շտամն է, որը քովիդի նախնական տարբերակից մի քանի անգամ ավելի արագ է տարածվում։ Հայաստանում «Դելտա» շտամի առկայությունը հաստատվեց այս ամսվա սկզբին, և եթե մեկ ամիս առաջ օրական հաստատված դեպքերի թիվը միջինում 150 էր, ապա վերջին մեկ ամսում թվերը շարունակում են աճել ամեն օր։ Վարակակիրների թվի աճին զուգահեռ ավելանում է նաև մահացած անձանց թիվը։ Երեկ կորոնավիրուսը 7 մարդու կյանք է խլել։

Առողջապահության նախարարությունում չեն բացառում, որ օրական արձանագրվող դեպքերի թիվն առաջիկայում կարող է հասնել 2500-ի։ Եվ սա այն պարագայում, երբ ուսումնական տարին դեռ չի սկսվել՝ ընդգծում է հանրային առողջության մասնագետ Դավիթ Մելիք-Նուբարյանը։

«Ընդամենը մի քանի շաբաթից սկսվելու է ուսումնական պրոցեսը, մոտ կես միլիոն մարդ վերադառնալու է իր բնականոն շփումներին, ամենայն հավանականությամբ, մենք գտնվում ենք կորի բարձրացման սկզբնական փուլում: Քանի հազարի կհասնի, շատ դժվար է կանխատեսել, դա կախված է բազմաթիվ գործոններից, նաև թեստավորումների քանակից և այլն, բայց կարող ենք էլի ունենալ լուրջ առողջապահական համակարգի ճգնաժամ, մահճակալային ֆոնդի պակաս», - նշեց Մելիք-Նուբարյանը:

Նման կանխատեսումներ անելու համար կան բոլոր հիմքերը, նշում է Դավիթ Մելիք-Նուբարյանը։ Համաճարակային իրավիճակը գնալով միայն բարդանում է։

«Բացասական տենդենցը շարունակվում է նաև այս տարի: Պետք է իմանալ, որ հոսպիտալացման դեպքում մահանալու հավանականությունը բավականին բարձր է: Այսինքն՝ 100 հոսպիտալացվածից 20-ը մեծ հավանականությամբ կարող է մահանալ: Ինչո՞ւ եմ այս թվերը ներկայացնում, որ ևս մեկ անգամ ահազանգ հնչեցնեմ, որ վիրուսը կա, այն իրական է, այն սոցիալական ցանցերում չէ, այն իրական է և խլում է իրական մարդկանց կյանքն ու առողջությունը», - ընդգծեց հանրային առողջության մասնագետը:

Հայաստանում կորոնավիրուսի բուժմամբ այս պահին զբաղվում են 10 բժշկական կենտրոններ, որից երկուսը՝ մարզերում։ Թե՛ հիվանդանոցներում, թե՛ տանը այս պահին փաստացի բուժում է ստանում ավելի քան 6000 պացիենտ։ Նախորդ օրվա տվյալներով, թոքային օդափոխման սարքերին միացված է եղել 43 քաղաքացի, ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում 86, ծանր վիճակում՝ 457 քաղաքացի։

Վերակենդանացման բաժանմունքներում մահճակալային ֆոնդը արագ սպառվում է՝ 153 մահճակալ արդեն զբաղված է, ազատ է ընդամենը 37-ը։ Բայց հիվանդանոցից դուրս գրումը դեռ չի նշանակում, որ վիրուսը հաղթահարված է, հաճախ հետվիրուսային շրջանի բարդություններ են գրանցվում՝ նկատում է մասնագետը։

«Մենք արդեն տեսնում ենք այսպես կոչված երկարատև քովիդի հետևանքները և քովիդի բարդությունների հետևանքները: Մենք տեսնում ենք, որ շատանում է քովիդ տարած, ապաքինված, բայց արդեն հետքովիդյան բարդություններով մարդկանց [թիվը]: Այս ամեն ինչը մեզ պետք է դրդի մեկ գործողության, որը արդյունավետ կերպով օգնում է նվազեցնել էականորեն հիվանդանալու ռիսկը, դա պատվաստումն է», - ասաց Դավիթ Մելիք-Նուբարյանը:

Պատվաստված քաղաքացիների թվով Հայաստանը շարունակում է մնալ հետնապահ երկրներից մեկը. պատվաստված քաղաքացիների ընդհանուր թիվը չի հասնում բնակչության 6 տոկոսին, իսկ երկու ամբողջական դեղաչափով պատվաստվածների թիվը մոտ 60 հազար է։ Հայաստանը, ցուցանիշով զիջում է նաև հարևան Իրանին, որի քաղաքացիներից շատերը հենց Հայաստանում էին պատվաստվում։

Դրա խթանման նպատակով Առողջապահության նախարարությունը սահմանափակումների նոր փաթեթ է մշակել։ Սահմանափակումներից բացի պատվաստումների ակտիվությունը մեծացնելու համար Դավիթ Մելիք-Նուբարյանը կարևորում է նաև մարդկանց մոտիվացիայի և իրազեկվածության բարձրացումը։ Պատվաստումը ոչ թե կյանքին վտանգ սպառնացող երևույթ է, այլ ճիշտ հակառակը՝ պաշտպանում է հիվանդության վտանգավոր զարգացումներից, ընդգծում է մասնագետը։

«Կառավարությունում հասկանում են, որ այս իրավիճակը չի կարող այսպես անվերջ շարունակվել, սա ժողովրդագրական կորուստներ են, տնտեսական կորուստներ են, սոցիալական, բայց կառավարությունն այն, ինչ որ անում է, տեսնում ենք, որ հասարակության կողմից ցանկացած քայլ քննադատվում է, սա նորմալ երևույթ չի: Կարծում եմ, մենք պետք է ինչ-որ մի ձև փոխենք էս», - նշեց Մելիք-Նուբարյանը:

Հայաստանում մինչև այսօր հաստատվել է կորոնավիրոսով վարակվածների ավելի քան 234 հազար դեպք, որից 4685-ը` մահվան ելքով: Մասնագետները նաև արձանագրում են, որ մահացության դեպքեր են գրանցվում երիտասարդների շրջանում, ովքեր չունեն ուղեկցող հիվանդություններ, ավելին՝ կորոնավիրուսի ախտանիշներով երեխաների հոսպիտալացման աճ է գրանցվում, վարակվածության բարձրացում կա մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում։

Ու մինչ աշխարհը պայքարում է «Դելտա» շտամի դեմ, ամերիկյան առողջապահության մասնագետներն ահազանգում են նոր՝ «Յոտա» շտամի մասին, որը տարեց մարդկանց մոտ մահվան ելքով դեպքերի թիվը կարող է հասցնել մինչև 82 տոկոսի։

Կորոնավիրուսն աշխարհում արդեն վարակել է ավելի քան 207 միլիոն մարդու, խլել՝ ավելի քան 4 միլիոն 360 հազար մարդու կյանք։

XS
SM
MD
LG