Մատչելիության հղումներ

Հայաստանում COVID-19-ով պայմանավորված համաճարակային իրավիճակը գնալով լարվում է


Եվրամիության չափանիշներով՝ Հայաստանն ընդամենը մի քանի օրում հայտնվել է կորոնավիրուսի տարածման ցուցանիշով վտանգավոր՝ կարմիր գոտում. հայտնում են Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից (ՀՎԿԱԿ)։ Սա ենթադրում է, որ կառավարությունը պետք է ուժեղացնի վերահսկողությունն ու նոր սահմանափակումներ մտցնի երկրում։

Փորձը ցույց է տալիս, որ շատ երկրներ փակում են իրենց դռները կարմիր գոտում հայտնված երկրների առջև։

ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչություն պետ Ռոմելլա Աբովյանն ասում է՝ պատկերն ավելի է վատանում անգամ ժամերի ընթացքում, չի բացառում, որ առաջիկա 7 օրերի ընթացքում կարձանագրվի 2000-ից ավելի նոր դեպք: Հիվանդությունն, ըստ նրա, չի շրջանցում նաև երեխաներին:

«Նաև ունենք բարձրացում մանկապատանեկան տարիքային բոլոր խմբերում՝ 3-5 տարեկանների շրջանում ունենք աճ 1.23 անգամ, 6-17 տարեկանների շրջանում՝ 1.57 անգամ, 18-23 տարեկանների շրջանում՝ 1.72 անգամ: Վարակի վերարտադրողական ցուցանիշը կազմում է 1.1, այսինքն 1-ից բարձր ենք, ինչը նշանակում է, որ մեր վարակի տեմպերը բավականին արագ են ընթանում և եթե միջոցառումներ չձեռնարկվեն, մենք կարող ենք մոտակա 7 օրերի ընթացքում ունենալ 2490 նոր դեպք», - ասաց Աբովյանը:

Առողջապահության նախարարությունը պատրաստվում է կառավարությանը ներկայացնել սահմանափակումների նախագիծ, ըստ որի՝ ուսումնական հաստատություններում, սպասարկման ոլորտում, պետական ապարատում աշխատող քաղաքացիները, 14 օրը մեկ պետք է ՊՇՌ թեստ հանձնեն, եթե պատվաստված չեն։

Պաշտոնական տվյալներով՝ վարակվածների թվի աճից բացի նաև մահվան թվերն են ավելանում, եթե նախորդող օրերին մահացության դեպքերը չէին անցնում 5-ը, ապա երեկվա դրությամբ արդեն 9 մարդ է մահացել COVID-19-ից, վարակված քաղաքացիների թիվն էլ հասել է 397-ի։

ՀՎԿԱԿ պաշտոնյան հիշեցնում է՝ երկրում նաև բարձր ջերմությամբ, կոկորդի ու գլխացավով ուղեկցվող դելտա շտամն է շրջանառվում։ Ինչպես հայտնի է, հիվանդության մուտացված այս տեսակի վարակելիությունն ավելի բարձր է:

«Այո, աճում են մահվան դեպքերը, ընդհանուր առմամբ կա համաճարակաբանական օրինաչափություն, որ հիվանդացության աճին զուգահեռ 2 շաբաթ անց նաև մահվան դեպքերն են ավելանում, իսկ մենք վերջին 2-3 շաբաթվա ընթացքում արդեն արձանագրում էինք դեպքերի աճ, այդ իսկ պատճառով արդեն անցել է երկու շաբաթ և մահվան դեպքերը աճում են», - նշեց Աբովյանը:

Երևանի պետական բժշկական համալսարանի ենթակայությամբ գործող «Միքայելյան Համալսարանական Հիվանդանոց»-ն այն 10 բժշկական կենտրոններից է, որոնք նախարարության որոշմամբ առանձնացվել են՝ քովիդով հիվանդների ընդունման և բուժման համար։ Այստեղ վերջին 18 օրում 100-ից ավելի պացիենտ է բուժվել, իսկ 10 քաղաքացի մահացել է։ Համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանից տեղեկացանք, որ մահացած 10 պացիենտից 2-ը երիտասարդ են եղել։ Դանիելյանի խոսքով՝ արդեն ավելի հաճախ են հոսպիտալացնում ուղեկցվող հիվանդություն չունեցող երիտասարդների, որոնց մոտ հիվանդությունը շատ ծանր է ընթանում:

«Եթե նախկինում որպես կանոն գրանցվում էր քրոնիկ հիվանդությունների և տարեցների մոտ դեպքեր, նոր դեպքերում լինում է նաև այնպես, որ տարիքով ավելի երիտասարդների մոտ է գրանցվում շատ հաճախակի դեպքերը հիվանդանոցային, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքում», - ասաց Դանիելյանը:

Այս հիվանդանոցի թերապևտիկ բաժանմունքում 81 մահճակալ կա, ևս 40-ը՝ վերակենդանացման բաժանմունքում, որից 4-ն այսօր առավոտյան է ազատվել։ Շուշան Դանիելյանի խոսքով՝ միշտ չէ, որ ռեանիմացիայում մահճակալներն ազատվում են, հիվանդի բուժմամբ պայմանավորված, հաճախ դրանք նաև մահվան դեպքերով են պայմանավորվում։ Բուժհաստատությունն արդեն աշխատում է լարված ռեժիմով, նոր մահճակալների կարիք կա, եղածները սկսում են չբավարարել:

«Այս պահին քննարկվում է նաև 20 մահճակալ ևս ավելացնել քովիդ բաժանմունքում, այսինքն 100 ենք դարձնում թերապևտիկ բլոկը», - նշեց համալսարանի աշխատակազմի ղեկավարը:

Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում անցել է 230 հազարը: Պաշտոնական տվյալներով՝ Հայաստանում կորոնավիրուսից մինչև այսօր մահացել է 4000-ից ավելի մարդ, ևս 1131 վարակակիր էլ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով: Այս պահին, COVID-19-ից Հայաստանում բուժվում է 5 հազար 805 մարդ:

Մասնագետները շարունակում են պնդել՝ վարակից պաշտպանվելու լավագույն միջոցը պատվաստումն է, այդուհանդերձ, Հայաստանում դեռևս պատվաստվածների թիվը 6 տոկոսի էլ չի հասնում, այս առումով Հայաստանը շարունակում է մնալ տարածաշրջանում վերջին տեղում։

XS
SM
MD
LG