Մատչելիության հղումներ

Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին


Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձ) ողջունում է իր ադրբեջանցի պաշտոնակցին, արխիվ
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը (ձ) ողջունում է իր ադրբեջանցի պաշտոնակցին, արխիվ

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հեռախոսազրույց է ունեցել ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ։ Դատելով պաշտոնական հաղորդագրություններից, զրույցը կայացել է ռուսական կողմի նախաձեռնությամբ:

Բաքուն հաղորդում է, թե «նախարարները քննարկել են իրավիճակը հայ-ադրբեջանական սահմանին», ռուսական կողմի հաղորդագրության մեջ էլ նշված է, որ «տեղի է ունեցել մտքերի առարկայական փոխանակում հայ-ադրբեջանական սահմանի իրադրությունը կարգավորելու ուղիների վերաբերյալ»:

Թե ինչ եզրահանգման են եկել Ադրբեջանի ու Ռուսաստանի արտգործնախարարները Հայաստանի սահմանին վերաբերող հարցերում, չի հստակեցվում:

Մոտ տասն օր առաջ Հայաստանի վարչապետը կառավարության նիստում առաջարկել էր սահմանի ողջ երկայնքով ռուս սահմանապահների տեղակայել: Մոսկվան Փաշինյանի այս առաջարկին պաշտոնապես չի արձագանքել։ Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, սակայն, օրերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր` դա մի հարց է, որ պետք է որոշվի եռակողմ ձևաչափով՝ նաև Ադրբեջանի մասնակցությամբ:

«Նախ, այդ գաղափարը մասնակիորեն արդեն իրագործվել է Սյունիքի մարզում, որտեղ ռուս սահմանապահների հենակետեր են տեղակայված հայ-ադրբեջանական սահմանի վիճահարույց հատվածներում՝ ի հավելումն այն տարածքների, որոնք ավանդաբար վերապահվել են ռուս սահմանապահների հսկողությանը: Հիշեցնեմ, դա Իրանի և Թուրքիայի հետ սահմանն է: Հիմա Ռուսաստանից լրացուցիչ միջոցներ են ներգրավվել, այդ թվում`անձնակազմ, որպեսզի նաև խնդրահարույց հատվածներում տեղակայենք, մասնավորապես այնտեղ, որտեղ ճանապարհը, այսպես ասած, երկու երկրների տարածքով է անցնում: Ինչ վերաբերում է խնդրահարույց մյուս հատվածներին, ապա միայն կարող եմ ասել, որ այս հարցերը քննարկվում են ռուսական կողմի ակտիվ մասնակցությամբ: Մենք հասկանում ենք խնդրի ողջ կարևորությունը, ռուսական կողմը պատրաստ է համապատասխան քայլեր ձեռնարկել, սակայն, դա այն հարցն է, որը դեռ եռակողմ ձևաչափով լրացուցիչ քննարկման կարիք ունի: Այդպիսի աշխատանք տարվում է, գործնական աշխատանք», - ասել էր դեսպանը:

Կոպիրիինի այս հարցազրույցից հետո, անցած շաբաթ լրագրողները Ռուսաստանի արտգործնախարարությունից փորձել էին ճշտել` ստացվում է, որ Հայաստանի սահմանին ռուսական ուղեկալների տեղակայման համար անհրաժեշտ է Ադրբեջանի՞ համաձայնությունը ստանալ, և եթե Բաքուն դեմ լինի, հայկական կողմի այս նախաձեռնությունը չի՞ իրագործվի: Արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ալելքսանդր Բիկանտովը մի կողմից ասել էր, թե այդ հարցը գտնվում է Ռուսաստանի իշխանությունների իրավասության ներքո, մյուս կողմից` ընդունել, որ, այդուամենայնիվ, կան խնդիրներ:

«Հարկ է նշել, որ սահմանի երկայնքով սահմանապահների տեղակայմանը խոչընդոտող հարցերից մեկը միջազգային-իրավական ձևակերպման բացակայությունն է, ինչին ավելանում է նաև կողմերի միջև փոխվստահության պակասը։ Կարծում ենք, որ սահմանին կայուն դեէսկալացիան կարող է ապահովել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման, հետագայում նաև սահմանազատման աշխատանքների անհետաձգելի գործարկումը։ Ռուսաստանը կողմ է այդ հարցի շուտափույթ լուծմանը», - ասել էր նա։

Երևանը հայտարարում է, թե կողմ է Ադրբեջանի հետ սահմանազատմանն ու սահմանագծմանը, սակայն վարչապետ Փաշինյանը երկու նախապայման է դրել` բոլոր գերիների վերադարձ ու ադրբեջանական զորքերի դուրսբերում Հայաստանի սահմաններից: Բաքուն մինչ օրս դրական պատասխան չի տվել: Ավելին, նախագահ Ալիևը շաբաթներ առաջ պնդել էր, թե անցած մայիսից Սյունքիում և Գեղարքունիքում մի քանի կիլոմետր խորացած ադրբեջանական զորքը ետ չի քաշվելու:

«Մենք դուրս ենք եկել մե՛ր սահմաններ։ Ինչու ենք դա արել միայն մայիսի՞ն։ Որովհետև երկու-երեք մետր նստած ձյունը թույլ չէր տալիս ավելի վաղ մոտենալ: Ձնհալից հետո, սակայն, մենք անմիջապես դուրս եկանք, զբաղեցրինք անհրաժեշտ բարձունքները, տեղակայվեցինք և կշարունակենք ամրապնդվել այնտեղ», - ասել էր նա:

Կողմերի՝ առայմ իրարամերժ այս հայտարարությունների ֆոնին Ռուսաստանի արտգործնախարարությունը հայտարարում է, թե տարածաշրջանը հնարավոր է վերածել անվտանգության ու բարգավաճման գոտու` նախագահ Պուտինի միջնորդությամբ նոյեմբերի 9-ին ու հունվարի11-ին ձեռք բերված եռակողմ պայմանավորվածությունների օգնությամբ: Փաստացի եռակողմ այդ համաձայնություններից առայժմ թղթի վրա են մնացել երեքը` հայ գերիների հայրենադարձումը, փախստականների և տեղահանվածների վերադարձն ու տարածաշրջանի բոլոր ուղիների, այդ թվում` Նախիջևանը Ադրբեջային կապող ճանապարհի ապաշրջափակումը: Այս դեպքում ևս Երևանն ու Բաքուն դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս. Ադրբեջանը հատուկ կարգավիճակով միջանցք է ուզում դեպի Նախիջևան, Երևանը պնդում է` նման տրամաբանությամբ որևէ հարց չի քննարկելու:

Այսօր, ի դեպ, Ռուսաստանի արտգործնախարարը նաև ճանապարհների ապաշրջափակման հարցն է քննարկել Ադրբեջանի արտգործնախարարի հետ՝ ընդգծելով այս նպատակով ստեղծված եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումները շուտափույթ վերսկսելու կարևորությունը: Այլ մանրամասներ չեն հաղորդվում:

Ի դեպ, Հայաստանի արտգործնախարարի հետ Սերգեյ Լավրովը վերջին անգամ մոտ երեք ամիս առաջ է զրուցել`անցած մայիսին, երբ Արա Այազյանը դեռ հրաժարական չէր ներկայացրել: Մոտ մեկ ամիս է` նախարարի պարտականությունները կատարում է ԱԽ նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, սակայն մինչ օրս Սերգեյ Լավրովի և նրա միջև ուղիղ կապի մասին պաշտոնապես չի հաղորդվել:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG