Մատչելիության հղումներ

Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են, շեշտում է Վանեցյանը


Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են, «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, ասաց Հայաստանի Ազգային անվտանության ծառայության նախկին տնօրեն, Ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։

Զինված ուժերը վերջին պատերազմից հետո գտնվում են մեղմ ասած, ոչ բարվոք վիճակում, հայտարարեց Վանեցյանն՝ ընդգծելով՝ պատերազմի ավարտից գրեթե 9 ամիս է անցել, բայց որևէ քայլ չի ձեռնարկվել Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։

Վանեցյանի հետ հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև


«Ազատություն»․ - Անվտանգությունը երկու ճանապարհով կարելի է ապահովել, մեկ՝ եթե դու ունես ուժեղ բանակ՝ պատերազմելով, և կա նաև մյուս տարբերակը՝ խաղաղություն հաստատելով հարևանների հետ՝ բանակցությունների, դիվանագիտության, ակտիվ դիվանագիտության շնորհիվ և ընդհանրապես ապացուցելով հարևաններին, որ պատերազմելու որևէ մտադրություն չունես։ Հիմա մենք այնպիսի վիճակում ենք հայտնվել, երբ բանակը պարտված է, շատ դժվարին վիճակում է, և տարիներ կպահանջվի մինչև վերականգնվի վաղեմի այն ուժը, կարողությունը բանակի, որ երբեմն ունեցել ենք։ Հիմա ի՞նչ պետք է անել այս դեպքում, ինչպե՞ս պետք է ապահովել այդ անվտանգությունը։ Ի դեպ, Դուք ինքներդ եղել եք այդ անվտանգության համակարգի՝ բուրգի ամենավերևում կանգնած մարդկանցից մեկը և Դուք էլ ինչ-որ իմաստով կրում եք այդ ձախողումների Ձեր բաժինը։ Այդպես չէ՞, պարոն Վանեցյան։

Սրթուր Վանեցյան․ - Պարոն Թամրազյան, Դուք Ձեր հարցի մեջ մի ձևակերպում ասացիք՝ «պետք է համոզել մեր հարևաններին, որ մենք պատերազմելու նպատակ չունենք»։ Տեսեք, Հայաստանի Հանրապետության անվտանգության երաշխավորը Հայաստանի Զինված ուժերն են։ Ցավոք սրտի, կարող ենք փաստել, հատկապես հաշվի առնելով վերջին՝ 44-օրյա պետերազմը, որ Հայաստանի անվտանգության միակ երաշխավորը Հայաստանի Հանրապետության Զինված ուժերն են։ Այո՛, մեր Զինված ուժերը վերջին պատերազմից հետո գտնվում են, մեղմ ձևակերպված, ոչ նորմալ, ոչ բարվոք վիճակում, բայց ի՞նչ ունենք, ունենք ավարտված պատերազմ՝ շուրջ արդեն 8-9 ամիս, և մենք տեսանք, որ որևէ քայլ չի ձեռնարկվել մեր Զինված ուժերի մարտունակությունը վերականգնելու ուղղությամբ։ Մենք ունենք չպաշտպանված սահմանագիծ, ունենք չկահավորված սահմանագիծ, մամուլում տարածվեցին բազմաթիվ լուսանկարներ և տեսանյութեր, թե ինչ պայմաններում են մեր զինվորերն իրենց ծառայությունն անցկացնում նոր, այսպես կոչված առաջնագծում, որը ձևավորվեց վերջին պատերազմից և այդ խայտառակ կապիտուլյացիոն բնույթի փաստաթղթի սոտրագրումից հետո, և որևէ քայլ մեր իշխանությունները չեն արել, չեն անում, ցավոք սրտի, որ այդ առաջնագիծը վերականգնվի, մեր բանակի մարտունակությունը վերականգնվի։ Ես երբեք պատասխանատվությունից չեմ խուսափում, բայց կարող ենք փաստել մեկ բան`իմ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն աշխատած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության անվտանգային համակարգը գործել է շատ լավ։ Մենք չենք ունեցել որևէ հարձակում, չենք ունեցել որևէ խնդիր և չենք ունեցել որևէ անվտանգային սպառնալիք, որին չենք կարողացել համարժեք պատասխան տալ։

«Ազատություն»․ - Հրաժարական տալը և հեռանալը չէիք կարծում, որ կարող էր վնասել Հայաստանի անվտանգությունը, ինչո՞ւ գնացիք, մնայիք և պայքարեիք անվտանգության համար, ասեիք, որ «սխալ եք անում», պնդեիք Ձեր տեսակետը և հասնեիք այն բանի, որ իրենք անեին այն, ինչ Դուք եք իրենց խորհուրդ տալիս։

Արթուր Վանեցյան․ - Հավատացեք, որ շատ երկար եմ պայքարել դրա համար, հավատացեք, որ բազմաթիվ զրույցներ եմ ունեցել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ անվտանգության խորհրդի մյուս անդամների հետ, բայց, ցավոք սրտի, այդ խորհուրդները, այդ խոսակցությունները չէին ազդում քաղաքական ղեկավարության վրա, և ես չէի կարող մնալ մի թիմում, որը երկիրը բերելու էր այն վիճակի, որը մենք ունենք այսօր, և որևէ մեկը թող չասի, որ չենք զգուշացրել այս արհավիրքի մասին։ Ես իմ տված գրեթե մի քանի հրապարակային հարցազրույցներում, վերջինը եղել է 2020 թվականի հունվարին, գրեթե ճշգրիտ ասել եմ, թե ինչ է սպասվում Հայաստանին և Արցախին։

Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել ստորև

XS
SM
MD
LG