Մատչելիության հղումներ

Նոր կառավարությունում արտգործնախարարի աթոռը դեռ թափուր է


Հայաստանի արտգործնախարարության շենքը Երևանում, արխիվ

Տասներկու նախարարից բաղկացած Հայաստանի նոր կառավարությունում դեռևս շարունակում է թափուր մնալ միայն արտգործնախարարի աթոռը: Նախագահականից այսօր «Ազատությանը» տեղեկացրին, որ արտգործնախարարի պաշտոնի համար վաչապետից դեռևս որևէ առաջարկություն չեն ստացել։ Կառավարությունից էլ հորդորում են սպասել պաշտոնական հայտարարությանը։

Մինչ այս պահը պարզ չէ, թե ինչու է ուշանում անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի նշանակումը։ Արտաքին գերատեսչությունը ավելի քան երկու ամիս է ղեկավար չունի։

Ըստ ընթացակարգի՝ կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կա՛մ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կա՛մ դիմում է Սահմանադրական դատարան: Բարձր դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում:

Օրենքը, սակայն, տարբեր կերպ է մեկնաբանվում։ Ազգային ժողովի նախագահի տեղակալ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է. - «Արտգործնախարարությունը ունի նախարարի պարտականությունները կատարող, և դա պարոն Գրիգորյանն է: Ըստ Սահմանադրության՝ կառավարությունը ձևավորված է համարվում, եթե նախարարների 2/3-ը նշանակված են, և դա հենց այն դեպքն է, որը հիմա է, այսինքն՝ կառավարությունը ձևավորված է: Իսկ արտգործնախարարը մոտ ժամանակներս կնշանակվի: Երբ որ նշանակվի, հանրությունը կտեղեկանա»:

Վարչապետ Փաշինյանը ևս, նախօրեին բացելով նոր կառավարության առաջին նիստը, հայտարարեց, որ գործադիրն արդեն ըստ էության ձևավորված է. - «Կառավարությունը ըստ էության ձևավորված է, չի նշանակված միայն արտաքին գործերի նախարարը»:

«Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանը նշում է նաև՝ իրավականից զատ այստեղ քաղաքական հարց էլ կա. պատճառը պետք է հստակեցվի, թե ինչն է խնդիրը, որ այս բարձր պաշտոնում նշանակում մինչ օրս չի եղել։

«Եթե վարչապետը դեռևս չի առաջարկել երկրի նախագահին արտաքին գործերի նախարարի թեկնածություն, ես կարծում եմ՝ կա՛մ չունի այդպիսի թեկնածություն դեռևս, վերջնական որոշում առկա չէ, կա՛մ երևի թե իրենք մեկնաբանում են ընդհանուր առմամբ այդ տասնհինգօրյա ժամկետի մեջ, որը, ես կարծում եմ, ամեն դեպքում կլինի Սահմանադրության 150-րդ հոդվածի, որը հատուկ նորմ է կառավարության կազմավորման վերաբերյալ, դրա խախտումը։ Եթե այդ ժամկետը խախտվի այն չափով, որ հանրապետության նախագահը, օրինակ, որոշում կայացնի տասնչորսերորդ օրը՝ օբյեկտիվ հանգամանքից, որ երկրի վարչապետը, օրինակ, տասնչորսերորդ օրն է ներկայացնում թեկնածություն, և ինքը ինչ-որ խնդիր է տեսնում Սահմանադրական դատարան դիմելու, բնականաբար՝ արդեն հստակ տասնհինգօրյա ժամկետը կարող խախտվել: Այնպես որ, այստեղ տարակարծությունների խնդիր չկա», - «Ազատության» հետ զրույցում նշեց Մարտիրոսյանը:

Հուլիսի 14-ին Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը արտգործնախարարի առաջին տեղակալի պաշտոնում նշանակվեց: Սա հետընտրական առաջին քաղաքական նշանակումն էր։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրում» չէին բացառում, որ հենց Գրիգորյանն էլ կդառնա գերատեսչության ղեկավար։

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ 37-ամյա Գրիգորյանը դիվանագիտական փորձ չունի։ Ավարտել է Երևանի Պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, ապա՝ Ամերիկյան համալսարանը։ Մինչև հեղափոխությունը Գրիգորյանը «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կազմակերպությունում ընտրական ծրագրեր էր համակարգել, իսկ 2018-ին նշանակվել էր Անվտանգության խորհրդի քարտուղար։

Հայաստանում արտգործնախարար մայիսի 31-ից չկա։ Նախկին արտգործնախարար Արա Այվազյանը հայտարարել էր, թե գնում է, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ Արտգործնախարարությունը կարող է համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք պետականության, ազգային ու պետական շահի դեմ են եղել։ Այվազյանի հրաժարականին հետևեցին նրա տեղակալների հրաժարականները։

Վարչապետի նշանակումից վեց օր անց դեռևս չի նշանակվել արտգործնախարար, ինչո՞ւ է ուշանում այս կարևոր նշանակումը։

Ռուբեն Ռուբինյանը վստահեցրեց. - «Որևէ կոնկրետ պատճառ չկա, ինչպես արդեն ասացի՝ Սահմանադրությունը թույլ է տալիս ոչ բոլոր նախարարներին նշանակել առաջին օրերին, և նշանակումը տեղի կունենա»։

Վարչապետն առաջնահերթություն է համարում տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը

Այս օրերին Նիկոլ Փաշինյանը նախարարություններում ներկայացնում է նորանշանակ նախարարներին։ Երեկ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահագն Խաչատուրյանին, ով փոխարինում է չորս ամիս նախարարի աթոռն զբաղեցրած Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին։ Վարչապետը նորանշանակ նախարարին ներկայացնելիս հայտարարել է, որ առաջնահերթություն են համարում տարածաշրջանի կոմունիկացիոն ուղիների բացման օրակարգը։

«Պիտի բոլոր քայլերը ձեռնարկենք հետևողականորեն, որպեսզի Հայաստանի ապաշրջափակումը հաղթահարենք և կարողանանք, իսկապես, արդյունաբերությունը սպասարկելու համար անհրաժեշտ կոմունիկացիաներ ունենալ: Խոսքը երկաթուղու մասին է, որը Հայաստանին կկապի արտաքին աշխարհին բոլոր ուղություններով», - մասնավորապես ասել է Փաշինյանը՝ շարունակելով. - «Իհարկե, հասկանալի է, որ սա ոչ միայն նախարարության՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության օրակարգն է, դա մեր ամբողջ կառավարության և մեր պետական համակարգի օրակարգն է»:

Վահագն Խաչատուրյանը նախկին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսից էր, նախկինում զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը, եղել է նաև պատգամավոր։ Ստանձնելով ԲՏԱ նախարարի պաշտոնը՝ Խաչատուրյանն ասել է, որ իրենք պարտավոր են կյանքի կոչել կառավարության ծրագրերն ու արդարացնել այն սպասելիքները, որ քաղաքացիները ունեն կառավարությունից։

«Ես փնտրում էի, թե Հայաստանի Հանրապետությունը ինչով կարող է աշխարհում հանդես գալ: Ի վերջո, հենց ինդուստրիալիզացիան կամ արդյունաբերացումը, այդպես ձևակերպեմ, այն ուղղությունն է, որով մենք կարող ենք աշխարհին ներկայանալ նորովի։ Եվ ոչ թե հույս եմ հայտնում, այլ ուղղակի պարտավոր ենք, և համոզված եմ, որ մենք պետք է հաջողություն ունենանք», - հայտարարել է նորանշանակ նախարարը:

XS
SM
MD
LG