Մատչելիության հղումներ

Այվազյանը խոսում է իր հրաժարականի պատճառներից. կառավարությունից պարզաբանում են պահանջում


Արտգործնախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն իր հրաժարականի դիմումից 4 օր անց ազատվեց պաշտոնից։ Վարչապետի առաջարկությունը ստանալուց հետո նախագահն այսօր ստորագրել է հրամանագիրը։

Հրաժարականի պատճառների մասին Այվազյանը խոսել է միայն այսօր նախարարության աշխատակազմի հետ հրաժեշտի հանդիպման ժամանակ: Նա հայտարարել է՝ ԱԳՆ-ն պետք է անշեղորեն պաշտպանի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը, պետական ու ազգային շահերը, և իր հրաժարականն, ըստ էության, կապել է դրա հետ։

«Իմ հրաժարականի որոշումը պայմանավորված էր հենց այդ պատճառով, որպեսզի երբևիցե որևէ կասկած չլինի, որ այս նախարարությունը կարող է ինչ-որ քայլ անել կամ համաձայնություն տալ ինչ-որ գաղափարների, նախաձեռնությունների, որոնք մեր պետականության, մեր ազգային և պետական շահերի դեմ են եղել։ Դիվանագետն ընկալվում է որպես հարմարվող, համակերպվող, սուր անկյունները խուսափող անձ», - ասել է նա:

Թե ինչ նախաձեռնությունների մասին է խոսում Այվազյանը, Արտաքին գործերի նախարարությունից հրաժարվեցին մեկնաբանել։

Պետական և ազգային շահը պարտադրում է, որ Այվազյանը հրապարակային պարզաբանի այդ ո՞վ, ե՞րբ, որտե՞ղ և ինչպե՞ս էր պատրաստվում ինչ-որ քայլ անել կամ որոշում կայացնել, որ հակասում է երկրի պետական և ազգային շահին, արձագանքում են կառավարությունից: Գործադիրից միևնույն ժամանակ շնորհակալություն են հայտնել Այվազյանին կատարած աշխատանքի համար։

Ըստ Մակունցի` Այվազյանը չի առարկել Փաշինյանի առաջարկին

Արա Այվազյանը հրաժարական էր ներկայացրել անցած շաբաթ՝ մայիսի 27-ին՝ Անվտանգության խորհրդի նիստից ժամեր անց։ Նույն նիստի ընթացքում Փաշինյանը հանդես էր եկել սահմանային իրավիճակի հանգուցալուծմանն ուղղված առաջարկով. «Արտաքին գործերի նախարարի այս թեմայով արդեն խոսել ենք, և հույս ունեմ, որ մենք արագ արդեն հնարավորություն կունենանք անցնել առաջարկի իրագործմանը»:

Վարչապետի պաշտոնակատարն առաջարկում է սահմանային հատվածներից դուրս բերել զինված ուժերի ստորաբաժանումները, փոխարենը` սահմանագծի երկայնքով տեղակայել Ռուսաստանը կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը ներկայացնող միջազգային դիտորդներ։

Արդյոք հենց այդ առաջարկն էր պատճառը, որ Այվազյանը հրաժարական տվեց, այդ վարկածն իշխող ուժից «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հերքեց։ Պնդեց` արտաքին գործերի նախարարի պաշտոնակատարն առարկություն չի հնչեցրել սահմանի երկայնքով միջազգային դիտորդներ տեղակայելու մասին վարչապետի պաշտոնակատարի առաջարկության վերաբերյալ։

«Անվտանգության խորհրդի նիստից առաջ վարչապետը տեղեկացրել էր հայտարարության բովանդակության մասին արտաքին գործերի նախարարին, որի հետ կապված նախարարի կողմից առնվազն առարկություն չի հնչել»:

Մակունցն, այնուհանդերձ, հայտարարեց, որ չգիտի, թե ինչն է եղել արտգործնախարարի պաշտոնակատարի հրաժարականի պատճառը:

Այվազյանի հրաժարականի մասին մամուլը դեռ 10 օր առաջ էր գրում, երբ հայտնի դարձավ, որ Հայաստանը պատրաստվում է Արդբեջանի հետ ստորագրել հերթական փաստաթուղթը՝ այս անգամ էլ սահմանազատմանն ու սահմանագծմանն առնչվող։

Այսօր հայտնի դարձավ, որ մայիսի 27-ին հրաժարական էր ներկայացրել նաև արտաքին գործերի 4 փոխարտգործնախարարներից Գագիկ Ղալաչյանը։ Թե ո՞վ կկատարի նախարարի պաշտոնակատարի պարտականությունները, առայժմ հայտնի չէ։ Դիվանագիտական ծառայության մասին օրենքը միայն սահմանում է, որ արտգործնախարարի բացակայության պայմաններում նրան փոխարինում է փոխարտգործնախարարը։

Մարուքյան. Պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում

Օրենսդիրից ընդդիմադիր «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով`նման իրավիճակներում օրենսդրությունն արգելում է նոր նախարար նշանակել. «Կոչն ու ուղերձը մեր պաշտոնատար անձանց այն է, որ պետք է գիտակցել, որ Հայաստանը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում, ժամանակավոր պաշտոնակատարների կառավարությունը և սահմանադրաիրավական կարգավորումները թույլ չեն տալիս որևէ հրաժարական տված նախարարի փոխարեն նշանակել նոր նախարար, և նախարարի հրաժարականը և ցանկացած այլ նախարարների հրաժարականներ այս իրավիճակում մեր երկիրը կարող է դնել շատ բարդ վիճակում: Դժվար չէ, կարծում եմ, մեր պետական շահերը ներկայացնել ևս երեք շաբաթ, և ընտրություններից հետո, բնականաբար, այդ փոփոխությունները տեղի կունենան»:

52-ամյա Այվազյանը արտգործնախարար էր նշանակվել պատերազմից հետո՝ նոյեմբերի 18-ին: Դրանից առաջ նա Հայաստանի դեսպանն էր Մեքսիկայում ու մի քանի եվրոպական երկրներում։ Այսօր հրաժարական ներկայացրեց նաև արտգործնախարարի մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը։

XS
SM
MD
LG