Մատչելիության հղումներ

Նախարարական 12 աթոռներից 11-ն արդեն զբաղված են, թափուր է մնում արտգործնախարարի աթոռը


Կառավարական կաբինետն ամբողջանում է. նախարարական 12 աթոռներից 11-ն արդեն զբաղված են՝ կան վերանշանակումներ ու կան նոր նշանակումներ:

Քիչ առաջ հրապարակվեց նախագահի հրամանագիրը. վարչապետի առաջարկով Վահագն Խաչատուրյանն այսօրվանից բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարն է, նա կփոխարինի 4 ամիս նախարարի աթոռն զբաղեցրած Տավուշի նախկին մարզպետ Հայկ Չոբանյանին։ Վահագն Խաչատուրյանը Հայ ազգային կոնգրեսից էր, Երևանի նախկին քաղաքապետ, նախկին պատգամավոր:

Արդարադատության նախկին նախարար Ռուստամ Բադասյանն այժմ Պետեկամուտների կոմիտեի նախագահն է: Նրան հին պաշտոնում փոխարինում է Կարեն Անդրեասյանը՝ 44-ամյա իրավաբան, որ նաև 5 տարի Հայաստանի օմբուդսմենն է եղել։

«Ուզում եմ խոստանալ, որ մեր թիմի հետ միասին այս երիտասարդ ու շատ կարող թիմի հետ միասին մենք կկարողանանք ի վերջո արդարությունը բերել բոլորին ամբողջ երկրում», - ասաց Անդրեասյանը:

«Ի վերջո արդարության և արդարադատության ներկայության զգացումը ամենակարևորն է, ամենակարևոր խնդիրներից է, որ մեր ժողովուրդը մեզ առաջադրել է դեռևս 2018 թվականի հեղափոխության ժամանակ», - նշեց Փաշինյանը:

Թափուր է մնում արտգործնախարարի աթոռը: Երբ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը շաբաթներ առաջ նշանակվեց արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի պաշտոնում, մամուլը գրեց թե Գրիգորյանը ապագա նախարարն է: Նշանակում առայժմ չկա:

Պաշտպանության նոր նախարարը Արշակ Կարապետյանն է. նա 2018-ից վարչապետ Փաշինյանի խորհրդականն էր, ապա Գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը, հուլիսի վերջից պաշտպանության փոխնախարարն էր: «Բոլորս մեծ պատասխանատվության տակ ենք», - պաշտպանության նոր նախարարին ներկայացնելիս շեշտեց վարչապետ Փաշինյանը:

«Ճակատագիրը հենց մեր վրա է դրել, այս օրակարգը մեր առաջ է դրել, և մենք պետք է պատվով դուրս գանք այս մարտահրավերների տակից», - ասաց վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հետ հանդիպմանը մեկ անգամ էլ ընդգծեց՝ կոմունիկացիաների բացումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից է, իսկ Ադրբեջանը խոսում է միջանցքի մասին, որ անընդունելի է:

«Բոլորը պետք է իմանան, որ Հայաստանի Հանրապետության տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել, և Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև բոլոր դեպքերում, երբ որ այդպիսի նախադասություններ հնչել են, մենք հստակ մեր դիրքորոշումները արտահայտել ենք», - ընդգծեց Փաշինյանը:

«Այն, ինչ պայմանավորվել ենք, հունվարի 11 -ի հայտարարության մեջ է», - ասաց վարչապետը: Այդտեղ արձանագրված է՝ Հայաստանը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ: Այդ ամենը մաքսային, սահմանապահ, սանիտարական հսկողությամբ:

«Ինչպես են այսօր հատում, օրինակ Վրաստանի կամ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները, այսինքն այդ նույն կանոններով, իհարկե, մենք այդ օրակարգն ընդունել ենք», - նշեց Փաշինյանը:

Փաշինյանն անդրադարձավ նաև սահմանազատման խնդրին, շեշտեց՝ Հայաստանի համար անընդունելի է ադրբեջանական զորքերի ներկայությունը մեր տարածքում և այդ պայմաններում սահմանազատման ու սահմանագծման գործընթաց իրականացնելը: Վարչապետը հիշեցրեց՝ վերջին ընտրություններում քաղաքացիներից խաղաղ զարգացման դարաշրջան բացելու մանդատ են ստացել, ցավոք, ասաց, դա միայն Հայաստանից չի կախված:

«Կախված է նրանից, թե մեր և միջազգային հանրության ջանքերով ինչքանով մենք կկարողանանք տարածաշրջանի խաղաղությանը սպառնալիք հանդիսացող երկրներին բերել կառուցողական դաշտ, բայց մյուս կողմից մենք պետք է ընդունենք նաև այդ օրակարգը, որ մենք էլ մեր հերթին պետք է լինենք մաքսիմալ կառուցողական», - ասաց Նիկոլ Փաշինյանը:

Պաշտպանության նորանշանակ նախարարը հավատացրեց՝ հասկանում են, թե ինչ պայմաններում են ստանձնում այս պաշտոնները և դրանց որպես պաշտոնների չեն վերաբերվում. «Մենք սա համարում ենք որպես պարտականություն, հայ տղամարդու, հայ սպայի պարտականություն՝ իր երկիրը պաշտպանելու համար»:

«Աստված մեզ ուժ ու կամք տա, որպեսզի մենք մեր ժողովրդի, մեր պետական, ազգային նպատակները իրականացնենք», - եզրափակեց վարչապետը:​

XS
SM
MD
LG