Մատչելիության հղումներ

Նոր կառավարությունը սկսեց իր աշխատանքը 


Բացելով խորհրդարանական արտահերթ ընտրություններից հետո ձևավորված նոր կառավարության առաջին նիստը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարեց, թե առաջիկա օրերին զբաղվելու են կառավարության ծրագրի և դրա իրականացման գործողությունների ցանկի հաստատմամբ։

Տասնհինգ անդամ՝ վարչապետից, երկու փոխվարչապետերից և տասներկու նախարարից բաղկացած Հայաստանի նոր կառավարությունում թափուր է միայն արտգործնախարարի աթոռը։ Դեռ հուլիսի 14-ին արտգործնախարարի առաջին տեղակալ նշանակված Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գրիգորյանը, ըստ մամուլի, նախարարի ամենից հավանական թեկնածուն է, թեև տակավին պարզ չէ՝ ինչո՞ւ է ուշանում անվտանգության ոլորտում բազմաթիվ խնդիրներ ունեցող Հայաստանի արտաքին գործերի նախարարի նշանակումը։

Պակաս ուշագրավ չէ այն փաստը, որ նոր կառավարության մեծամասնությունը՝ ինը հոգին, արտահերթ ընտրություններում հաղթանակ տարած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չեն։ Դարձյալ՝ ինչո՞ւ է վարչապետ Փաշինյանը որոշել կառավարության մեծամասնությունը վստահել ոչ ՔՊ-ական կադրերի, պարզ չէ։

«Մեր ծրագիրը, բնականաբար, պետք է հենված լինի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրի, մինչև 2050 թվականը Հայաստանի վերափոխման ռազմավարության վրա, ինչպես նաև նախընտրական քարոզարշավի ընթացքում ժողովրդի հետ երկխոսության ընթացքում ձևավորված նախընտրական խոստումների վրա», - ասաց Փաշինյանը:

Վարչապետը ընդգծեց՝ կառավարության ծրագրի համար հիմք է հանդիսանալու ոչ միայն «Քաղաքացիական պայմանագրի» նախընտրական ծրագիրը, այլև այն ըմբռնումը, որ ձևավորվել է նախընտրական քարոզարշավի ընթացքում Հայաստանի քաղաքացիների հետ երկխոսության արդյունքում։

«Այս առումով մեզ կարևոր աշխատանք է սպասվում, իհարկե, առաջիկայում պիտի կենտրոնանանք այդ խնդրի լուծման վրա ու և՛ ֆորմալ, և՛ ոչ ֆորմալ պայմաններում պիտի մի քանի քննարկումներ ունենանք, որպեսզի մինչև օգոստոսի 23-ը ժամանակ ունենք այն ներկայացնելու Ազգային ժողով, և առաջիկայում սա մեզ համար պիտի լինի առաջնահերթություն», - ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, 6-ը օգոստոսի, 2021թ.
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Վահագն Խաչատուրյանը, 6-ը օգոստոսի, 2021թ.

Կառավարության նոր անդամներից է՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար, 1992-1996թթ. Երևանի քաղաքապետ, ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի նախկին անդամ Վահագն Խաչատուրյանը։

«Ուղղակի ընդունեք, որ ամենակարևոր նախարարությունն է եղել միշտ էլ, կարող է շատերը չեն գիտակցել, բայց կառավարության բարեփոխումների ամբողջ տրամաբանության մեջ այս նախարարության դերը շատ մեծ է: Ես ի նկատի ունեմ, նոր վարչապետն էլ ներկայացման ժամանակ խոսեց, Հայաստանի ինդուստրալիզացման կամ արդյունաբերացման խնդիրը, որ դրված է կառավարության ծրագրերում, ըստ էության, նախարարության հիմնական գործունեությունը ուղղված է լինելու դրան», - ասաց Խաչատուրյանը:

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, 6-ը օգոստոսի, 2021թ.
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը, 6-ը օգոստոսի, 2021թ.

Նիկոլ Փաշինյանի նոր կառավարությունում Արդարադատության նախարարությունը գլխավորելու է 2011-2016թթ. մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը, ով կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց. «Ե՛վ վեթինգի, և՛ քրեակատարողական հիմնարկներում մեծ բարեփոխումների արդեն որոշակի քայլեր են արված»։

«Նախատեսում եմ հանդիպումներ Բարձրագույն դատական խորհրդի, Դատախազության, Քննչական կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, որովհետև այս բոլոր մարմինների հետ համատեղ է միայն հնարավոր իրականացնել այն դատաիրավական բարեփոխումները, որոնց մեր հասարակությունը այդպես սպասում է: Նաև ուզում եմ հատուկ կարևորել, որ ես նախատեսում եմ իմ բոլոր որոշումները, հատկապես ինստիտուցիոնալ վերափոխումների, բարեփոխումներ անցկացնել մեր հասարակական կազմակերպությունների գործընկերների հետ ինտենսիվ քննարկումների և կոնսենսուսի միջոցով: Այսինքն՝ հուսով եմ իմ քննարկումները շուտով կտան ձեր պատասխանները՝ ինչպե՞ս է լինելու այդ զտումը, բայց որ կոռումպացված, կաշառակեր, անարդար դատավորները և համակարգի այլ մարդիկ պետք է զտվեն և դուրս մղվեն համակարգից, դա ինձ համար միանշանակ է, միանշանակն է նաև մեր կառավարության համար», - ընդգծեց Անդրեասյանը:

XS
SM
MD
LG