Մատչելիության հղումներ

ԱԺ առաջին նիստն անցնում է լարված մթնոլորտում․ «Հայաստան»-ը պահանջում է ապահովել դաշինքի կալանավորված երկու անդամի ներկայությունը


Մեկնարկեցին 8-րդ գումարման Ազգային ժողովի աշխատանքները։

Մինչև խորհրդարանի ղեկավարության ընտրությունը նիստը վարում է ամենատարեց պատգամավոր Կնյազ Հասանովը։

«Հայաստան» դաշինքը պահանջեց ապահովել նիստին Մեղրիի և Սիսիանի նախկին համայնքապետեր Մխիթար Զաքարյանի և Արթուր Սարգսյանի մասնակցությունը, որոնք կալանավորված են քրեական գործերով, սակայն պատգամավոր են ընտրվել Դաշինքի ցուցակով:

«Այո՛, պատգամավորն ունի անձեռնմխելիության իրավունք, որը պետք է հաղթահարվի, բայց տվյալ պարագայում մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ արարքները, որոնք վերագրվում են պատգամավորական մանդատ ստացած անձանց, տեղի է ունեցել մինչև մանդատ ստանալը և նրանց անձեռնմխելիությունը հաղթահարվել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումներով։ Ազգային ժողովը որևէ ձևով չի կարող ազդել արդարադատության համակարգի որոշման վրա», - արձագանքեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն՝ առաջարկելով՝ հնարավորություն ընձեռել նախագահողին ձևավորել ԱԺ մարմիններ՝ հետո անցնել այդ թվում առօրյա գործունեության հարցերին։

«Հայաստան» դաշինքի պատգամավոր Արամ Վարդևանյանը հակադարձեց․ - «Մեր գործընկերները՝ պարոն Զաքարյանը և պարոն Սարգսյանը ոչ թե բացակայում են, այլ պատանդի կարգավիճակում են։ Այդ մարդիկ ուզում են գալ նիստին ներկա գտնվել, ոնց որ դուք եք ներկա, բայց իրենց թույլ չեն տալիս, իրենց թույլ չեն տալիս բոլորիս առջև դրված այս Սահմանադրությունը ոչ թե խախտելով, այլ՝ տրորելով։ Եթե ինչ-որ մեկը կա, որ կարա ասի, որ պատգամավորին առանց Ազգային ժողովի համաձայնության կարան կալանավորեն, թող իրավաբանությունից չխոսա»։

«Հայաստան» դաշինքի պահանջին միացավ նաև ընդդիմադիր մյուս՝ «Պատիվ ունեմ» դաշինքը։ «Հայաստան»-ը 20 րոպե ընդմիջում պահանջեց, որը բավարարվեց։

«Հայաստան» դաշինքի պատգամավորներն Ազգային ժողով են եկել «քաղբանտարկյալ» գրությամբ սպիտակ շապիկներով։

«Ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա»

Ազգային ժողովի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը սկսվեց տերունական աղոթքով, որը հնչեցրեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին երկրորդը։

Կաթողիկոսը նախ շնորհավորեց պատգամավորնեին, ապա շեշտեց՝ այսօր Հայաստանն ու Արցախը դիմակայում են արտաքին և ներքին լուրջ մարտահրավերների՝ հանդիման Ադրբեջանի կողմից ծավալվող ագրեսիայի ու ծավալապաշտական նկրտումների, իսկ հայրենական կյանքում ծառացած հիմնախնդիրները հաղթահարելու համար հրամայական է պետական քաղաքական գործիչների և ողջ հասարակության համախմբումը, քաղաքացիական պատասխանատվության բարձր գիտակցությունը, համընդհանուր զգաստությունն ու բարեխղճությունը։

«Բոլորիս փափագն ու ձգտումն է մեր հայրենիքի անվտանգությունն ու առաջընթացը, խաղաղ և բարեկեցիկ կյանքի կերտումը, որը մեծապես պայմանավորված է նաև օրենսդիր մարմնի և ձևավորվելիք կառավարության գործունեությամբ», - ասաց կաթողիկոսը՝ շարունակելով․ - «Ամենքս պետք է քաջ գիտակցենք, որ ազգային, հասարակական համերաշխությանն այլընտրանք չկա: Այս խորհրդարանից, կառավարման համակարգից պետք է սերմանվեն սերը, փոխհասկացողությունը, բարի կամեցողությունը: Խորհրդարանի գործունեության ընթացքում հնչող քննադատությունը թող լինեն միայն կառուցելու, սխալները շտկելու նպատակով»:

«Դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի»

Ապա նախագահ Արմեն Սարգսյանն առաջին նիստի առիթով շնորհավորեց խորհրդարան անցած պատգամավորներին, մաղթեց հաջողություն և արդյունավետ աշխատանք։

«Ձեզ հնարավորություն է ընձեռվել նախ մշակել, ապա իրականացնել ապագային միտված իրական, ռազմավարական ծրագրեր: Հայաստանի Հանրապետության քաղաքացիներն ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները և կդրսևորվի կամք՝ Հայաստանն ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա: Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ: Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն, ապագան մենք ենք՝ որպես մեկ ամբողջություն», - ասաց նախագահը։

Պետք է ամեն ինչ անել՝ պաշտպանելու և պահպանելու Հայաստանի պետականությունը, հայտարարեց Արմեն Սարգսյանը՝ շեշտելով՝ արդյունավետ կառավարման էությունը նախ ազնիվ և պատասխանատու լինելն է:

«Նախևառաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու։ Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի: Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերությունները և սխալները և պատասխան տանք դրանց համար: Յուրաքանչյուրս պետք է պատասխանատու զգա իրեն՝ մեր երկրի, մեր պետականության ապագայի համար: Միայն ազնիվ և արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը, հաղթահարել հիասթափությունը, լավատեսություն սերմանել, վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև», - ասաց նախագահը:

Արմեն Սարգսյանն ընդգծեց՝ եկել է ժամանակը ունենալու պետություն, որն ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթներն, այդ թվում՝ սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը, ինքնիշխանության և տարածքային ամբողջության պաշտպանությունը, Արցախի հիմնահարցի արդար լուծումը, տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը, արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը, քաղաքացիական համերաշխության ապահովումը։

«Նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետություն, որն իր վրա կվեցնի ազգը դեպի ապագա առաջներդելու պատասխանատվությունը», - եզրափակեց նախագահը։

Այնուհետև տեղի ունեցավ պատգամավորների երդմնակալության արարողությունը։

XS
SM
MD
LG