Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի պաշտոնյաները, Մինսկի խմբի համանախագահներն արձագանքել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը


ԵԱՀԿ գործող նախագահը, Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարություններով, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն է հեռախոսազրույցներ ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ:

Ռուսաստանը Մինսկի խմբում փոխել է իր համանախագահին: Չնայած դժվար է ճշգրիտ ասել, թե երբ է փոխվել ռուսաստանցի համանախագահը, որևէ ժամկետ ռուսական կողմը չի նշում:

2010 թվականից Մինսկի խմբում ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովին փոխարինել է Իգոր Խովաևը: 59-ամյա Խովաևը վերջին 5 տարիներին Ռուսաստանի դեսպանն էր Ֆիլիպիններում: Նա առաջին դասի հանձնակատարի դիվանագիտական աստիճան ունի: Մինսկի խմբի համանախագահի պաշտոնում նախօրեին Խովաևն առաջին անգամ մյուս համանախագահներ Ստեֆան Վիսկոնտինի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) հետ հանդես եկան հայտարարությամբ:

Համանախագահները կոչ են արել Հայաստանին և Ադրբեջանին անհապաղ հանդարտեցնել իրավիճակը, ձեռնպահ մնալ սադրիչ հռետորաբանությունից և գործողություններից, ամբողջությամբ կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության և հրադադարի համաձայնեցման այլ պայմանավորվածությունները:

Համանախագահները վերահաստատել են հակամարտության բոլոր հիմնական հարցերը բանակցված, համապարփակ և կայուն կարգավորմամբ լուծելու անհրաժեշտությունը և կողմերին կոչ են անում հնարավորինս շուտ վերադառնալ բանակցություններին իրենց հովանու ներքո:

«Նրանք կրկնում են իրենց հովանու ներքո ուղիղ երկկողմ խորհրդակցություններ կազմակերպելու առաջարկը, որպեսզի կողմերը վերանայեն և համատեղ համաձայնեցնեն կառուցվածքային օրակարգը` արտացոլելով իրենց առաջնահերթությունները` առանց նախապայմանների», - նշված է հայտարարության մեջ:

ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն ԼԻնդեն ևս հանդես է եկել հայտարարությամբ: Թվիթերում նա գրել է. «Հայ - ադրբեջանական սահմանին բազմաթիվ միջադեպերի մասին հաղորդումները լուրջ մտահոգություն են հարուցում: Կողմերին կոչ ենք զարգացնել հումանիտար քայլերը և ամբողջովին իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը, որպեսզի բոլոր չլուծված հարցերը կարգավորվեն խաղաղ ճանապարհով»:

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը նախօրեին հեռախոսազրույցներ է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին քաղաքականության գերատեսչությունների ղեկավարների հետ: Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի` ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտահոգություն է հայտնել երկու պետությունների սահմանին լարվածության վերաբերյալ: Բայրամովն ասել է, թե «ադրբեջանական բանակը պատասխանում է հայկական կողմի ռազմական սադրանքներին», որ Ադրբեջանը պաշտպանում է իր միջազգային սահմանները: Նա նշել է, որ Հայաստանը պետք է վերջ տա նման անպատասխանատու վարքագծին և կատարի իր պարտավորությունները, հավելել է, թե Ադրբեջանը շահագրգռված չէ սահմանի լարվածությամբ և այդ խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու կողմնակից է:

Ավելի վաղ նույն ձևակերպումները Ադրբեջանի արտգործնախարարը ներկայացրել էր Եվրոպայի և Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիկերին վերջինիս հետ կայացած հեռախոսազրույցում: Թե Ռիկերը, թե Տոյվո Կլաարը հեռախոսազրույցներ են ունեցել նաև Հայաստանի արտգործնախարարի պարտականությունները կատարող Արմեն Գրիգորյանի հետ: Ներկայացնելով ստեղծված իրավիճակը` Արմեն Գրիգորյանը Կլաարին ասել է. «Սադրիչ ռազմական գործողություններին զուգահեռ Ադրբեջանը առաջ է քաշում Հայաստանի հանդեպ տարածքային և պատմական կեղծ պահանջներ, որոնք միտված են տարածաշրջանային անվտանգության և խաղաղության խաթարմանը»:

Ֆիլիպ Ռիքերի հետ զրույցում ընդգծվել է, որ մայիսի 12-ից սկսած Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներթափանցելու և շարունակական սադրիչ գործողությունների հետևանքով ստեղծվել է լարված իրավիճակ, որը հնարավոր կլինի հաղթահարել ադրբեջանական զինված ուժերի՝ ելման դիրքեր վերադառնելուց հետո:

Զրույցների ընթացքում, ինչպես նշել է Հայաստանի ԱԳՆ-ն, նաև կարևորվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների միջոցով ղարաբաղյան հակամարտության տևական և արդար հանգուցալուծման անհրաժեշտությունը, հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսումը:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG