Մատչելիության հղումներ

Գիշերը կասեցվել են սահմանի Գեղարքունիքի հատվածում ԱԹՍ-ների՝ Հայաստանի օդային տարածք մուտք գործելու փորձեր


Հայաստանի պաշտպանության նախարարության հրապարակած լուսանկարները

Հուլիսի 29-ի ժամը 23-ից սկսած Հայաստանի Զինված ուժերի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում անօդաչու թռչող սարքերի` ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձեր, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը:

Հուլիսի 29-ի երեկոյան և հուլիսի 30-ի ժամը 7-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանի ամբողջ երկարությամբ հարաբերականորեն կայուն է և գտնվում է Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության ներքո, ասված է հաղորդագրությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այս պաշտոնական հաղորդագրությունից դեռ ժամեր առաջ պնդել է, թե «հայկական կողմի տարածած տեղեկատվությունը Բասարկեչարի վրա իբր խոցված երկու անօդաչու թռչող սարքերի մասին կեղծ է»:

Բասարկեչար ադրբեջանցիներն անվանում են Հայաստանի Վարդենիս քաղաքը:

Առաջին հաղորդագրությունից մոտ երեք ժամ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը նոր հաղորդագրություն տարածեց՝ մանրամասներ, լուսանկարներ հրապարակելով խոցված անօդաչու թռչող սարքերի վերաբերյալ:

«Հուլիսի 29-ին, ժամը 23-ից սկսած, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել են ԱԹՍ-ների՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձեր։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում բոլոր փորձերը կասեցվել են։ Մասնավորապես՝ խոցվել է Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել են Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս», - ասված է հաղորդագրությունում:

«ՀՀ Զինված ուժերը լիարժեք կատարում է իր առջև դրված խնդիրները», - շեշտում է Պաշտպանության նախարարությունը:

Հուլիսի լույս 28-ի գիշերը և առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ - ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան՝ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում: Հայկական կողմը հաղորդում է դրանց հետևանքով 3 զոհի և 4 վիրավորի, ադրբեջանական կողմը՝ 2 վիրավորի մասին:

Ռուսաստանի խաղաղապահ զորքերի հրամանատարության միջնորդությամբ ձեռք է բերվել պայմանավորվածություն հյուսիս-արևելյան ուղղությամբ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում հրադադարի ռեժիմը վերականգնելու վերաբերյալ։ Հուլիսի 28-ի ժամը10։40-ից հաստատվել է հրադադար։

Այդուհանդերձ, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է հուլիսի լույս 29-ի գիշերը և առավոտյան ադրբեջանական կողմից հրադադարի խախտումների մասին, որոնց հետևանքով վիրավորվել է հայ զինծառայող։

Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունը պնդում է, թե կրակի դադարեցման պայմանավորվածությունն իրենք պահպանում են, հայկական կողմն է կրակ բացել Քարվաճառի սահմանին։

XS
SM
MD
LG