Մատչելիության հղումներ

Մարտական գործողություններ Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում. կողմերը կորուստներ ունեն


Հայաստանի Զինված ուժերի դիրքերը սահմանի Գեղարքունիքի հատվածում, արխիվ

Գիշերը և այսօր առավոտյան մարտական գործողություններ են ծավալվել հայ-ադրբեջանական սահմանի Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում, հայկական կողմից զոհվել է երեք, վիրավորվել՝ երկու զինծառայող, ադրբեջանական կողմն առայժմ հաղորդել է իր երկու վիրավորի մասին:

Գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում, հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը:

«Ծավալվել են տեղային մարտեր, որոնք, ժամը 7-ի դրությամբ, շարունակվում են։ Նախնական տեղեկություններով, մարտական գործողությունների արդյունքում երկու կողմից էլ կան կորուստներ։ Տվյալները ճշտվում են», - ասված էր սկզբնական հաղորդագրությունում:

«Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - հայտարարում է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:

Ավելի ուշ նախարարությունը հետևյալ հաղորդագրությունը տարածեց. - «Հակառակորդը, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում նախատեսվող բանակցություններից առաջ, նախահարձակ մարտական գործողություններ է սկսել Հայաստանի Հանրապետության սահմանների վրա` Սոթքից մինչև Վերին Շորժա հատվածում։ Ծավալվել են մարտական գործողություններ, ընթանում է ինտենսիվ փոխհրաձգություն»:

«Հակառակորդը փորձում է բարելավել իր հենակետերը` ստեղծելով բարենպաստ պայմաններ առաջխաղացման համար։

ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները կատարում են իրենց առջև դրված մարտական խնդիրները, իրականացնում են յուրային դիրքերի պաշտպանություն՝ թույլ չտալով հակառակորդի առաջխաղացումը։

Ժամը 7։30-ի դրությամբ ունենք երկու վիրավոր, ևս հինգ զինծառայողի վերաբերյալ տվյալները ճշտվում են», - ասված է հաղորդագրությունում:

Մեկ ժամ անց էլ Պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ ժամը 8։30-ի դրությամբ, հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են, մարտական գործողությունները շարունակվում են:

Եվս մեկ ժամ անց Հայաստանի ռազմական գերատեսչությունը հաղորդեց, որ ժամը 9:20-ի դրությամբ, ադրբեջանցիները ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր՝ տալով կորուստներ: Փոխհրաձգությունը շարունակվում է:

Հայտարարությամբ է հանդես եկել Հայաստանի արտգործնախարարությունը՝ շեշտելով, որ իր տարածքային ամբողջականության դեմ ուժի կիրառմանն ի պատասխան Հայաստանի Հանրապետությունը գործի կդնի միջազգային իրավունքով վերապահված ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը:

«Խստորեն դատապարտում ենք տարածաշրջանային խաղաղության և անվտանգության դեմ ուղղված ադրբեջանական կողմի ռազմական գործողությունները։

Իրադրության հետագա սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա», - ասված է հայտարարությունում:

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումներն են կեսգիշերից քիչ անց գնդակոծել ադրբեջանական ուժերի դիրքերը «Քելբաջարի շրջանում», վիրավորվել է ադրբեջանցի երկու զինծառայող: Ըստ պաշտոնական Բաքվի՝ ադրբեջանական ուժերը «համարժեք միջոցներ» են կիրառում:

Ադրբեջանի արտգործնախարարության խոսնակն էլ, իր հերթին, Թվիթերում գրել է, թե «երկու պետությունների պետական սահմանի երկայնքով լարվածության էսկալացիայի համար ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Հայաստանի վրա»:

XS
SM
MD
LG