Մատչելիության հղումներ

«Մեր Զինված ուժերը բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդին», ասում է Գեղարքունիքի մարզպետը


«Գիշերվանից սկսվել են հակառակորդի կողմից գործողություններ, որի արդյունքում ունենք 3 զոհ, 3 վիրավոր, վիրավորների վիճակը նորմալ է կյանքին վտանգ չի սպառնում», - «Ազատության»-ը փոխանցեց Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հայտնելով նաև մեկ անհետ կորածի մասին։

«Նաև մեկ անհետ կորած ունենք, այս պահին դեռ ինֆորմացիա չկա։ Իրավիճակը շարունակում է լարված մնալ Սոթքից դեպի լճեր, Վերին Շորժայի ուղղությամբ՝ այդ ամբողջ հատվածում։ Նոր բնագիծը, որ ունենք պատերազմից հետո, գրեթե ամբողջ նոր բնագծով կրակում են»։

Հարցին, թե ադրբեջանական զորքերի կողմից տեղաշարժ եղե՞լ է, Սանոսյանը պատասխանեց․ - «Փորձեր եղել են, բայց մեր զինված ուժերը, իհարկե, կանխում են այդ փորձերը։ Մեր զինված ուժերը բավական բարձր մակարդակով դիմակայում են հակառակորդի գրոհներին և հարձակումներին»։

Սանոսյանի խոսքով՝ խոշոր տրամաչափի զինատեսակներից կրակ դեռ չի արձակվել, կրակը բնակավայրեր չի հասել։ «Բայց երբեմն անկանոն կրակներ են վարում, որը նաև բնակավայրերի ուղղությամբ է լինում։ Իհարկե անհանգստություն կա, ըստ իրավիճակի քայլերը կհասկանանք, ՊՆ-ի, բանակային կորպուսի հետ աշխատում ենք, կհասկանանք հետագա քայլերը», - ասաց մարզպետը՝ նշելով՝ խուճապ չկա։

Այսօր Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդեց, որ գիշերը ժամը 3:40-ի սահմաններում ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները հերթական անգամ դիմել են սադրանքի և խախտել հրադադարը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում։

Ըստ ՊՆ-ի՝ ժամը 9։20-ի դրությամբ, ադրբեջանական ստորաբաժանումները, տալով կորուստներ, ետ են շպրտվել իրենց ելման դիրքեր։ Փոխհրաձգությունը շարունակվում է:

XS
SM
MD
LG