Մատչելիության հղումներ

Ջո Բայդեն. «Վլադիմիր Պուտինը գիտի, որ լուրջ, շատ լուրջ խնդիրներ ունի»


Նախագահ Ջո Բայդենի ուղերձը Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության համակարգի աշխատակիցներին, ՄքԼին, Վիրջինիա, 27 հուլիսի, 2021թ.
Նախագահ Ջո Բայդենի ուղերձը Միացյալ Նահանգների Ազգային հետախուզության համակարգի աշխատակիցներին, ՄքԼին, Վիրջինիա, 27 հուլիսի, 2021թ.

«Կիբերգործողությունները կարող են հանգեցնել իրական պատերազմի»

Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի կարծիքով, գերտերությունների միջև լայնածավալ իրական պատերազմ կարող է սկսվել ոչ թե ուղիղ ռազմական բախումների, այլ կիբերգործողությունների հետևանքով, և դրա վտանգը հետզհետե ավելի իրական է դառնում:

Այդ մասին Բայդենը խոսել է երեկ ԱՄՆ ազգային հետախուզության տնօրեն Ավրիլ Հայնսի աշխատակազմի ծառայողների հետ հանդիպման ժամանակ:

Որպես կիբերվտանգների վառ օրինակներ Բայդենը հիշատակել է հաքերային հարձակումները մի շարք պետական և մասնավոր ընկերությունների և քաղաքական կառույցների վրա: Նախագահի համոզմամբ, նմանօրինակ գրոհներ կարող են կազմակերպել նախևառաջ Ռուսաստանը և Չինաստանը:

SolarWinds, Colonial Pipeline և Kaseya ընկերությունների, ինչպես նաև դեմոկրատական կուսակցության ազգային կենտրոնի, ընտրական տեղամասերի և մասնավոր ու պետական այլ հիմնարկների կայքէջերն անցած ամիսներին դարձել էին ցանցահենների թիրախը:

Ամերիկյան անվտանգության ծառայությունների համոզմամբ, այդ գրոհների հեղինակները ռուսաստանցիներ են կամ առնվազն տեղակայված են Ռուսաստանում և, ամենայն հավանականությամբ, սերտ կապեր ունեն ռուսական հետախուզության հետ: Մոսկվան մշտապես հերքում է այդօրինակ մեղադրանքները:

Ջո Բայդենն իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 16-ին Ժնևում քննարկել է կիբերտարածքում միջադեպերից խուսափելու կարևորությունը և ընդգծել է, որ Ամերիկան հուժկու հակահարված կտա բոլոր տեսակի կիբերսադրանքներին:

Երեկ հետախուզության կառույցի աշխատակիցների հետ զրույցում Բայդենը մի թեթև հեգնանքով է խոսել Պուտինի հետ այդ հանդիպման մասին:

«Պուտինը գիտի, որ ձեր թիմը նրա թիմից ուժեղ է և ահավոր նեղվում է դրանից»

«Եվ գիտեք, ես շատ հետաքրքիր հանդիպում ունեցա իմ «շատ մտերիմ բարեկամ» Վլադիմիր Պուտինի հետ, գիտեք, ես աշխարհի լիդերների հետ երկար, շատ երկար ժամանակ գործ ունեմ, ինչպեսև դուք, ես էլ կարող եմ կռահել դիմացինի վիճակը, ասեմ, որ Պուտինը գիտի, որ դուք ավելի ուժեղ թիմ եք, քան նրա թիմը, նա գիտի և դրանից ահավոր, ահավոր նեղվում է, չեմ կատակում, բնավ չեմ կատակում»,- ժպտալով ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահի փոխանցմամբ, Պուտինը լուրջ խնդիր ունի և գիտակցում է դրա բարդությունը:

«Նա ղեկավարում է մի երկիր, որն ունի միայն միջուկային զենք և նավթ, ուրիշ ոչինչ, բացարձակ ոչինչ, և նա գիտի այդ մասին, ռուսների տնտեսությունն ընդամենն 8-րդն է աշխարհում, խոշոր է, չէ՞, նա գիտի, որ լուրջ, շատ լուրջ խնդիրներ ունի, և դրանից նա, իմ կարծիքով, ավելի վտանգավոր է դառնում»,- ասել է Բայդենը:

ԱՄՆ նախագահն այդ հանդիպման ընթացքում ասել է, որ ռուսներն արդեն սկսել են ապատեղեկատվություն տարածելով՝ միջամտել 2022 թվականի միջանկյալ ընտրություններին, և դա ԱՄՆ ինքնիշխանությանն ակնհայտ է:

Ի դեպ, Բայդենը Ժնևում Պուտինին է ներկայացրել 16 ենթակառուցվածքների ցանկ՝ էներգետիկայից մինչև ջրի մատակարարում, ասելով, որ դրանցից որևէ մեկի վրա կիբերգրոհը Վաշինգթոնը կդիտարկի որպես հարձակում երկրի վրա և կտա աննախադեպ ծանր պատասխան: Կողմերը Ժնևում պայմանավորվել են համագործակցել կիբերհանցագործությունները կանխելու հարցում:

«Առաջիկա 10 տարում աշխարհն ավելի շատ կփոխվի, քան անցած 50 տարում»

Ջո Բայդենը հետախուզության համակարգի բարձրաստիճան ծառայողների հետ հանդիպման ընթացքում նաև որոշ կանխատեսումներ է արել աշխարհում տեսանելի ապագայում հնարավոր զարգացումների վերաբերյալ:

Նա, մասնավորապես, ասել է, որ առաջիկա տասը տարիների ընթացքում աշխարհն ավելի շատ կփոխվի, քան անցած 50 տարում:

«Աշխարհը տեխնոլոգիայի առումով շատ արագ է փոխվում, դա չափազանցություն չէ, դա փաստ է: Եթե 15 տարի առաջ ես խոսեի հիպերսոնիկ հրթիռների մասին, դուք ինձ խենթի տեղ կդնեիք, շատ բան կփոխվի, և շատ ավելի դժվար կլինի, աշխարհագրական տեսակետից սպառնալիքները կդառնան ավելի տարատեսակ, քան 20 տարի առաջ»,- նշել է Միացյալ Նահանգների ղեկավարը:

XS
SM
MD
LG