Մատչելիության հղումներ

Սերգեյ Ռյաբկով. «Չի կարելի վատնել ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հնարավորությունը»


ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը, արխիվ

Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել է, որ հիմա կա ռուս-ամերիկյան հարաբերությունները բարելավելու հնարավորություն և այն չի կարելի վատնել: Այդ մասին Ռյաբկովն ասել է «Մեժդունարոդնայա ժիզն» պարբերականին տված հարցազրույցում:

«Հիմա բացվել է այդ պատուհանը, շանս կա, և այն, գուցե, ավելի մեծ է, քան կարելի էր ենթադրել ժնևյան հանդիպումից առաջ, և առավել աններելի կլինի այդ հնարավորության վատնումը», - ասել է Ռյաբկովը:

Նրա խոսքով, Ժնևում Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպումից հետո ռուսական կողմն անմիջապես սկսել է աշխատել ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ:

«Մենք ամերիկացիներին շատ արագ փոխանցեցինք մեր առաջարկները ռազմավարական կայունության ոլորտում երկխոսությունը կազմակերպելու վերաբերյալ: Առանց հապաղելու սկսեցինք քննարկել կիբերանվտանգության թեման: Երկկողմ հարաբերությունների ասպարեզում մենք սկսել են քննարկել այսպես կոչված «գրգռիչների» հարցը, դրանք այն հարցերն են, որոնց շուրջ կան տարաձայնություններ, այստեղ կան շատ խնդիրներ, և դրանք թույլ չեն տա արագ առաջ գնալ, հետևաբար, այստեղ ես դժվարություններ եմ տեսնում»,- ասել է Ռյաբկովը:

Նրա փոխանցմամբ, հարաբերությունների բարելավումը խոչընդոտում են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ Ռուսաստանի նկատմամբ Կապիտոլիումում [ԱՄՆ Ներկայացուցիչների տանը և Սենատում] բացասական վերաբերմունքը:

«Շատ հարցեր ժամանակին անտեսվել են, հիմա ստիպված ենք շերտ առ շերտ դրանք հանել, կարգավորել, վերացնել խանգարող հանգամանքները, որոնք տարիների ընթացքում են կուտակվել»,- ասել է Ռյաբկովը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG