Մատչելիության հղումներ

Նորընտիր ԱԺ-ում կլինեն Փաշինյանի, Քոչարյանի ու Սարգսյանի թիմերը. «Պատիվ ունեմ»-ն էլ վերցրեց մանդատները


Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի սատարած «Պատիվ ունեմ» դաշինքը վերցնելու է մանդատները։ Քաղաքական թիվ մեկ ամբիոնի հնարավորությունը բաց չեն թողնի։ Դաշինքի ներկայացուցիչ Սոս Հակոբյանն ասում է՝ այդպես իրենց ձայնն ավելի շուտ կհասնի ընտրողներին:

«Հայրենիք» և Հանրապետական կուսակցությունների դաշինքից որևէ թեկնածու չի հրաժարվել մանդատից։ Պատգամավոր կդառնան առաջին յոթ համարները։ Դաշինքի առաջնորդ, Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը, Հանրապետական, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը, Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանն էլ պատգամավոր կդառնան: Հանրապետականներ Աննա Մկրտչյանն ու Հայկ Մամիջանյանը, անկուսակցական Տիգրան Աբրահամյանը և Թագուհի Թովմասյանը: Վերջինս հեռացող խորհրդարանում պատգամավոր էր դարձել իշխող «Իմ քայլը» խմբակցության դաշինքով։ Խմբակցությունը լքեց պատերազմից հետո։

Օրենսդիրում երրորդ ընդդիմադիր ուժը արմատական է լինելու, ասում է Սոս Հակոբյանը. «Մենք ասել ենք, որ ռադիկալ ընդդիմություն ենք, բայց դա մենք պատկերացնում ենք քաղաքական իմաստով, ոչ թե օրինակ` ահաբեկչական կազմակերպություն դառնալու: Շատ սուր քննադատություն է լինելու, և չի լինելու միտում` դա վերածել հայհոյախոսության»:

Դաշինքի ներկայացուցիչ, Հանրապետական Դավիթ Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր՝ Փաշինյանի իշխանության հետ համագործակցել չեն պատրաստվում. «Հանուն Հայաստանի մենք անելու ենք ամեն ինչ, բայց դա ամենևին չի նշանակում համագործակցել մի իշխանության հետ, որն իր ամաշնորհության պատճառով տանում է մեզ հերթական ձախողման»:

«Պատիվ ունեմ»-ն անհրաժեշտ 7 տոկոսի շեմը չի հաղթահարել, Ազգային ժողով է անցել օրենքի պահանջով, որ խորհրդարանում առնվազն երեք ուժ պետք է լինի։ Թե ով կլինի Ազգային ժողովում խմբակցության ղեկավարը, դեռ չեն հրապարակում։ Հայտնի չէ նաև` փոխխոսնակի թեկնածու կառաջադրեն, թե ոչ։ Երեք փոխխոսնակներից մեկը պետք է լինի ընդդիմությունից։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքն արդեն հայտարարել է, որ մանդատները վերցնելու են։ Մանդատներից հրաժարվել է երեք թեկնածու` Մարիաննա Եփրեմյանը, Ալեքսանդր Խաչատուրյանն ու դաշինքի առաջնորդը։ Ռոբերտ Քոչարյանն իրեն չի պատկերացնում օրենսդիրում։

«Ես ինքս գործադիրի մարդ եմ, ես օրենսդիր մարմնում ինձ լավ չեմ պատկերացնում», - ավելի վաղ ասուլիսի ժամանակ հայտարարել էր երկրորդ նախագահը:

«Հայաստան» դաշինքն Ազգային ժողովում երկրորդ ուժն է լինելու, ընդդիմադիր ամենամեծ խմբակցությունը։ Դաշնակցություն և «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների դաշինքը 29 պատգամավոր կունենա։ «Հայաստան» դաշինքի պատգամավորների ցանկում են Դաշնակցության Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանը, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։ Հանրապետական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդին էլ է այստեղ, Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը կլինի պատգամավոր:

Նորընտիրների թվում են նաև դաշնակցական նախկին պատգամավորները` Արմեն Ռուստամյանը, Արծվիկ Մինասյանը, Աղվան Վարդանյանը, Լիլիթ Գալստյանը, Արմենուհի Կյուրեղյանը։ Քոչարյանն իր վերջին ասուլիսում հայտարարեց՝ խորհրդարանական խրամատներում ամրանալու են՝ ամբողջական հաղթանակին հասնելու համար։

«Այո, դրա համար: Դուք կարծում եք` ինչ-որ մանդատների համար ե՞նք գնում խորհրդարան: Ո՛չ», - շեշտել էր նա:

Ընտրողների մեծամասնության քվեն ստացած «Քաղաքացիական պայմանագրի» ցուցակից էլ ինքնաբացարկ է ներկայացրել 17 թեկնածու, այդ թվում` Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը, Լիլիթ Մակունցը, նախարարներ Սուրեն Պապիկյանը, Անահիտ Ավանեսյանը, Ռոմանոս Պետրոսյանը, մարզպետներ և հեռացող խորհրդարանից պատգամավորներ։ Նրանք կշարունակեն աշխատանքը գործադիրում:

Լիլիթ Մակունցը դեռ ամիսներ առաջ է հայտարարել, որ Միացյալ Նահանգներում դեսպան է նշանակվելու։ Արարատ Միրզոյանի ճակատագիրը դեռ հայտնի չէ։

Իշխանական պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ տեղեկություն չունի. «Պաշտոնի հետ կապված Արարատ Միրզոյանի ես որևէ տեղեկություն չունեմ այս պահի դրությամբ»:

Իշխող խմբակցությունում որոշել են` Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներ կլինեն Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը։ Խմբակցության ղեկավարի ու քարտուղարի թեկնածուներն էլ հայտնի են. «Խմբակցության ղեկավարի թեկնածուն Հայկ Կոնջորյանն է, իսկ քարտուղարի թեկնածուն Նազենի Բաղդասարյանն է», - հայտնում է Հրաչյա Հակոբյանը:

Ինչպե՞ս է իշխանությունն աշխատելու անողոք քննադատների հետ։ Երկու ընդդիմադիր խմբակցությունն էլ հայտարարել են՝ արմատական դիրքերում են լինելու։ «Մենք գնում ենք աշխատելու ի շահ ժողովրդի: Եթե իրենք չեն պատկերացնում ի շահ ժողովրդի համագործակցել մեզ հետ, դա իրենց խնդիրն է»:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վաղը կգրանցի պատգամավորներին։ Ազգային ժողովում կլինի 107 պատգամավոր։ Նորընտիր խորհրդարանի առաջին նստաշրջանը կգումարվի օգոստոսի 2-ին։

XS
SM
MD
LG