Մատչելիության հղումներ

ՔՊ-ի Ազգային ժողովի նախագահի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, փոխնախագահներինը՝ Ռուբեն Ռուբինյանը և Հակոբ Արշակյանը


Ալեն Սիմոնյանը, արխիվ

«Քաղաքացիական պայմանագրի» խորհրդարանի խոսնակի թեկնածուն Ալեն Սիմոնյանն է, տեղեկությունն «Ազատությանը» փոխանցեց իշխող կուսակցության անդամ, պատգամավոր Հրաչյա Հակոբյանը։

Ընտրությունների արդյունքներով մեծամասնություն ստացած ուժը նաև Ազգային ժողովի երկու փոխնախագահների թեկնածուներին է որոշել՝ կառաջադրեն այս խորհրդարանում Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարած Ռուբեն Ռուբինյանին ու լրագրողի հետ տեղի ունեցած միջադեպից հետո հրաժարական տված բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար Հակոբ Արշակյանին։

Ի տարբերություն ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի, խորհրդարանի գործող ղեկավար Արարատ Միրզոյանը ընտրարշավի ընթացքում բավական պասիվ էր։ Դեռ անհայտ է՝ պետական կառավարման համակարգում նա ի՞նչ պաշտոն կստանա կամ կստանա ընդհանրապես։

«Չգիտեմ ինքնառաջադրվել էր, թե որևէ մեկն առաջադրել է, բայց քննարկումների արդյունքում կուսակցությունը ունեցավ որոշում, որ պետք է Ալեն Սիմոնյանը լինի Ազգային ժողովի նախագահի մեր թեկնածուն», - ասաց Հակոբյանը:

Խորհրդարանի խոսնակի ու 3 փոխխոսնակների ընտրությունը ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգային հարցերից է լինելու։ Բոլոր խմբակցությունները թեկնածուներ առաջադրելու իրավունք ունեն, բայց Ազգային ժողովի նախագահն ու փոխնախագահները մեծամասնությամբ պետք է ընտրվի, իսկ ապագա խորհրդարանում նույնիսկ ընդդիմադիր 2 խմբակցությունները միասին 54 ձայն չունեն, ընտրության համար հենց այդքան ձայն է հարկավոր։

Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը, դա նշանակում է 107 հոգանոց խորհրդարանում 71 մանդատ՝ մեծամասնություն ՔՊ-ը կունենա, 29-ը՝ «Հայաստան», 7-ը՝ «Պատիվ ունեմ» դաշինքները։

Իսկ ե՞րբ է գումարվելու առաջին նստաշրջանը։ ԱԺ կանոնակարգ օրենքով՝ խորհրդարանի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը առանց հստակ օր նշելու տեղեկացրեց՝ Ազգային ժողովն այս շաբաթ կկազմավորվի, այսինքն՝ նոր պատգամավորների անունները հայտնի կդառնան այս շաբաթ, դա նշանակում է՝ առաջին նստաշրջանը օգոստոսի 2-ին կգումարվի։ Օրը պետք է ԿԸՀ նախագահը հայտարարի։ Մանդատների հանդիսավոր հանձնում, ասաց, այս պահին չեն ծրագրում։

«Մենք վաղուց ենք տեղյակ պահել Ազգային ժողով անցած ուժերին, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պլանավորում է մինչև ամսի 21-ը ինքնաբացարկի դիմումները և դրանից հետ գումարել նիստ ու բաշխել մանդատները: Այս պահին ինքնաբացարկներ չկան», - ասաց Սմբատյանը:

Թե ո՞վ է վերցնելու մանդատը, ով գնա գործադիր, ՔՊ-ից Հրաչյա Հակոբյանն ասաց, որոշված է, բայց ինքը կուսակցության վարչության անդամ չէ, շատ մանրամասներ չգիտի։ Որոշումներից մեկը, այնուամենայնիվ փոխանցեց՝ «Իմ քայլը» խմբակցությունը 2.5 տարի ղեկավարած, ընտրացուցակում էլ 3 համարը զբաղեցնող Լիլիթ Մակունցը առաջիկա օրերին կնշանակվի ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան։ Իշխող խմբակցությունը ղեկավարելու է Հայկ Կոնջորյանը, իսկ քարտուղարը կլինի Նազելի Բաղդասարյանը։

Ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» դաշինքների ներկայացուցիչները վստահեցնում են՝ վերջնական որոշում չունեն մանդատները վերցնում են, թե՝ ոչ։ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի 2-րդ համար, դաշնակցության ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն «Ազատությանը» ասաց՝ այժմ ակտիվ քննարկումների մեջ են, չորեքշաբթի կհրապարակեն որոշումը՝ մանդատները վերցնում են, եթե այո՝ ովքեր են դառնալու պատգամավոր։ Մինչ այժմ տեղի ունեցած քննարկումներում հակված են եղել վերցնել, ասաց:

«Նախնական քննարկումներում դեպի այդ ուղղությամբ ենք գնում, բայց կսպասենք երկու օր, վերջնական պարզ կլինի», - ասաց Սաղաթելյանը:

«Ազատության» հարցին՝ Ռոբերտ Քոչարյանի մանդատ վերցնել-չվերցնելու հարցն էլ են այդ օրը որոշելու, Իշխան Սաղաթելյանը պատասխանեց. «Այդ մասին որոշում արդեն կարծես թե կա, բայց այդ մասին Ռոբերտ Քոչարյանը կխոսի: Ես հիմա ոչ մի բան չեմ ասում»:

«Պատիվ ունեմից» Սոս Հակոբյանը իր անձնական կարծիքը փոխանցեց, դաշինքի պաշտոնականն, ասաց, դեռ չկա. «Մանդատները վերցնելն առավել արդյունավետ է, քան դրա հակառակը՝ չվերցնելը: Ընդհանուր առմամբ պաշտոնական որոշում դեռևս հստակեցված չէ: Ընդամենը երեք օր է մնացել այդ ամենի հանգուցալուծմանը, հետևաբար շատ մոտ ժամանակում կիմանանք գնում է խորհրդարան «Պատիվ ունեմ» դաշինքը, թե ոչ»:

Ազգային ժողովի նախագահի տեղակալներից մեկը պետք է լինի ընդդիմադիր խմբակցությունից։ Եթե որոշեն գնալ խորհրդարան, «Պատիվ ունեմի» ներկայացուցիչը չբացառեց, որ փոխխոսնակի թեկնածու կառաջադրեն։

«Բնականաբար, բացառել դա չենք կարող, բայց այդպիսի որոշում կայացնելու համար կան որոշակի փուլեր, որոնցից մեկը, օրինակ, քաղաքական կոնսուլտացիաներն են», - ասաց Սոս Հակոբյանը:

«Հայաստան» դաշինքում ի՞նչ տեսակետ կա։ «Ես ասում եմ, որ դեռ մանդատները վերցնելու վերաբերյալ վերջնական որոշում չկա, դուք ինձ արդեն փոխխոսնակի համար եք հարցնում, բոլորը հերթով, կարգով գնանք առաջ, չորեքշաբթի օրը այդ մասին հայտարարությամբ հանդես կգանք», - պատասխանեց Սաղաթելյանը:

Դեռևս գործող ԱԺ-ի 11 հանձնաժողովներից որը իշխանությունը, որն ընդդիմությունը կղեկավարի, 3 տարի առաջ որոշվեց քաղաքական պայմանավորվածությամբ։ Ընդդիմությունն իրեն արմատական է հռչակել, խոստացել օր ու արև չտալ իշխանությանը։ Այս պայմաններում հակվա՞ծ են ընդդիմության հետ պայմանավորվածությունների ձեռքբերման ճանապարհով գնալ։ Հրաչյա Հակոբյանի խոսքով՝ իրենց համար կան կարևոր հանձնաժողովներ, որոնց նախագահությունը չեն պատրաստվում զիջել՝ Պաշտպանության ու Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովները նշեց մասնավորապես։

«Բնականաբար, չի կարող չլինել ընդդիմադիր ուժից հանձնաժողովի նախագահ, այնպես որ այդ շփումները ուղղակի անխուսափելի են», - ընդգծեց նա:

Ի դեպ՝ Հակոբյանը չի կարծում, թե իրենց դժվար օրեր են սպասվում. «Վստահ եմ, որ դժվար օրեր չեն սպասվում, ինչպես իրենք են ասում, որ օր ու արև չենք տալու, կգան, կտեսնենք՝ ով ում օր ու արև չի տա»:

XS
SM
MD
LG