Մատչելիության հղումներ

Պուտինն Ալիևի հետ հանդիպմանը խոսել է «փոխզիջումային լուծումների» մասին


Քիչ առաջ Կրեմլում մեկնարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևի հետ։

Բանակցությունների մեկնարկին՝ լրագրողների համար կազմակերպված կարճ զրույցում, նախագահ Պուտինը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ ղարաբաղյան հարցում փոխզիջումային լուծումներ գտնելու համար։ Թե որոնք են այդ լուծումները և ինչ խնդիրների մասին է խոսքը՝ Վլադիմիր Վլադիմիրովիչը չի մանրամասնել։ Բայց ընդգծել է, որ Ալիևի հետ իր հանդիպման գլխավոր հարցը հենց ղարաբաղյան խնդիրն է և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը։

«Ցանկանում եմ երախտագիտություն հայտնել Ձեզ, քանի որ գտնվում են փոխզիջումային լուծումներ։ Դրանք միշտ ամենաբարդն են լինում, բայց եթե մենք ուզում ենք, իսկ մենք՝ բոլորս, ուզում ենք, հասնել կարգավորման, ուրեմն պետք է գնանք այդ ճանապարհով։ Առայժմ դա մեզ հաջողվել է, ինչի համար ուզում եմ Ձեզ շնորհակալություն հայտնել», - ասել է Ռուսաստանի նախագահը։

Ալիևն էլ իր հերթին է շնորհակալություն հայտնել Պուտինին՝ այս հարցի հանդեպ հետևողական ուշադրության և «շատ կարևոր հարցերի լուծման ուղղությամբ գործադրած անձնական ջանքերի համար»։

«Մենք հաստատակամորեն տրամադրված ենք, որ հետպատերազմյան շրջանը առավելագույնս անցավ ընթանա։ Կարծում եմ՝ ընդհանուր ջանքերով դա մեզ հաջողվում է», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Երկու առաջնորդները բարձր են գնահատել նաև համագործակցությունը տնտեսության, առևտրի ոլորտներում, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում։ Բացման՝ մի քանի րոպե շարունակված հրապարակային խոսքից հետո նախագահների զրույցը շարունակվել է փակ դռների ետևում։

Ավելի վաղ՝ այս ամսվա սկզբին, Մոսկվա էր այցելել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։ Վեջինիս հետ հանդիպմանը, ի դեպ, Պուտինը խոսել էր «ցավոտ հարցերի մասին», պնդել, թե դրանց լուծման համար անհրաժեշտ է ժողովրդի վստահությունը, և ընդգծել, որ խորհրդարանական վերջին ընտրություններում հաղթելով՝ Փաշինյանը ստացել է այդ աջակցությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG