Մատչելիության հղումներ

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ գործով որոշում կայացնելու


Ընտրությունների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի նիստերից մեկը
Ընտրությունների վիճարկման գործով Սահմանադրական դատարանի նիստերից մեկը

Սահմանադրական դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների վիճարկման գործով որոշում կայացնելու:

Բարձր դատարանն այսօր լսեց կողմերի եզրափակիչ ելույթները, ապա Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը հայտարարեց. - «Սահմանադրական դատարանի մասին օրենքի 57-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ կողմերի եզրափակիչ ելույթներից հետո նախագահողը հայտարարում է գործի քննության ավարտի մասին: Ես այս պահին հայտարարում եմ սույն գործի քննության ավարտի մասին, դատարանը հեռանում է խորհրդակցությունների սենյակ՝ գործով որոշում կայացնելու համար: Նիստը հայտարարում եմ փակված: Շնորհակալություն, ցտեսություն»:

Դիլանյանը հայտնեց նաև, որ որոշման հրապարակման օրվա և ժամի մասին նախապես կտեղեկացնեն:

Արտահերթ ընտրությունների արդյունքները վիճարկելու գործով դատավարությունը Սահմանադրական դատարանում մեկնարկել է հուլիսի 9-ին:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ հունիսի 27-ին ամփոփած վերջնական արդյունքներով, հիշեցնենք, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ընտրություններում ստացել է քվեների 53.91, «Հայաստան» դաշինքը՝ 21.09, «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 5.22 տոկոսը, այդ երեք ուժերն էլ խորհրդարանում խմբակցություններ կունենան:

«Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները, «Զարթոնք» և «Հայոց հայրենիք» կուսակցությունները վիճարկել են ընտրությունների արդյունքները Սահմանադրական դատարանում: Բարձրագույն ատյանը որոշել էր միավորել 4 դիմումները:

Որպես պատասխանող կողմ դատավարությանը ներգրավված էր Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, իսկ որպես հարակից պատասխանողներ՝ Դատախազությունը, Ոստիկանությունը և Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը:

«Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցությունը սեփական դիմումի հիման վրա ներգրավվել էր որպես երրորդ անձ:

XS
SM
MD
LG