Մատչելիության հղումներ

Չարչյանը մինչև դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել է հիվանդանոց


«Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյան, արխիվ

«Իզմիրլյան» բժշկական կենտրոնի ղեկավար Արմեն Չարչյանը երեկ մինչև Հատուկ քննչական ծառայության ներկայացրած կալանավորման միջնորդությունը բավարարելու մասին դատարանի որոշման հրապարակումը տեղափոխվել էր հիվանդանոց: Այս մասին Ֆեյսբուքում գրում է փաստաբան Արամ Վարդևանյանը:

«Չնայած ուշ ժամին՝ ստիպված ենք տեղեկացնել, որ պրոֆեսոր Չարչյանը մինչ այսօրվա խայտառակ և ապօրինի որոշման հրապարակումը շտապ օգնության միջոցով տեղափոխվել է հիվանդանոց։ Հավելյալ տեղեկություններ պրոֆեսորի առողջական վիճակի մասին այս պահին չունենք», - գիշերը գրել է Վարդևանյանը:

«Տեղեկացնում ենք նաև, որ ստեղծված իրավիճակում հրատապ միջնորդություն ենք ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին։ Միջնորդությամբ խնդրել ենք իրացնել հայեցողական լիազորությունը՝ վերացնել կալանավորումը որպես խափանման միջոց։ Հիշեցնենք, որ հենց նման դեպքերի համար է առհասարակ քրեադատավարական օրենսդրությամբ նման լիազորություն տրված Դատախազությանը», - նաև նշում է փաստաբանը:

Արմեն Չարչյանը մեղադրվում է ընտրություններին մասնակցելուն հարկադրելու համար։

Քվեարկությունից օրեր առաջ «Անկախ դիտորդ» դաշինքն էր տարածել հիվանդանոցի աշխատակիցների հետ Չարչյանի անցկացրած ժողովի ձայնագրությունից մի հատված, որը իրավապահներոը որակում են որպես ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտել։

Ցուցմունք տալուց հրաժարվող պրոֆեսորը պնդում է՝ իր արարքը հանցագործություն չէ, ինքն իր աշխատակիցներին չի հարկադրել։

XS
SM
MD
LG