Մատչելիության հղումներ

«Հայաստան» դաշինքի անդամ Արմեն Չարչյանը բերման է ենթարկվել ՀՔԾ


Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյան
Իզմիրլյան ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյան

Հատուկ քննչական ծառայությունը ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հատկանիշներով քրեական գործ է հարուցել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, ընտրացուցակի 20-րդ տեղը զբաղեցնող Իզմիրլյան բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանին առնչվող ձայնագրության փաստով։ Այս հոդվածը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում։

ՀՔԾ-ն դեռևս չի մանրամասնում, թե ինչ կարգավիճակ ունի Արմեն Չարչյանը։ Նրա հետ կապ հաստատելու մեր բոլոր փորձերն այսօր անհաջողության մատնվեցին։

«Անկախ դիտորդ» դաշինքն էր այսօր հրապարակել այդ ձայնագրությունը, որտեղ լսվում է ենթադրաբար Չարչյանի ձայնը, որը բժշկական կենտրոնի աշխատակիցներին ասում է, որ «Հայաստան» դաշինիքի ընտրացուցակում է և խնդրում է, պարտադրում անպայման մասնակցել ընտրություններին։ Ավելին՝ լսվում է նաև, թե ինչպես է զգուշացնում, որ ընտրություններից հետո կկարողանա իմանալ՝ ով է մասնակցել քվեարկությանը, ով՝ ոչ։ Չմասնակցողների հանդեպ էլ վերաբերմունքը կփոխվի, հայտարարում է նա․ - «Սա իմ մանդատն ա որպես պատգամավորի թեկնածու, ուրեմն էսօր ինձ պատգամավորի ստատուս ա տալիս՝ անձեռնմխելիությունից ելնելով, վերջացրած ինֆորմացիա տիրապետելով։ Ես ընտրություններից հետո վերցնելու եմ ցուցակները և տեսնելու եմ ով ա գնացել քվեարկության և ով չի գնացել»։

Լսվում է, թե ինչպես է, ենթադրաբար, Չարչյանը նաև հիշեցնում, որ Իզմիրլյան բժշկական կենտրոնը պատկանում է Մայր Աթոռին, իսկ վերջինիս դիրքորոշումն այն է, որ գործող իշխանությունների օգտին չպետք է քվեարկել։

Հատուկ քննչական ծառայությունը հաղորդում է նաև, որ ընտրակաշառք տալու կասկածանքով ձերբակալվել է դաշինքի պատգամավորության թեկնածու և մեկ այլ անձ։ «Ազատության» տվյալներով, կասկածյալը երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առաջնորդած ՀՀԿ-ի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուներից է։ Իրավապահները 20 հազարական դրամ ընտրակաշառքի այս դեպքը բացահայտել են Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում։

Ընտրարշավի ընթացքում իրավապահները ընտրություններին առնչվող 16 քրեական գործ են հարուցել, 13 անձի առաջադրվել են մեղադրանքներ, որոնցից 7-ին՝ ընտրակաշառք վերցնելու, 6-ին ընտրակաշառք տալու և ընտրակաշառք տալու փորձի համար։ 5 անձ կալանավորված է:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը հիշեցնելով նախորդ ընտրությունները՝ թերահավատ է, որ այս ծանր հանցագործության համար մեղադրվողները կդատապարտվեն։ Դա մեծապես կախված կլինի ընտրության արդյունքներից, կարծում է իրավապաշտպանը․ - «Ինչո՞ւ չենք ունենալու։ Որովհետև համակարգը մեծ փորձ ունի գործերը կոծկելու, և բացարձակ փորձ չունի գործերը բացահայտելու և մեղավորներին պատժելու։ Եվ մի կարևոր խնդիր էլ․ էսօր մենք ունենք հակադիր բևեռներ ընտրությունների արդյունքում, այդ թվում նաև իրավապահ մարմինները, ավանդույթի համաձայն, չեն պատկերացնում, թե ով ա գալու իշխանության ու նրանցից ինչ պահանջ է ներկայացվելու»։

Երեկ էլ ձերբակալվել է Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրեն Հայկ Խաչատրյանը, ով, ըստ իրավապահների, խոչընդոտել է իր աշխատակցին մասնակցել Սյունիքում քարոզարշավ անցկացնող վարչապետի պաշտոնակատարի հանրահավաքին։ Խաչատրյանը ձերբակալված է, կասկածվում է ընտրական իրավունքի իրականացմանը խոչընդոտելու մեջ։

Համացանցում տարածվել է որպես Արմիդա Աղաբեկյան ներկայացող կնոջ տեսագրությունը, որը պատմում է, թե վերադասը՝ Գորիսի մշակույթի կենտրոնի ղեկավարը, թույլ չի տվել մասնակցել իշխանության հանրահավաքներին․ - «Խաչատրյան Հայկը՝ Մշակույթի կենտրոնի տնօրենը քիչ առաջ ինձ ասում ա՝ վաղը չմտնես Մշակույթի կենտրոն, ազատված ես աշխատանքից»։

Հաղորդվում է նաև, որ Գլխավոր դատախազությունը Հատուկ քննչական ծառայություն է ուղարկել «Հայաստան» դաշինքի համակիրներին ոստիկանությունում ծեծի ենթարկելու բողոքի նյութերը։ Ուսումնասիրելուց հետո որոշում կկայացվի քրեական գործ հարուցել-չհարուցելու մասին։

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքը ահազանգել էր, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Վայոց ձորում անցկացված հանրահավաքի ժամանակ ոստիկանները բերման են ենթարկել իրենց համակիրներին, ինչից հետո նրանք ոստիկանությունից դուրս են եկել վնասվածքներով։

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը քննադատում է բռնությունը իրավապահների կողմից՝ շեշտելով, որ հեղափոխությունից հետո նրանց այս գործելաոճը չփոխվեց․ - «Միանշանակ դատապարտելի գործողություններ են բերման ենթարկելիս ոստիկանության կողմից ուժ կիրառելը։ Դա անգամ չի էլ քննարկվում։ Մարդը չի կարող մտնել ոստիկանություն և ոստիկանությունից դուրս գալ վնասվածքներով։ Սա արդեն խնդրահարույց է, արդեն քննության առարկա պիտի դառնա՝ անկախ նրանից, թե ում կողմնակիցն է, ինչ նպատակով է բերվել»։

XS
SM
MD
LG