Մատչելիության հղումներ

Չարչյանը հայտարարում է՝ իր արարքում հանցակազմ չկա, դատախազությունն այլ կարծիքի է


«Հայաստան» դաշինքի 20-րդ համար, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը, արխիվ, լուսանկարը` ԲԿ-ի պաշտոնական կայքէջից

Ընտրակաշառք տալու համար կասկածվող պատգամավորության թեկնածուն լքել է Հայաստանը

Ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալված, ապա դատարանի որոշմամբ ազատ արձակված պատգամավորության թեկնածուն լքել է Հայաստանը, հաղորդում է գլխավոր դատախազությունը։ «Ազատության» տվյալներով` թեկնածուն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» դաշինքի թեկնածուն է՝ Երևանի Քանաքեռ Զեյթուն համայնքից է։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է դատախազության միջնորդությունները ինչպես այս, այնպես էլ նույն դաշինքի մեկ այլ կասկածյալ թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու և ազատությունից զրկելու վերաբերյալ։

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն «Ազատությանը» փոխանցեց՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով միջնորդություն են ներկայացնելու նաև դաշինքներից մեկի` Շիրակի մարզի թեկնածուին ևս կաշառք բաժանելու գործով կալանավորելու թույլտվություն ստանալու համար։ Խոսքը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքի մասին է։

«Քրեական գործերի թիվն ինքնին խոսում է այն մասին, որ չենք կարող բացառել, որ առաջիկայում այդպիսիների թիվը կարող է ավելանալ», - ասաց գլխավոր դատախազի խորհրդականը:

Աբրահամյանը փոխանցեց, որ թեկնածուի հետ ձերբակալված ևս 4 քաղաքացիները կասկածվում են ընտրողներին կաշառք տալու համար։

Օրենքի համաձայն` Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պետք է թույլատրի իրավապահներին քրեական հետապնդում իրականացնել անձեռնմխելիությամբ օժտված թեկնածուի նկատմամբ։

ԿԸՀ-ն բավարարել է Չարչյանին ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդությունը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը բավարարել է նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքի 20-րդ համարի՝ «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի վերաբերյալ միջնորդությունը։ Սրան կհետևի Հատուկ քննչական ծառայության կողմից նրանց մեղադրանք առաջադրելու գործընթացը։

Օրեր առաջ ձերբակալված, ապա դատարանի միջոցով ազատ արձակված «Հայաստան» դաշինքի թեկնածու, պրոֆեսոր Արմեն Չարչյանը հայտարարում է՝ իր արարքում որևէ հանցակազմ չկա։ Ինչպես և վարչապետի պաշտոնակատարն է դիմել քաղաքացիներին՝ մասնակցել ընտրություններին, այնպես էլ ինքն է դիմել իր աշխատողներին. «Լավ իսկ դուք լսե՞լ եք ձայնագրությունն ամբողջությամբ, դուք այնտեղ ուղղորդման տարր գտե՞լ եք այդ ձայնագրության մեջ: Չեք գտել, որովհետև չկա»:

Մինչդեռ, ըստ քրեական գործի, Մայր աթոռին պատկանող հիվանդանոցի տնօրենը իր ղեկավարած բժշկական կենտրոնի աշխատակիցներին հարկադրել է պարտադիր կերպով մասնակցել Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին: Գոռ Աբրահամյանը վկայակոչում է համացանցում տարածված ձայնագրությունն ու այլ ապացույցներ և պնդում՝ հորդորելու և պարտադրելու միջև տարբերություններ կան. «Օրենքի տեսանկյունից եթե նայենք` քրեական օրենսգրքի տեսանկյունից, նույնիսկ ընտրություններին հարկադրելու ուղղված գործողությունները քրեորեն պատժելի արարքներ են, էլ չեմ խոսում որևէ կուսակցության օգտին քվեարկելուն հարկադրելը կամ որևէ կուսակցությանը որևէ պարագայում չքվեարկելուն ուղղված հարկադրանքի միջոցների, այսպես ասած, կիրառումը: Այնպես որ, այստեղ հանցակազմի առկայությունը կա, դատախազությունն այդպես է գնահատել և դրանից ելնելով էլ այդ միջնորդությունները ներկայացրել է: Տարբերություն կա` կոչ անելը մի բան է, բայց պարտադրելու բնույթ կրող արտահայտություններ, հայտարարություններ անելը լրիվ ուրիշ բան է: Քրեական գործով փաստական այնպիսի տվյալներ կան, որոնք, ըստ էության, ձայնագրության մեջ առկա բովանդակությունն ինքնին հաստատում էին, այնպես որ քննության արդյունքում իրավական գնահատականներ այսպես թե այնպես տրվելու են»:

6 պատգամավորության թեկնածու է անցնում կաշառք տալու, ստանալու և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու գործերով

Աբրահամյանն «Ազատության» հետ զրուցում ասաց՝ այս պահին 6 պատգամավորության թեկնածու է անցնում կաշառք տալու, ստանալու և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու գործերով։ Նրանցից 2-ը կալանավորված են՝ մեկը քվեարկության նախնական արդյունքներով պահանջվող շեմը չհաղթահարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ընտրացուցակի 83-րդ համարը ներկայացնող Գավառի բնակիչ Արամայիս Ապրոյանն է, մյուսը «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող, Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանն է։ Պատգամավորության մյուս 4 թեկնածուներն էլ ունեն կասկածյալի կարգավիճակ։

Գլխավոր դատախազության տվյալներով՝ արտահերթ ընտրություններին առնչվող 30 քրեական գործ կա հարուցված, որոնց մեծ մասը՝ 20-ը, ընտրակաշառք տալ, ստանալու և ընտրական գործընթացը խոչընդոտելու դեպքերին են վերաբերում։ Դատախազությունը դեռևս ամփոփում է ընդհանուր վիճակագրությունը, և գիշերվա տվյալներով ՝ ընտրական հանցագործություններին առնչվող ավելի քան 650 հաղորդում են ստացել։ Միայն քվեարկության օրվա ընթացքում ստացվել է 319 հաղորդում, որոնց ուսումնասիրության արդյունքում հարուցվել է 6 քրեական գործ ընտրակաշառք տալ, ստանալու և ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու հոդվածով։

«Եվս 3 քրեական գործ ունենք` կապված հավաքներին քաղաքացիների մասնակցությանը դրդելուն, խոչընդոտելուն, և մնացածներն այլ բնույթի հանցագործությունների փաստերի առթիվ քննվող քրեական գործեր են», - հայտնեց Գոռ Աբրահամյանը:

Այսօր նաև հաղորդվեց Մասիսի տարածաշրջանում ընտրակաշառքի մեկ այլ գործի մասին։ Ըստ իրավապահների` մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին առաջարկել, խոստացել և տրամադրել են 20 հազարական դրամ։ «Ազատության» տվյալներով` խոսքը կրկին «Պատիվ ունեմ» դաշինքի մասին է։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG