Մատչելիության հղումներ

Առավոտից իրավիճակը բավականին լարված է սկսվել. Դանիել Իոաննիսյան


Առավոտից իրավիճակը բավականին լարված է սկսվել. հայտնի է երկու հրաձգության դեպք, հայտարարեց «Անկախ դիտորդ» նախաձեռնության ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը:

Ըստ Իոաննիսյանի՝ Արարատի մարզում երկու ուժերի ներկայացուցիչների միջև տեղի է ունեցել փոխհրաձգություն. «Կրակել են դաշինքներից մեկի առաջին համարի մեքենայի ուղղությամբ»:

Նշենք, որ այսօր ավելի վաղ «Շիրինյան-Բաբաջանյան» դաշինքի պատգամավորության ցուցակի առաջին համար, «Հանուն Հանրապետության» կուսակցության ղեկավար Արման Բաբաջանյանն էր հայտնել, որ իր մեքենայի վրա են կրակել:

Ոստիկանությունն էլ հաղորդագրություն էր տարածել համաձայն որի՝ այսօր ժամը 8:30 ոստիկանության Մասիսի բաժնում ահազանգ է ստացվել, որ Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում կրակոցներ են հնչել: Ոստիկանության տեղեկություններով՝ «մեկ քաղաքացի դիմել է բուժօգնության»

Նախաձեռնության ներկայացուցիչ Իոաննիսյանը նշեց, որ արձանագրված խախտումները բավականին շատ են՝ մանրամասնելով. «Մենք ավելի քան 200 ընտրատեղամասերում իրականացնում ենք դիտարկում և 19 ընտրական տեղամասերում ներկա է եղել միաժամանակ «Հայաստան» դաշինքի երեք վստահված անձ, 12 ընտրական տեղամասերում մեր դիտորդները նկատել են տեղամասում գտնվող անձանց հագուստի վրա 24 թիվը գրված, ինչը որակում ենք որպես տեղամասում քարոզչություն «Հայաստան» դաշինքի օգտին: Մի շարք տեղամասերում արձանագրվել է, որ հանձնաժողովի նախագահը չի տիրապետում օրենսդրությանը, բայց պետք է ասեմ, որ այդպիսի ընտրական տեղամասերի թիվը նախկինի համեմատ ավելի քիչ է»:

Նա նշեց նաև, որ գիշերը եղել են ահազանգեր ընտրակաշառքների վերաբերյալ, որոնց մասով հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացրել իրավապահ մարմինների:

XS
SM
MD
LG