Մատչելիության հղումներ

Անհետ կորածների թիվն անընդհատ փոխվում է․ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխտնօրեն


Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյան
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյան

Պատերազմից 8 ամիս անց անհետ կորած զինծառայողների ու խաղաղ բնակիչների թիվը 275 է, տեղեկացնում են Քննչական կոմիտեից՝ ի պատասխան երեկ Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպմանը նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած հայտարարությանը, թե անհայտ կորածների թիվը 1064 է։

Ըստ Սարգսյանի, թիվը գաղտնի է պահվում և կա պաշտոնական փաստաթղթում․ - «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ապրիլ ամսին զեկուցում է կառավարությանը, որ անհետ կորածների թիվը 1064 է»։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փաստաթուղթը կառավարություն են ուղարկել ապրիլին։ Նույն ամսին վարչապետ Փաշինյանը խոսել է 321 անհետ կորածների մասին։

Հիմնադրամի փոխհատուցումների գծով փոխտնօրեն Սմբատ Սաիյանը պարզաբանում է, որ հիմնադրամի տրամադրած թիվը ցույց է տալիս, թե քանի ընտանիք է ֆինանսական աջակցություն ստացել որպես անհետ կորածի ընտանիք։ Օրինակ, մինչև այժմ անհետ կորածի 1083 ընտանիք է ամսական 300 հազար դրամ ստացել. – «Սա չի նշանակում, որ այս պահին անհետ կորածների թիվը 1083 է, որովհետև էս ընթացքում առաջին անգամ վճարումը կատարելուց հետո մենք ունենք դեպքեր, երբ որ դադարում են անձին անհետ կորած ճանաչելու հիմքերը։ Ի՞նչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հայտնի է դառնում նրա գտնվելու վայրը, հայտնի է դառնում նրա զոհվելու փաստը, կամ նույնականացվում է անճանաչելի դիակը որպես տվյալ անձ»։

Հիմնադրամի «Կամուրջ» ծրագրով են անհետ կորածների ընտանքիները փոխհատուցում ստանում։ Երբ պարզ է դառնում զինվորի ճակատագիրը, գտնվում, նույնականացվում է մարմինը, հուղարկավորվում, ընտանիքն արդեն հիմնադրամի հիմնական ծրագիր է մտնում, որը զոհվածների համար է։

«Նշածս 1083 հոգուց 390 անձ արդեն իսկ դարձել են հիմնադրամի շահառու», - փոխանցեց Սաիյանը։

Նա շեշտում է, որ թվերն այստեղ անընդհատ են փոխվում, երբևէ անհետ կորած համարված 1083 զինծառայողներից զգալի թիվ են կազմում զոհվածները, բայց կան նաև գերությունից վերադարձածներ՝ 10 հոգի։

Ըստ հիմնադրամի այս պահի տվյալի, այժմ անհետ կորածի 475 ընտանիք է աջակցություն ստանում։ Հարցին, թե ինչու է այս թիվը տարբերվում Քննչական կոմիտեի հրապարակած թվից ՝ 275, Սաիյանը պատասխանեց, թե մինչև կոմիտեի տեղեկատվությունը հիմնադրամի համակարգ է մտնում, ժամանակ է անցնում։

Անհետ կորած զինծառայողների ծնողներն ամիսներ շարունակ շրջում են դիահերձարաննեորվ, հետևում ԴՆԹ փորձաքննությունների ընթացքին, անձամբ մասնակցում որոնողական աշխատանքներին, սեփական հետաքննություններով փորձում գտնել իրենց հարազատի վերջին հետքը։ Ծնողների մի խմբի այսօր կառավարության ղեկավարն է ընդունել, մեկ այլ խումբ օրեր առաջ մեկնել էր Մոսկվա՝ հույսով, թե ռուսական կողմի ճնշմամբ Ադրբեջանը գոնե իր մոտ պահվող հայ գերիների ցանկը կբացահայտի։

«Մենք չգիտենք քանի հոգու ենք փնտրում, ճիշտն ասած», - «Ազատությանն» ասաց Արցախի ներքին գործերի նախարարության մամլո խոսնակ Հունան Թադևոսյանը։

Նրա հավաստմամբ, պատերազմական տարածքները՝ թե՛ Արցախին մնացած ու թե՛ Ադրբեջանի տիրապետության տակ անցած, փրկարարներն ամենուր մտել են, և 8 ամիս շարունակ գտնվում են զինվորների մասունքներ․ - «Այսօր ընթացել է Մարտունու շրջանում, այն տարածքներում, որ հիմա գտնվում են Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում։ Այդտեղ իրականացված աշխատանքների արդյունքում հայտնաբերվեց ևս երեք աճյուն»։

Օրեր առաջ էլ Հադրութից ևս 8 աճյուն էր հայտնաբերվել։ Արցախի փրկարարները այս ամսին արդեն 22 զինծառայողի մարմին են գտել։ Գենետիկ փորձաքննություններով պետք է նույնականացվի՝ ովքե՞ր են նրանք, ո՞ւմ որդին, եղբայրը կամ ամուսինը։ Հնարավոր է, որ չպարզվի էլ։ Կան ընտանքիներ, որ հրաժարվում են ԴՆԹ թեստ հանձնել՝ չհավատալով հնարավոր ողբերգությանը։

XS
SM
MD
LG