Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն «ո՛չ սև, ո՛չ սպիտակ, այլ համերաշխության գույնն է առաջարկում»


«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը Երևանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում էր: Ներկաներին ու նախկիններին կա՛ այլընտրանք, ասում են ընդդիմադիր կուսակցության անդամները։ Իրենք ո՛չ սև, ո՛չ սպիտակ, այլ համերաշխության գույնն են առաջարկում։

Հեղափոխությունից հետո ձևավորված և 3 տարին չբոլորած խորհրդարանի լուծարումից հետո քաղաքացիներն ունեն հնարավորություն նոր խորհրդարան ձևավորելու և այդ հնարավորությունից պետք է օգտվեն, կոչ են անում կուսակցության անդամները ու վստահեցնում, թե ընտրելով իրենց կուսակցությանը, քաղաքացին ձայնը տալիս է ոչ թե քաղաքական ուժին, այլ գաղափարին, իսկ «Լուսավորը» առաջ է քաշում համերաշխության ու միասնականության գաղափարը։

Քաղաքական ուժերն այսօր սկսել են կիրառել գործիքներ, որոնք մարդկանց մոտ ասոցացվում են խփելու, ծեծելու, ջարդելու հետ՝ նկատում է կուսակցության անդամ, Ազգային ժողովի պատգամավոր Անի Սամսոնյանը․ - «Մենք որքան հնարավոր է ջանք ենք գործադրում, որ հնարավորինս մեղմենք մարդկանց ագրեսիվությունը, բերենք մարդկանց հաշտության, համերաշխության, բայց այս առաջնորդները գնալով ավելի պատկերավոր ձևով են ժողովրդին ցույց տալիս, թե ինչ կանեն իրենք, եթե ստանան իշխանություն։ Սա վտանգավոր է»։

«Լուսավորի» համերաշխության կոչը մարդիկ ընդունել են, որովհետև հոգնել են գզվռտոցներից, համոզված է Գևորգ Գորգիսյանը։ Երկրի առաջ այսօր բազմաթիվ խնդիրներ են ծառացած, լուծել դրանք առանց համերաշխության չեն կարող։ Անվտանգությունը այսօր քաղաքացիներին անհանգստացնող թիվ մեկ հարցն է, բայց դրան զուգահեռ բազմաթիվ այլ խնդիրներ էլ կան, որոնց մասին մարդիկ բարձրաձայնում են նաև քարոզարշավի ընթացքում, մասնավորապես տնտեսության վիճակն է մտահոգիչ։

«Տնտեսական կոլապս է, ոչ մի ձև տնտեսությունը առաջ չի գնում, և մարդկանց ձեռքը ուղղակի փող չկա։ Չնայած վերջին շրջանում, էս նախընտրական ծախսերի շրջանակում կարծես թե մարդկանց մի քիչ թոթափվել է էդ բեռը, բայց ամեն դեպքում սա շարունակում է մնալ կարևոր և լրջագույն խնդիրներից մեկը՝ անվտանգություն և տնտեսական հարցեր», - նշեց Գորգիսյանը։

Թե՛ անվտանգության ապահովման, թե՛ տնտեսության զարգացման համար կուսակցությունը նախընտրական ծրագրում առաջարկում է լուծման մեխանիզմներ։ Հայաստանի միջազգային ռազմաքաղաքական փոխգործակցությամբ և սփյուռքի ներուժի ներգրավմամբ արդիականացնել և վերազինել զինված ուժերը, ամրացնել ու բարձր տեխնոլոգիաներով կահավորել նոր ձևավորված պետական սահմանը, առաջնագծում տեղակայել պայմանագրային զինվորականներ։ Տնտեսությունը զարգացնելու համար «Լուսավոր Հայաստանն» առաջարկում է «Սկսիր Հայաստանում» սկսնակ բիզնեսներին պետական աջակցության ծրագիր իրականացնել։

«Մենք ունենք շատ ծրագրեր, մենք գիտենք ինչպես վերականգնել բանակը, մենք գիտենք ինչպես պաշտպանել մեր սահմանները, ինչպես զարգացնել գիտությունը․․․ Բայց մենք շատ լավ հասկանում ենք, որ այս ծրագրերը չենք կարող կյանքի կոչել, եթե մեր երկրի ներսում շարունակենք իրար ատել, հայհոյել, վիրավորել», - հայտարարեց Անի Սամսոնյանը։

44-օրյա պատերազմից հետո խորացող քաղաքական ճգնաժամի պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունններ պահանջող «Լուսավոր Հայաստան»-ի անդամներն ասում են, որ որևէ պաշտոնի չեն հավակնում, պատրաստ են հրաժարվել դրանցից՝ ձևավորելու Ազգային համաձայնության կառավարություն, որտեղ կներգրավվեն ոչ միայն խորհրդարանական, այլև արտախորհրդարանական ուժերը։

Համերաշխության կոչերը ողջունում են, բայց ընտրության հարցում դեռ վերջնական չեն կողմնորոշվել, ասում են քաղաքացիները։ Ավելին՝ բոլորին կոչ են անում գնաալ ընտրությունների։

«Անպայման պետք ա գնալ, որ ձեր ձայնը չվերցվի, տրվի ուրիշին։ Հերիքա ինչքան տուժվեցինք, ինչքան պատժվեցինք, ինչքան կորուստ ունեցանք։ Էնպես անենք, որ մեր երեխաները, մեր թոռները, մեր ժողովուրդը ապրի», - «Ազատությանն» ասաց միջին տարիքի մի տղամարդ։

Յոթերորդ գումարման խորհրդարանում 17 մանդատ ունեցող «Լուսավոր Հայաստանը» ընտրություններին մասնակցում է 106 հոգանոց ցուցակով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG