Մատչելիության հղումներ

Էրդողան․ «Ցեղասպանության հարցը Բայդենի հետ հանդիպման ընթացքում, փառք Աստծո, չի քննարկվել»


«Դրական և արդյունավետ», - այսպես բնութագրեց Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը Թուրքիայի ղեկավար Ռեջեպ Թայիփ Էրդողանի հետ երեկ երեկոյան Բրյուսելում ավելի քան մեկուկես ժամ շարունակված բանակցությունները։

«Ես հենց նոր ավարտեցի հանդիպումը նախագահ Էրդողանի հետ։ Դա դրական և արդյունավետ հանդիպում էր, դրա զգալի մասն անցավ դեմ առ դեմ ձևաչափում։ Մենք մանրամասնորեն քննարկեցինք մի շարք խնդիրների շուրջ մեր հետագա անելիքները։ Մեր երկու երկրները շատ ծավալուն օրակարգ ունեն։ Մեր թիմերը մտադիր են շարունակել այս քննարկումները, և ես վստահ եմ, որ Թուրքիայի և Միացյալ Նահանգների հարաբերություններում մենք իրական առաջընթաց կարձանագրենք», - հայտարարում էր Ջոզեֆ Բայդենը:

Թուրքիայի նախագահը ևս այս հանդիպումը բավական դրական էր գնահատում՝ նշելով, որ այն կարող է նպաստել երկկողմ հարաբերություններում առկա տարաձայնությունների հաղթահարման ավելի գործուն մեխանիզմների ստեղծմանը։

«Կարծում եմ, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում անլուծելի խնդիրներ չկան։ Համագործակցության ասպարեզները շատ ավելի ընդարձակ են և հեռանկարային, քան առկա խնդիրները», - հայտարարում էր Էրդողանը։

Բրյուսել մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը հայտարարել էր, որ բանակցությունների ընթացքում քննարկվելու է նաև ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը։ Երեկ` արդեն հանդիպումից հետո կայացած ասուլիսի ժամանակ, պատասխանելով CNN Turk հեռուստաընկերության լրագրրողուհու հարցին, թե ի վերջո նախագահները խոսել են այս թեմայից, թե ոչ, Էրդողանը ժպիտով պատասխանեց. «Փառք Աստծո, բանակցությունների ընթացքում այդ հարցը չի արծարծվել»։

Փոխարենը, Թուրքիայի և Միացյալ Նահանգների նախագահները բանակցությունների մի զգալի հատվածը երեկ նվիրեցին Անկարայի և Վաշինգտոնի հարաբերություններում առկա առանցքային տարաձայնությանը՝ Էրդողանի կառավարության կողմից ռուսական արտադրության C-400 (S-400) հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերմանը։ Բանակցությունների ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր ամերիկացի պաշտոնակցին մեկ անգամ ևս ներկայացրել էր այն դրդապատճառները, որոնք իր պնդմամբ` ստիպել էին Անկարային դիմել ռուսների օգնությանը։

«Միացյալ Նահանգները մեզ չտրամադրեց Patriot համակարգերը, ուստի մենք ստիպված էին գնել C-400-ները։ Մենք, սակայն, պայմանավորվեցինք, որ մեր արտաքին գործերի և պաշտպանության նախարարներն իրենց աշխատանքային խմբերի հետ միասին պետք է քննարկեն այս խնդիրը և տեսնեն, թե պաշտպանական արդյունաբերության ոլորտում ինչ է հնարավոր անել։ Մեր հետագա քայլերը մենք կհստակեցնենք արդեն այդ քայլերից հետո», - հայտարարում էր Թուրքիայի նախագահը։

Ըստ թուրքական մամուլի` C-400-ների հարցում ամերիկյան կողմից զիջումների փաստացի բացակայությունը առաջինը զգաց երկրի ֆինանսական շուկան։ Այսօր առավոտյան, Բրյուսելից ստացվող լուրերի ֆոնին, Թուրքիայի ազգային տարադրամի՝ լիրայի փոխարժեքը մոտ մեկ տոկոսի անկում է արձանագրել։ Թուրքական մի շարք թերթերի պնդմամբ` Բայդենի և Էրդողանի բանակցություններից առաջ թուրքական բիզնես շրջանակները լուրջ հույսեր ունեին, որ կողմերը կկարողանան գոնե պաշտպանական ոլորտին վերաբերող հարցերում որոշակի համաձայնությունների հանգել, ինչն իր հերթին, ըստ թուրքական խոշոր բիզնեսի ներկայացուցիչների, կնպաստեր երկրում ներդրումային մթնոլորտի որոշակի առողջացմանը։

Կոնկրետ արդյունքների բացակայության պայմաններում կողմերն առայժմ զգուշավոր լավատեսություն են ցուցաբերում՝ ընդգծելով, որ նախագահների հանդիպումով հնարավոր է եղել որոշակիորեն փոխել երկու երկրների միջև ձևավորված անառողջ մթնոլորտը։ Անկարայում նույնիսկ չեն բացառում, որ նախագահ Բայդենն իր նախագահության ընթացքում կարող է պաշտոնական այցով ժամանել Թուրքիա։ Այցի հրավերը Էրդողանը Բայդենին է փոխանցել երեկ՝ ճիշտ է, որևէ հստակ պատասխան առայժմ չստանալով։

«Դա իմ ցանկությունն է. ես պարոն Բայդենին հրավիրեցի Թուրքիա։ Նա պատասխանեց, որ իր այցը չի բացառվում։ Դա, սակայն, հնարավոր է այն բանից հետո, երբ [ԱՄՆ նախագահի] խիստ լարված աշխատանքային գրաֆիկը որոշակիորեն բեռնաթափվի», - նշում էր Թուրքիայի նախագահը։

Գլխավորն, ինչ այսօր արձանագրում է ամերիկյան մամուլը, մեկնաբանելով Բայդեն-Էրդողան առաջին հանդիպման արդյունքները, S-400 համակարգերի հարցում կողմերի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների բացակայությունն է։ «Էրդողանը շարունակում է համառել հրթիռային համակարգերի շուրջ Ռուսաստանի հետ կնքված պայմանագրի հարցում», - արձանագրում է CNBC-ն։ Politico-ի մեկնաբանի գնահատմամբ ևս. «Էրդողանը S-400-ների հարցում այդպես էլ չփոխեց իր տեսակետը»։

XS
SM
MD
LG