Մատչելիության հղումներ

Պուտինն ու Բայդենը վաղը Ժնևում կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը


Արխիվային լուսանկար

Վաղը Ժնևում կայանալիք բանակցություններին Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներն այլ հարցերի շարքում կքննարկեն նաև ղարաբաղյան խնդիրը: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինի օգնական Յուրի Ուշակովը:

«Դեսերտին էլ թողել են տարածաշրջանային խնդիրները` Մերձավոր Արևելքը, Սիրիան, Լիբիան, իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակը, կարգավորումը Աֆղանստանում, Կորեական թերակղզում, Լեռնային Ղարաբաղում և իհարկե Ուկրաինան», - ՏԱՍՍ-ին ասել է նա:

Միացյալ Նահանգները և Ռուսաստանը Ֆրանսիայի հետ մեկտեղ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներ են, և Վաշինգտոնն ու Փարիզը հետպատերազմյան այս շրջանում պարբերաբար հայտարարում են, որ պետք է վերսկսել բանակցությունները համապարփակ կարգավորման հասնելու համար: Անցած շաբաթ, հիշեցնենք, Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ հայտարարել էր, թե ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները պետք է շարունակել Մինսկի խմբի շրջանակներում, սակայն դրանք ավելի ճիշտ կլինի վերսկսել 2-3 տարի հետո:

«Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերություններում իրավիճակը մոտ է կրիտիկականին, և երկու երկրների նախագահների հանդիպումը Ժնևում պետք է օգնի նրանց ինչ-ինչ հարցերում փոխըմբռնման հասնել», - կարծում է ՌԴ նախագահի օգնականը: Նրա խոսքով` Բայդենը և Պուտինը կքննարկեն Մոսկվային և Վաշինգտոնին հուզող գրեթե բոլոր թեմաները, այդ թվում` չլուծված երկկողմ հարցերը, ռազմավարական կայունությունը և տարածաշրջանային հակամարտությունները:

Նախագահի օգնականը հավելել է, թե երկու երկրների առաջնորդները կարող են սկսել քննարկել ինչ-որ այլ հարց: Ուշակովը, մասնավորապես, ենթադրում է, որ հանդիպմանը Բայդենը անպայման կբարձրացնի Նավալնիի հարցը:

Արդեն հայտնի է, թե ինչ ձևաչափով են լինելու բանակցությունները, տետատետ բանակցությունները, ըստ էության, նախատեսված չեն, նեղ շրջանակով հանդիպմանը ներկա են լինելու ՌԴ արտգործնախարարն ու ԱՄՆ պետքարտուղարը: Թե ինչքան կտևեն բանակցությունները, Ուշակովը չի հայտնել` նկատելով, որ սահմանափակումներ չկան. «Նախագահները կբանակցեն այնքան ժամանակ, որքան ուզեն, կախված է, թե ինչպես կընթանան դրանք, ինչ մթնոլորտում»:

Հայտնի է նաև, որ բանակցություններից հետո Պուտինը և Բայդենն առանձին մամլո ասուլիսներ կտան, համատեղ ասուլիս նախատեսված չէ:

Բանակցությունների նախօրեին Բայդենը Պուտինին բնութագրել է որպես խելացի և կոշտ հակառակորդ` հավելելով. «Ես պարզ կհասկացնեմ նախագահ Պուտինին, որ կան ոլորտներ, որտեղ մենք կարող ենք համագործակցել, եթե նա համաձայնի, իսկ եթե նա որոշի չհամագործակցել և գործի այնպես, ինչպես նա գործել է անցյալում, կիբեռանվտանգության և մի շարք այլ հարցերի վերաբերյալ մենք կպատասխանենք, մենք նույն կերպ կպատասխանենք», - ասել է Բայդենը` հստակեցնելով, որ նաև կպարզաբանի Պուտինին, թե որտեղ է անցնում թույլատրելի սահմանը:

Պուտինն էլ իր հերթին Ժնևում կայանալիք հանդիպումից առաջ խոսել է ԱՄՆ նախագահից: Ամերիկյան NBC ՀԸ տված հարցազրույցում նա, մասնավորապես, ասել է, թե ի տարբերություն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի` Ջո Բայդենը քաղաքականության մեջ պրոֆեսիոնալ է: Ամերիկացի լրագրողը Պուտինին ուղիղ հարցրել է, թե արդյոք նա մարդասպան է, ինչին ի պատասխան` Պուտինն ասել է, որ իրեն հաճախ են տարբեր բաների մեջ մեղադրում, իսկ ինքը պարզապես իր երկրի շահերն է պաշտպանում:

Հարցին, թե կարող է որպես ՌԴ նախագահ երաշխավորել, որ ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին չի մահանա գաղութում, Ռուսաստանի նախագահը միանշանակ պատասխան չի տվել` ասելով, թե որևէ հատուկ վերաբերմունք Նավալնու նկատմամբ չկա:

Ռուսաստանցի և ամերիկացի փորձագետներն ակնկալում են բարդ բանակցություններ Ժնևում, այնուամենայնիվ սպասվող բանակցություններն արդեն դրական են ազդել նույնիսկ ռուսական ռուբլու վրա. այն արդեն մեկ շաբաթից ավելի է` մասնագետների համար անսպասելի աճում է:

XS
SM
MD
LG