Մատչելիության հղումներ

Ըստ Բլինքենի, «Բայդենը Պուտինին կոչ կանի խուսափել ագրեսիվ քայլերից»


ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը և ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, Մոսկվա, 10 մարտի, 2011թ.

Պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը կիրակի օրը խոսել է Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենի և Վլադիմիր Պուտինի առաջիկա հանդիպման մասին, ասելով, թե այն կընձեռի կարևորագույն խնդիրները քննարկելու հնարավորություն:

Բլինքենի փոխանցմամբ, Բայդենը մտադիր է ուղիղ և անկեղծ եղանակով Պուտինին նախազգուշացնել այն միջոցների մասին, որոնք Վաշինգտոնը կձեռնարկի ի պատասխան իր նկատմամբ Ռուսաստանի հնարավոր ագրեսիվ և վնասակար քայլերի:

«Մենք կգերադասենք Ռուսաստանի հետ հաստատել կայուն և կանխատեսելի հարաբերություններ, բայց միաժամանակ մենք նաև հստակ հայտնել ենք, որ եթե Ռուսաստանը մեր երկրի կամ մեր դաշնակիցների հանդեպ ընտրի արգեսիվ, անպատասխանատու և անխոհեմ կեցվածք, մենք միանշանակ կտանք կոշտ պատասխան», - ասել է պետքարտուղարը Axios լրատվական կայքին տված հարցազրույցում, որից մի հատված հեռարձակել է HBO ամերիկյան հեռուստացանցը:

Բլինքենի խոսքով, Բայդենը որոշել է հանդիպել Պուտինի հետ, չնայած ռուսների ագրեսիվ պահվածքին և ամերիկյան ընկերությունների վրա վերջին հաքերային գրոհներին, քանի որ «դեմ առ դեմ հանդիպումը բարդ թեմաները քննարկելու լավագույն միջոցն է»:

Բլինքենն ասել է հարցազրույցում, թե կան խնդիրներ, որոնք երկու երկրները պարտավոր են միասին լուծել, ինչը կնպաստի Ամերիկայի և Ռուսաստանի ժողովուրդների և ամբողջ աշխարհի անվտանգությանը, ռազմավարական կայունությանը և սպառազենի վերահսկողությանը:

Պետքարտուղարը չի ցանկանում կանխագուշակել, թե որքանով արդյունավետ կլինի այդ հանդիպումը:

«Դա կլինի քննություն մեր հարաբերությունները բարելավելու հարցում, չեմ կարող ասել, թե որքանով եմ լավատես այս հանդիպման վերաբերյալ, բայց համոզված եմ, որ դրա անցկացումը շատ կարևոր է», - ասել է Էնթոնի Բլինքենը:

Նրա կարծիքով, սոսկ մեկ հանդիպումով երկկողմ հարաբերությունները բարելավելու հարց չես լուծի, բայց կարող են ի հայտ գալ դրա հնարավորության մասին վկայող ինչ-որ ազդակներ:

«Բոլոր դեպքերում, մենք պատրաստ ենք գործել: Եթե Ռուսաստանը որոշի շարունակել անխոհեմ և ագրեսիվ գործողությունները, մենք պատրաստ ենք վարել քաղաքականությունն այդ տարբերակով, եթե ընտրի այլ ուղի, մենք պատրաստ ենք փոխգործության»,- Axios լրատվական կայքին կիրակի օրը տված հարցազրույցում ասել է ԱՄՆ պետական քարտուղար Էնթոնի Բլինքենը:

Ավելի վաղ երկու երկրների հարաբերություններն է մեկնաբանել նաև նախագահ Ջո Բայդենը: Պուտինի հետ հանդիպմանն ընդառաջ նա հատուկ հոդված է գրել, որը լույս է տեսել The Washington Post-ում:

Բայդենը հոդվածում ընդգծել է, որ Վաշինգտոնն առանց վարանելու կպատասխանի Ռուսաստանին, եթե ռուսական կողմը կփորձի վնաս հասցնել ԱՄՆ-ին:

«Մենք այնպես ենք արել, որ Ռուսաստանի համար ծանր հետևանքներ են առաջացել մեր դեմոկրատական ընտրություններին միջամտելու համար: Պուտինը գիտի, որ մենք պատրաստ ենք պատասխան տալ նաև ապագայում հնարավոր վնասակար քայլերին, երբ մենք կհանդիպենք Ժնևում, ես վերստին կընդգծեմ ԱՄՆ-ի հաստատակամությունն այդ հարցում»,- ասվում է Ջո Բայդենի հոդվածում:

Microsoft ընկերության փոխնախագահ Թոմ Բերդն ավելի վաղ հայտնել է, որ ամերիկյան և միջազգային մի շարք պետական և մասնավոր հիմնարկներ, գիտական կենտրոններ և արտադրական ընկերություններ հաքերային գրոհների են ենթարկվել Nobelium անվամբ հայտնի ռուսական խմբավորման կողմից:

Առավելապես տուժել է JBS բրազիլական ընկերությունը, որը մսամթերքի ամենախոշոր արտադրողն է ամբողջ աշխարհում:

Մայիսի սկզբին հաքերային գրոհների է ենթարկվել էներգակիրների փոխադրման ոլորտում աշխատող Colonial Pipeline ամերիկյան խողովակաշարային ընկերությունը:

Ենթադրվում է, որ այդ հարձակումը կազմակերպել է DarkSide խմբավորումը, որը տեղակայված է կա՛մ Ռուսաստանում, կա՛մ Արևելյան Եվրոպայում, սակայն, ըստ ամերիկյան հետախուզության, որևէ կառավարության հետ կապ չունի և գրոհները կատարում է միայն փող կորզելու նպատակով:

Ռուսաստանի ղեկավարներն ու անձամբ նախագահ Պուտինը մշտապես հերքել են այդօրինակ մեղադրանքները և «անհեթեթություն» են անվանել իշխանության և հաքերների համակարգված գործողությունների մասին պնդումները:

Պուտինն ասել է, թե Արևմուտքում նման թեզեր են տարածում Բայդենի հետ հանդիպման նախօրեին մթնոլորտն ապականելու համար:

Միացյալ Նահանգների և Ռուսաստանի նախագահներ Ջո Բայդենը և Վլադիմիր Պուտինը պետք է հանդիպեն հունիսի 16-ին Ժնևում:

XS
SM
MD
LG