Մատչելիության հղումներ

Խզմալյանի խոսքով` ԱԺԲ-ում մերժել են Եվրոպական կուսակցությանը հավասար պայմաններով դաշինքի մեջ ընդունել


Արտահերթ խորհրդարանական ընտրություններին 23-րդ համարով մասնակցող Հայաստանի եվրոպական կուսակցության վարչապետի թեկնածու Տիգրան Խզմալյանն իր կուսակիցների հետ քարոզարշավի 8-րդ օրը խորհրդային շրջանում բռնադատվածների հուշահամալիրում էր. այսօր նշվում է վերջիններիս հիշատակի օրը։

«Տասնյակ հազարներ կորցրին իրենց կյանքը, անմեղ հայեր, որոնք պայքարում էին սովետական իշխանության դեմ ինչպես փետրվարյան ապստամբության 50 օրերի ընթացքում, որոնք պարզապես հավատացին, որ Հայաստանը իրենց հայրենիքն է, և եկան, իսկ իրենց աքսորեցին Սիբիր, Ալթայ: Այդ հազարավոր մարդկանց հիշատակը մենք այսօր նշեցինք այստեղ, եկանք, դրեցինք ծաղիկներ», - նշեց նա:

Տիգրան Խզմալյանի խոսքով՝ հայաստանյան թատերաբեմում հիմնական պայքարն Արևմուտքի և Ռուսաստանի միջև է. «Սա, իմ տպավորությամբ, լինելու են վերջին ընտրությունները Հայաստանում, որոնք դեռևս անցնում են ռուսական հատուկ ծառայությունների վերահսկողության և ճնշման տակ: Ճնշումն ահռելի է, և անգամ այն, որ կարծեցյալ բազմազանություն է կուսակցությունների, իրականում նրանց ճնշող մեծամասնությունը, իմ պնդմամբ, հանդիսանում են այսպես կոչված «26 Բաքվի կոմիսարներ»: Իրենք Մոսկվայի պրոյեկտներ են: Կա և որոշակի քանակություն ժողովրդավարական առաջադեմ խմբերի, կուսակցությունների: Որքան էլ դա տհաճ կարող է հնչել, այնուամենայնիվ մենք պետք է գիտակցենք, որ ապրում ենք արագ փոխվող աշխարհում, և հիմա ժողովրդավարությունների, բռնապետությունների հերթական պայքարն է: Ցավոք սրտի, Հայաստանը դեռևս բռնապետական ճամբարում է, մենք փորձում ենք դուրս բերել մեր հայրենիքը և բերել այն ժողովրդավարությունների աշխարհ»:

Ընտրական գործընթացներից առաջ Տիգրան Խզմալյանը Ազգային ժողովրդավարական բևեռի լիդերներից էր: Ինչո՞ւ բևեռն ու իր ղեկավարած ուժը միասին չեն մասնակցում արտահերթին:

«Բևեռի դեպքում մեզ մերժեցին Եվրոպական կուսակցությունը դաշինքի մեջ ընդունել, ուզում էին սահմանափակվել միայն Արկադի Վարդանյանի և իմ ներկայությամբ, իսկ երբ մենք առաջարկեցինք «Սասնա ծռեր» և Ազգային ժողովրդավարական բևեռ կուսակցություն դարձած կառույցի մեջ ընդգրկել նաև Եվրոպական կուսակցությունը հավասար պայմաններով` ⅓-ը, մենք ստացանք մերժում: Ես հիմա չեմ կարող պատասխանել այդ հարցին, թե ինչու մերժումը եղավ, բայց այդպես եղավ, և փաստորեն սա նաև քաղաքական ու գաղափարական արդեն սկսված ինչ-որ տարանջատում էր», - պատասխանեց Խզմալյանը:

Նախընտրական քարոզարշավի հռետորաբանությունը, փոխադարձ մեղադրանքներն ու փոխհրաձգությունները, Տիգրան Խզմալյանի գնահատմամբ, խայտառակություն են ու քաղաքացիական ատելություն սերմանելու փորձ. «Ժողովուրդը չի տրվի դրան, ես վստահ եմ, որովհետև մեծ հաշվով բնազդով մարդիկ հասկանում են, որ նրանց փորձում են պահել կամ ներքաշել այդ ռուս-թուրքական դաշինքի գաղափարական ճահիճը, անգամ հռետորաբանությունն է այնտեղից»:

Քարոզարշավը Եվրոպական կուսակցությունը համեստ է անցկացնում, Խզմալյանն ասում է՝ օլիգարխական միջոցներ չունեն: Առաջիկա օրերին կուսակցության երկրորդ համար, երգահան Ռուբեն Հախվերդյանը տարբեր քաղաքներում համերգներ կտա, որոնք հանրահավաքային բնույթ կկրեն. «Մենք առաջարկեցինք մեր հասարակությանը շատ պարզ ընտրություն` Հայաստանը Եվրոպա է և վերջ, եթե ուզում եք, որ ձեր երեխաները ստանան եվրոպական կրթություն, ձեր ծնողները ստանան եվրոպական մակարդակի առողջապահություն, եթե ուզում եք, որ մենք բոլորս ապրենք եվրոպական չափանիշների կենցաղով, օրենքներով, պետք չի գնալ Եվրոպա, Ամերիկա, կարելի է այդ ամենը ստեղծել այստեղ` Հայաստանում»:

XS
SM
MD
LG