Մատչելիության հղումներ

Բայդենի փոխանցմամբ, Մոսկվան կապ չունի ամերիկյան նավթամուղի վրա կիբերգրոհի հետ


Colonial Pipeline ընկերության նավթապահեստները, արխիվ

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը երեկ ասել է, թե չկան փաստեր, որոնք թույլ կտային պնդել, որ Մոսկվան առնչություն ունի ամերիկյան նավթատարի վրա կիբերհարձակման հետ:

Ըստ ամերիկյան հետախուզական աղբյուրների, Ռուսաստանի իշխանության ներգրավվածության մասին տվյալներ չկան, բայց չի կարելի բացառել, որ ցանցահենները գտնվում են Ռուսաստանի տարածքում:

Այդ գրոհի հետևանքով կաթվածահար է եղել Colonial Pipeline նավթամուղը, որով հումքը հասնում է ԱՄՆ-ի արևելյան ափ:

«Ես [այս տարվա ամռանը] հանդիպելու եմ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, հիմա չկան հետախուզության տվյալներ այդ գրոհին Ռուսաստանի մասնակցության մասին, բայց կա տեղեկություն, ըստ որի այդ դրամաշորթները և չարանենգները Ռուսաստանում են գտնվում, և ռուսներն ինչ-որ բան պետք է անեն այդ առումով»,- ասել է Բայդենը:

Ցանցահենները մայիսի 7-ին են հարձակվել Colonial Pipeline ընկերության կայքի վրա, ինչի հետևանքով խափանվել է բենզինի, ավիացիոն կերոսինի, դիզելային վառելիքի և այլ նավթամթերքի մատակարարումը:

Հետաքննությունների դաշնային գործակալության փոխանցմամբ, գրոհը կազմակերպել է DarkSide անվամբ հաքերային խմբավորումը, որը հայտարարել է, թե իր նպատակը ոչ թե հանրության համար դժվարություններ ստեղծելն է, այլ փող ստանալը:

Colonial Pipeline-ը չի հայտնում, թե ինչ փրկագին են պահանջել հաքերները: Ենթադրվում է, որ ընկերության բոլոր խողովակաշարերի աշխատանքը կվերականգնվի մինչև այս շաբաթավերջ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG