Մատչելիության հղումներ

Ըստ FBI-ի՝ մսամթերք արտադրող խոշորագույն JBS ընկերության դեմ հարձակման հեղինակները ռուս հաքերներն են


JBS-ի ԱՄՆ-ում գործող ձեռնարկություններից մեկը, արխիվ
JBS-ի ԱՄՆ-ում գործող ձեռնարկություններից մեկը, արխիվ

Պաշտոնական Վաշինգտոնը պնդում է, որ մսամթերքի արտադրությամբ զբաղվող աշխարհի խոշորագույն ընկերության՝ JBS-ի դեմ իրականացված հաքերային հարձակման թիկունքում ռուսաստանցի կիբերհանցագործներն են։

Միացյալ Նահանգների Հետաքննությունների դաշնային բյուրոյի (FBI) տեղեկություններով՝ խոսքը Ռուսաստանում գործող Revil հաքերային խմբավորման մասին է, որի գործողությունների հետևանքով JBS-ի ԱՄՆ-ում գործող բոլոր գործարանների աշխատանքը խաթարվել է, տուժել են նաև Կանադայում և Ավստրալիայում գտնվող ձեռնարկությունները։ «Հաքերները JBS-ի ներքին ցանցի հասանելիությունը վերականգնելու դիմաց ընկերությունից փրկագին են պահանջել», - հաղորդում է Reuters գործակալությունը։

Անցած գիշեր Սպիտակ տանը կայացած ասուլիսի ժամանակ խնդրին անդրադարձել է նաև Միացյալ Նահանգների նախագահ Ջոզեֆ Բայդենը՝ խուսափելով սակայն պատասխանել հարցին՝ արդյո՞ք հաքերային այս հարձակումից հետո Վաշինգտոնը Ռուսաստանի դեմ պատասխան քայլեր կձեռնարկի, թե՞ ոչ։

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին, այդուհանդերձ, նշել է, որ Ռուսաստանից իրականացվող հաքերային հարձակումների թեման, ըստ ամենայնի, ընդգրկված կլինի ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների՝ հունիսի 16-ին Ժնևում կայանալիք բանակցությունների օրակարգում։

XS
SM
MD
LG