Մատչելիության հղումներ

ՀՀ ՊՆ-ն հերքում է, թե հունիսի 1-ին հայ զինվորները հատել են Ադրբեջանի սահմանը


Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքում է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության կողմից տարածված տեղեկատվությունը, թե հունիսի 1-ի երեկոյան հայ զինվորները հատել են ադրբեջանական սահմանը:

Ադրբեջանական կողմը մասնավորապես հաղորդել էր, որ հունիսի 1-ին, ժամը 20: 00-ի սահմաններում, շուրջ 40 հայ զինվոր խախտել է Ադրբեջանի սահմանը Քելբաջարի շրջանում և 400 մետր առաջ շարժվել Արմուդլու գյուղի ուղղությամբ: Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Ադրբեջանի զինված ուժերի ձեռնարկած միջոցառումների արդյունքում հայ զինվորները լքել են Ադրբեջանի տարածքը:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության զինված ուժերը, ո՛չ հունիսի 1-ին և ո՛չ էլ դրան նախորդող օրերին, Ադրբեջանի Հանրապետության սահմանը չեն հատել, և դրա վերաբերյալ բոլոր պնդումներն այդ երկրի պաշտպանական գերատեսչության կողմից տարածվող ապատեղեկատվություն են, որի ծավալը, վերջին շրջանում, էապես ավելացել է։ Մասնավորապես՝ օրեր առաջ էլ Ադրբեջանի ՊՆ-ն պնդում էր, թե հայկական կողմը կրակ է բացել ինչպես հայ-ադրբեջանական սահմանին, այնպես էլ Շուշիի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիրքերի վրա, ինչը հերքվեց, համապատասխանաբար՝ Հայաստանի պաշտպանական գերատեսչության և Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարության կողմից», - ասված է Հայաստանի ռազմական գերատեսչության հաղորդագրության մեջ։

Նմանատիպ ապատեղեկատվությունը, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության, ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունը շրջանառության մեջ է դնում «ՀՀ զինված ուժերի կողմից հայ-ադրբեջանական սահմանային իրադրությունը սրելու փորձերի վերաբերյալ միջազգային հանրության շրջանում տպավորություն ստեղծելու, և Ադրբեջանի ԶՈՒ կողմից մայիսի 12-ին և 13-ին Հայաստանի Հանրապետության տարածք ներթափանցելու սադրանքը հակակշռելու նպատակով»։

Ադրբեջանական զորքը կես ամիս է՝ Հայաստանի տարածքում է։ Ներխուժել է մի քանի ուղղություններով, կիլոմետրերով խորացել և չի հեռանում։ Ավելին` պարբերաբար միջադեպեր են տեղի ունենում, մոտ մեկ շաբաթ առաջ էլ կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով զոհվել է հայ զինծառայող, մայիսի 27-ին էլ ադրբեջանցիները 6 հայ զինծառայողի են գերեվարել:

Ադրբեջանի հետ սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ Հայաստանը պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ-ին, ինչպես նաև ՌԴ նախագահին ռազմական օգնության համար:

Մինսկի խմբի համանախագահներ Միացյալ Նահանգները և Ֆրանսիան Ադրբեջանից պահանջել են դուրս բերել իր զինծառայողներին Հայաստանի ինքնիշխան տարածքից, իսկ Ռուսաստանն առաջարկել է սկսել հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը՝ դրան հաջորդող սահմանագծմամբ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG