Մատչելիության հղումներ

ՊՆ-ն հաստատում է՝ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Հայաստանի, Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Պաշտպանության նախարարությունը հաստատում է՝ երեկ Մոսկվայում վերսկսվել են բանակցությունները Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ներկայացուցիչների միջև։ Եռակողմ այս շփումները կլինեն շարունակական, նշում են այս գերատեսչությունից՝ չմանրամասնելով հանդիպման կոնկրետ օրակարգն ու մասնակիցներին։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալությունն էր տեղեկություն տարածել, որ հուլիսի 2-ին Մոսկվայում եռակողմ հանդիպում է եղել հայ-ադրբեջանական սահմանին լարվածության թուլացման ուղիների վերաբերյալ քննարկմամբ։ Ըստ հայաստանյան մամուլի՝ հանդիպման առանցքում նաև 8 օր առաջ հայկական տարածքից գերեվարված 6 հայ զինծառայողների վերադարձի հարցն է եղել։

Ինչպե՞ս են ավարտվել բանակցությունները, արդյոք հայտնի՞ է հաջորդ հանդիպման ժամկետը, պաշտպանական գերատեսչությունը մանրամասներ չի փոխանցում։ Ըստ տարբեր աղբյուրների՝ այս հանդիպմանը մասնակցել են ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար Մուրադովը, Հայաստանի գլխավոր շտաբի պետի տեղակալը։

Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն է այսօր Բաքու մեկնել՝ Ադրբեջանի գործընկերոջ հետ բանակցությունների։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը չի հաստատում, սակայն ըստ հայաստանյան մամուլի՝ Ռուստամ Մուրադովն էլ այստեղ պաշտոնական Երևանի հետ է հետբանակցային համաձայնություններ քննարկում։

Արդեն 23 օր է` ադրբեջանական զորքերը ներխուժել են հայկական տարածքներ՝ կիլոմետրերով խորացել Գեղարքունիքի ու Սյունիքի մարզերի ուղղությամբ, ադրբեջանական կրակահերթից մեկ հայ զինծառայող է սպանվել, 6 զինվորներ գերեվարվել են: Սահմանին պարբերաբար հայ ու ադրբեջանցի զինծառայողների միջև ձեռնամարտեր, ծեծկռտուքներ են տեղի ունենում, վերջինը երեկ առավոտյան էր՝ Գեղարքունիքի մարզում: Հրազեն չի կիրառվել, տեղեկացնում են Պաշտպանության նախարարությունից: Երկու հայ զինծառայողներ թեթև մարմնական վնասվածք են ստացել։

«Ադրբեջանցիները անխախտ տեղում են»

Մարզի գյուղերում արդեն սովորում են ադրբեջանական վրանների գոյությանն իրենց բարձունքներում, արոտավայրերում: Կութ համայնքի ղեկավար Սիմա Չիթչյանն ասում է` ադրբեջանցիները անխախտ տեղում են. «Նույն տեղերում կանգնած են, նույն դիրքերում, օրը 30 անգամ տեղանք ենք նայում հեռադիտակով, դե անզեն աչքով հեռվի մեջ լավ չեն երևում, բայց հեռադիտակով նայում ենք` իրենց նույն տեղերը, իրենց վրանները, զինվորները»:

Սահմանային լարվածության թուլացում բանակցություններով չի ստացվի. քաղաքագետ

Կովկասի ինստիտուտի փորձագետ Հրանտ Միքայելյանի կարծիքով` սահմանային լարվածության թուլացում բանակցություններով չի ստացվի, քանի դեռ ուժի լեզվով խոսող Ադրբեջանին հայկական բանակը չի կանգնեցնում. «Եթե Ադրբեջանը տեսնի, որ չի կարող ուժի լեզվով մեզ հետ խոսել, իսկ դրա համար ինքը նաև համարժեք ուժ պետք է տեսնի, այսինքն` որպեսզի բալանս լինի սահմանում, այդ ժամանակն ինքն ավելի շատ բանավոր կսկսի խոսել»:


Հայաստանի տարածք ներխուժելով` Ադրբեջանն, ըստ քաղաքագետի, բազմաթիվ հարցեր է լուծում` սրում է ներքաղաքական վիճակը` Հայաստանը դարձնելով իր համար ձեռնտու քաոս, զուգահեռ փորձում է ռուսական ներկայությունը թուլացնել. «Ադրբեջանը չի ուզում, որ որևէ բան սահմանափակի իր գործունեությունը Հարավային Կովկասում, հատկապես Սյունիքում և Արցախում, այսինքն` այդ ուղղությամբ ուզում է ազատվել ռուսական ներկայությունից, և Ադրբեջանին նաև ձեռնտու չի, որ այդտեղ որևէ այլ ուժ լինի, ենթադրենք Ֆրանսիան, որը մեկ-մեկ քննարկվում է: Եվ այսպիսով Ադրբեջանը փորձելու է ցանկացած գնով թույլ չտալ, որ այդտեղ, այսպես ասած, Ադրբեջանից, Հայաստանից և Թուրքիայից բացի, որևէ ուժ ներկայացված լինի»:

Հայաստանի վրա ճնշումներ գործադրելով` փորձում են նաև արագացնել Սյունիքի միջանցքի հարցը, ընդ որում, ըստ Միքայելյանի՝ իրենց ձեռնտու տարբերակով՝ միանգամից երեք՝ Գորիս-Կապան-Մեղրի գծերով ու ոչ միայն երկաթուղային ճանապարհով։ Քաղաքագետը շեշտում է՝ Ադրբեջանը նաև անընդհատ բանակցային նոր թեմաներ է օրակարգ բերում` մոռացնել տալով հները: Գերիների՞ն եք պահանջում, եկեք, խոսենք նոր գերիների մասին, Արցախից եք խոսում, խոսենք Սյունիքի ու Վարդենիսի մասին:

«Հայաստանը պետք է իր գործն անի, մենք կարող ենք աշխատել մեր պարտնյորների հետ, բայց մենք չենք կարող ակնկալել, որ ուրիշ երկրները, ուրիշ միավորները` ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, ՆԱՏՕ-ն, ОДКБ-ն մեր տեղը մեր գործը կանեն: Մենք պետք է մտնենք մեր գործերի մեջ, մենք պետք է սկսենք մեր հարցերի լուծումը, և միայն այդ դեպքում գոնե ինչ-որ չափով մենք կարող ենք հույս ունենալ աջակցության: Թույլ Հայաստանի հետ ոչ մեկը հաշվի չի նստի», - նշում է քաղաքագետը:

Լուծումը, ըստ Միքայելյանի, բանակի արագ արդիականացումն է՝ Բաքուն պետք է համարժեք ուժ տեսնի, որպեսզի իսկապես սկսի բանակցել, հակառակ դեպքում` առանց կրակոցի Հայաստանի տարածքում խորացած Ադրբեջանը հետո էլ կփորձի կրակոցներով առաջանալ:

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG