Ոստիկանությունը հաղորդում է, որ հունիսի 2-ին Աբովյան փողոցում՝ «Մոսկվա» կինոթատրոնի մոտ կատարված սպանությունը բացահայտվել է։
Ըստ հաղորդագրության՝ Գավառի բնակիչ, 50-ամյա Հովհաննես Վարդանյանի սպանության մեջ կասկածվող անձը «օտարերկրյա քաղաքացի է՝ Ալեքսանդր Բուզմառև, 23 տարեկան»։
Ոստիկանությունը դեպքից որոշ մանրամասներ է ներկայացնում՝ նշելով, որ սպանությունը կատարած անձն իրականում թիրախավորել և ցանկացել էր կրակել Հովհաննես Վարդանյանի հետ եղած տղամարդու վրա։
Հիշեցնենք՝ դեպքի օրը լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում էին` սպանված Վարդանյանը քրեական հեղինակություն համարվող «Քյավառցի Ռաֆոյի»՝ Ռաֆայել Մարդոյանի թիկնապահն է։ Ըստ լրատվամիջոցների՝ հանցագործի թիրախը եղել է Մարդոյանը, որն այդ պահին գտնվել է դեպքի վայրին հարակից «Գրանդ Հոթել Երևան» հյուրանոցում:
Ոստիկանությունը հայտնում է, որ սպանությունը կատարած անձն Աբովյան փողոց էր եկել՝ անցնելով Կողբացու փողոցով։
«Աբովյան փողոցում էլ սպասել էր զոհին, իսկ կրակելուց հետո փախել էր Հյուսիսային պողոտա, որտեղից էլ տաքսիով հասել էր Հալաբյան փողոց։ Այստեղ ազատվել էր հանցագործության գործիքից ու դեպքի ժամանակ կրած մարզահագուստից։ Հենց դեպքի օրը Հալաբյան փողոցի աղբամաններից մեկում հայտնաբերվեցին հանցագործության գործիք «Մակարով» ատրճանակը՝ լիցքավորված փամփուշտներով, և մարզահագուստը։ Պարզվել է նաև, որ տղամարդը մեկ այլ տաքսիով Հալաբյան փողոցից մեկնել էր Թալին, որտեղ խանութներից մեկում հագուստ էր գնել։ Կարճ ժամանակում հայտնաբերվել են նրան տեղափոխած տաքսու վարորդները, որոնց հայտնածով՝ կասկածվողը սլավոնական արտաքին ուներ և ռուսախոս էր։ Պարզվել է նրա ինքնությունը․ Ալեքսանդր Բուզմառև՝ օտարերկրյա քաղաքացի է, 23 տարեկան», - ասված է հաղորդագրությունում։
Հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձին հայտնաբերելու և քննությանը ներկայացնելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են, ասված է ոստիկանության հաղորդագրությունում: