Մատչելիության հղումներ

2021թ. առաջին հինգ ամիսներին ՊԵԿ-ը գրեթե 35 միլիարդ դրամ ավելի հարկ ու տուրք է հավաքել 


Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյան

Այս տարվա առաջին հինգ ամիսներին Պետկամուտների կոմիտեն գրեթե 35 միլիարդ դրամ ավելի հարկ ու տուրք է հավաքել, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում, այսօր կառավարության նիստում հայտարարեց կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։ 

2021թ. հունվար-մայիս ամիսներին հավաքվել է 618,4 միլիարդ դրամ կամ այսօրվա փոխարժեքով 1 միլիարդ 182 միլիոն ԱՄՆ դոլար։

«2021 թվականի առաջին 5 ամսվա ընթացքում հավաքագրված հարկային եկամուտները կազմել են 618,4 մլրդ դրամ, իսկ հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց տարբեր հարկատեսակների գծով վերադարձված գումարները՝ 68,6 մլրդ դրամ: 618,4 մլրդ դրամ հավաքագրված եկամուտները 47,2 մլրդ դրամով ավելի են 2019 թվականի համադրելի տվյալներից և 34,8 մլրդ դրամով ավելի են 2020 թվականի համադրելի տվյալներից», - տեղեկացրեց Հովհաննիսյանը:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր կառավարության նիստում բարձրաձայնեց, որ հարկահավաքման նման աճը ընթանում է բիզնեսի ու քաղաքացիների առջև ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի և հիպոթեքային համակարգով եկամտահարկի գծով կառավարության ունեցած պարտքերի մարման՝ զրոյացման ֆոնին․ - «2021 թվականի 5 ամսվա վերադարձը կազմել է 68,6 մլրդ դրամ, ինչը 2020 թվականի համեմատ ավելի է 29,9 մլրդ դրամով կամ 15,8 տոկոսով, իսկ 2019 թվականի համեմատ ավելի է 25,2 մլրդ դրամով կամ 58 տոկոսով»։

2021թ. պետական բյուջեի համաձայն, նախատեսվում է այս տարի հավաքել ավելի քան 1 տրիլիոն 440 միլիարդ դրամ հարկ ու տուրք։

2018-ին ՊԵԿ-ը հավաքել է 1 տրիլիոն 258 միլիարդ դրամ հարկ ու տուրք, 2019-ին՝ 1 տրիլիոն 464 միլիարդ, 2020-ին ավելի քիչ՝ 1 տրիլիոն 385 միլիարդ դրամ։ 2018 թվականը Հայաստանը փակեց 5,2 տոկոս, 2019-ը՝ 7,6 տոկոս տնտեսական աճով, իսկ անցած տարին՝ 7,4 տոկոսանոց տնտեսական։

Թեև Վիճակագրական կոմիտեի վերջին տվյալների համաձայն, այս տարվա առաջին չորս ամիսներին տնտեսական ակտիվության ցուցանիշը աճել է 2,6 տոկոսով, սակայն ՊԵԿ նախագահը լրագրողների հետ ճեպազրույցում հարկահավաքման աճը նախևառաջ բացատրեց գնաճով և ստվերի կրճատմամբ․ - «Այդ թվերը ստացվել են հանրապետությունում տեղի ունեցած ապրանքների գնաճի և կազմակերպված հետևողական վարչարարության արդյունքում»։

«Ազատության» դիտարկմանը, թե արդյոք դա նշանակում է, որ խոսքը ոչ թե տնտեսական աճի արդյունքում հարկային եկամուտների ավելացման մասին է, այլ գնաճի և ստվերի դեմ պայքարի, ՊԵԿ նախագահն արձագանքեց․ - «Հիմնականում այո։ Բայց չենք կարող չնշել տնտեսական դաշտում տեղի ունեցող ակտիվությունները, ինչի մասին վկայում է Վիճակագրական կոմիտեի կողմից ներկայացված տեղեկատվությունը, որ 21 թվականի ընթացքում մենք ընդհանուր ամիսների պատկերով ունենք 2,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ»։

Վիճակագրական կոմիտեն այսօր հրապարակել է 2021թ. հունվար-մայիս ամիսների գնաճի վերաբերյալ տվյալներ, և ըստ այդմ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գները Հայաստանում շարունակում են բարձր տեմպով աճել՝ այս մայիսին, նախորդ տարվա մայիսի համեմատ բարձրանալով 7,5 տոկոսով։

Օրինակ, 2021թ. Մայիսին, 2020թ. մայիսի համեմատ, արևածաղկի բուսական յուղը միջինը թանկացել է 84,4 տոկոսով, ձվի գինն աճել է 46,1 տոկոսով, իսկ շաքարի և շաքարավազի ապրանքախմբում գրանցվել է 43,3 տոկոս գնաճ։

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն այսօր «Ազատության» հետ զրույցում պնդեց, թե հարկերի հավաքման աճը պետք է բացատրել ոչ թե տնտեսության աշխուժացմամբ, այլ գնաճով․ ապրանքներն ու ծառայությունները թանկացել են, հետևաբար դրանցից վճարվող հարկերի ու տուրքերի չափը մեծացել․ - «Թվերը, որ իջեցնում են, որակական առումով պետք է ասեին, որ ընդամենը 5 տոկոսի շուրջ են ավելացել հարկային եկամուտները նախորդ տարվա համեմատ, իսկ դրանից ավել նույնիսկ ավելացել են գները։ Այսինքն՝ էն փաստարկը, որ այսօրվա ժամանակավոր պաշտոնյան բերեց, թե երկու հիմնական գործոնով է պայմանավորված գնաճը և իրենց վարչարարության արդյունավետության բարձրացումը, դրանից պետք է համաձայնել միայն մեկի հետ, որովհետև թվերը դա ապացուցում են։ Այսինքն՝ վարչարարության բարելավում, ըստ էության, չկա, որովհետև գնաճին մոտ ավելացել են հարկային մուտքերը»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG