Մատչելիության հղումներ

Ադրբեջանական քարտեզը տարբերվում էր հայկական և ռուսական արխիվներում եղած քարտեզներից․ քարտեզագրող Շահեն Շահինյան


Գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյան

Սահմանագծումն ու սահմանազատումը պետք է իրականացվեն առանց ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքների, սա կարգավորված է միջազգայնորեն, ասում է գեոդեզիստ-քարտեզագրող Շահեն Շահինյանը։

Իսկ այսօր, նրա խոսքով, փաստացի ունենք մի իրավիճակ, երբ ադրբեջանական զորքերը ներխուժել են Հայաստանի տարածք․ - «Դելիմիտացիան, ինչպես տարածված է հանրությունում, այն պրոցեսն է, երբ կողմերը քարտեզների վրա նշում են այն սահմանագիծը, որն իրենց համար ընդունելի է և որի շուրջ պատրաստ է բանակցության տվյալ կողմը։ Սահմանանշման պրոցեսը կամ դեմարկացիան արդեն սահմանագծման հաջորդ պրոցեսն է, որն իրականացվում է դաշտային պայմաններում։ Այսինքն՝ տեղանքում նշում են այն սահմանային գծերը, որոնք նախապես կողմերը իրենց համար որոշել են»։

Սահմանագծման, սահմանազատման ու սահմանանշման գործընթացները մեկնարկելու համար կողմերը նախ պետք է ընտրեն այն սկզբունքները ու քարտեզները, որոնցով առաջնորդվելու են։ Սա, թերևս ամենաբարդ գործընթացն է։ Հայ-ադրբեջանական սահմանազատման ու սահմանագծման համար հիմք կարող են ծառայել խորհրդային վարչատարածքային քարտեզները։

Մեկ այլ ընդունելի տարբերակ էլ կա, ասում է մասնագետը․ գործընթացը կարող է իրականացվել համաձայն ստատուս քվոյի՝ հիմք ընդունելով կողմերի վերահսկողության ներքո գտնվող սահմանները․ - «Այստեղ ներկայացված ա 1929 թվականի քարտեզը։ Փաստացի սա առաջին սահմանազատման հիման վրա տրված քարտեզն է, և էստեղ կան մի քանի հատկանշական փաստեր։ Առաջինը, որ Հայաստանի տարածքում չկան անկլավներ, Արծվաշենը նույնպես անկլավ չի, միացված է Հայաստանին։ Երկրորդը, որ Արցախը ու Հայաստանը ունեն միացման կետ։ Սակայն հետագա տարիներին, երբ որ տեսնում են արդեն Մեծ խորհրդային հանրագիտարանի 1960-ական թվականների հրատարակությունը, այստեղ արդեն առկա են անկլավներ։ Արծվաշենը արդեն անկլավ է, նույն Տավուշի հատվածում ունենք երկու անկլավ և Քյարքիում ունենք անկլավային տարածք։ Նույնը կրկնվում է արդեն 70-ական թվականների քարտեզում․ պարզ տեսնում ենք, որ այստեղ արդեն անկլավներ առաջացել են։ Սա նշանակում է, որ անկլավային տարածքները ձևավորվել են Խորհրդային Միության գոյության ընթացքում»։

Հայտնի քարտեզագրողի տեղեկություններով, Սյունիքի հարավի մասով բանակցություններն իրականացվել են 70-ականների քարտեզով, ընդ որում՝ բանավոր, ինչը Ադրբեջանին հնարավորություն է տվել հրաժարվել բանակցությունները նույն քարտեզով շարունակելուց․ - «Էս պահին Սև լճի հատվածում 1970-ականների քարտեզին իրենք դեմ են։ Իրենք ընդամենը խմբագրել են քարտեզը և մտել են մեր տարածք։ Իրանք պահանջում են, որ իրենց հանձնվի Սև լիճը և Սև լճի հարակից տարածքը։ Սակայն ոչ մի իրավական հիմք չկա դա իրենց հանձնելու համար»։

Շահինյանի համոզմամբ, եթե բանակցությունների ընթացքում հիմք ընդունվի 70-ականների քարտեզը, ապա խնդիրներ կլինեն Տավուշի մարզում, ընդ որում՝ երկու կողմերի համար էլ։ 70-ականների քարտեզով Տավուշի մարզում կա երկու անկլավային տարածք․ - «Այս անկլավային տարածքում նախկինում գտնվել է Ասկիպար բնակավայրը, որը էս պահին բնակեցված չի։ Սակայն անկլավային տարածքի և ադրբեջանական տարածքի միջև առկա է մեր Ոսկեպար գյուղը։ Եվ եթե հիմք ընդունվի 70-ական թվականների քարտեզները, կստացվի, որ մենք այս Ոսկեպար բնակավայրից որոշակի տներ պետք է հանձնենք հակառակորդին։ Երկրորդ խնդիրը, որ առաջանում է՝ М-16 ճանապարհը մի քանի անգամ հատում է սահմանագիծը։ Այսինքն՝ մենք ստանալու ենք նույն իրավիճակը, ինչ ստացան Կապան – Գորիս ավտոճանապարհի հատվածում»։

Թե ինչու ադրբեջանական կողմը չի ցանկանում բանակցությունները շարունակել 70-ականների քարտեզով, շատ պարզ է՝ վնաս կկրի նաև ինքը։ Բերքաբերի ջրամբարի հիմնական մասը կանցնի հայկական կողմին, իսկ այս պահին սահմանը անցնում է ջրամբարի մեջտեղով։ Բացի այդ, հայկական կողմին կանցնի նաև ադրբեջանական երկու գյուղերը կապող գյուղական ճանապարհը։ Հետևաբար, ըստ Շահինյանի, Ադրբեջանը այստեղ փորձում է քարտեզներում կեղծ փոփոխություններ անելով հայտնվել շահեկան դիրքերում․ - «Ադրբեջանական կողմի ներկայացրած այդ կեղծված քարտեզները ինչի՞ ի հայտ եկան։ Քանի որ և՛ մեր արխիվում պահպանվող քարտեզները, և՛ ռուսական արխիվում պահպանվող քարտեզները նույնն են։ Սակայն արդբեջանական քարտեզը տարբերվում էր այս երկու կողմերի քարտեզներից»։

Դելիմիտացիան երկարատև գործընթաց է, ենթադրում է նաև տարածքի օդային լուսանկարում, տեղագրական քարտեզի կազմում, թարմացում, աշխատանքային քարտեզների պատրաստում և այլն, այս ամենից հետո միայն արվում է դեմարկացիան: Այս գործընթացները կարող են տևել մի քանի ամսից մինչև մի քանի տարի ու անգամ տասնամյակներ։

Վառ օրինակ է հայ-վրացական սահմանազատման աշխատանքները։ Հանձնաժողովը ստեղծվել է 1996 թվականին, բանակցությունները ընթացել են մինչև 2016 թվականը և դեռ ավարտված չեն։ Սահմանի 25 տոկոսի մասով բանակցությունները չեն ավարտվել, քանի որ այդ տարածքներում կան բնակավայրեր։ Եվ քանի որ հարաբերությունները Վրաստանի հետ բարիդրացիական են, արվում է ամեն ինչ, որ բնակչության տեղահանություն այդ տարածքներում չլինի։

Մինչդեռ Ադրբեջանի դեպքում ճիշտ հակառակն է։ Ուստի մոտ ժամանակներում սպասել գործընթացների ավարտին, ըստ Շահեն Շահինյանի, «մեղմ ասած՝ քիչ հավանական է»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG