Մատչելիության հղումներ

Լոռիում Քոչարյանի քարոզարշավը կգլխավորեն մի շարք նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ


ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի ցուցակի առաջին համար Ռոբերտ Քոչարյանը և Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանը, Լոռու մարզ, 28-ը մայիսի, 2021թ.

Այսօր Հայաստանի երկրորդ ու երրորդ նախագահները Լոռու մարզում էին։ Ռոբերտ Քոչարյանը Վանաձոր և Սպիտակ քաղաքների դահլիճներում հանդիպումներ է ունեցել կուսակցական ակտիվի ու բնակիչների հետ։ Այդ մասին տեղեկանում ենք «Հայաստան» դաշինքի ֆեյսբուքյան էջից։ Սպիտակում նրա աջակիցները «Ազատության» նկարահանող խմբին թույլ չտվեցին ներկա գտնվել երաժշտական դպրոցի դահլիճում տեղի ունեցող հանդիպմանը, առավել ևս հանդիպումից հետո մոտենալ նրան։

Ըստ հրապարակած լուսանկարների՝ Վանաձորում հանդիպմանը նրա կողքին է եղել 18 տարի քաղաքը ղեկավարած Սամվել Դարբինյանը, ով մարզկենտրոնում կգլխավորի նաև նրա քարոզարշավը։ 2018 թվականի հեղափոխությունից հետո Դարբինյանի նկատմամբ մի շարք քրեական գործեր են հարուցված՝ չարաշահումների ու յուրացումների հոդվածներով։

Դեռ հեղափոխությունից առաջ՝ 2017 թվականին Հանրապետական կուսակցությունը որոշեց չառաջադրել 18 տարվա քաղաքապետի թեկնածությունը։ Նրա փոխարեն կուսակցության թեկնածուն դարձավ Մամիկոն Ասլանյանը, ով էլ ղեկավարում է համայնքը մինչև այսօր։ Նրա լիազորությունները կավարտվեն այս տարվա աշնանը։

Ինչ վերաբերում է Սպիտակ համայնքին, այստեղ լուսանկարներում Քոչարյանի կողքին Սոցիալական ապահովության տարածքային կառույցի նախկին հանրապետական ղեկավար Սամվել Խոյեցյանն է։ Երկրորդ նախագահի քարոզարշավը կգլխավորեն նաև այլ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ՝ տեղի սոցիալական ծառայության նախկին պետը, ոստիկանության բաժնի նախկին ղեկավարներ և այլն։

Այսօր ընտրություններին մասնակցող բազմաթիվ կուսակցություններ ու դաշինքներ Սպիտակում գրասենյակներ են բացել, իրենց մեծադիր պաստառները տեղադրել։ Ամենաշատ թվով գրասենյակներ քաղաքի հատկապես կենտրոնական հատվածում ունի հենց Ռոբերտ Քոչարյանի գլխավորած «Հայաստան» դաշինքը։ Տեսանք նաև իշխանական «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, Գագիկ Ծառուկյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստանի», Ժիրայր Սեֆիլյանի Ազգային-ժողովրդավարական բևեռի, Արամ Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության մեծադիր պաստառներով գրասենյակները։

Քաղաքացիներն ասում են՝ ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած 27 կուսակցություններից ու դաշինքներից գլուխ չեն հանում, բայց անպայման կգնան քվեարկության. «Սրանք մեկը մյուսին գցում են, մեր պես մարդիկ մեղք են, մեղք: Ո՞ւմից պետք է վախենամ, կարո՞ղ է պաշտոնից եմ վախենում ինձ հանեն»:

«Քանի՞ կուսակցություն է, 27՞, մի աթոռ կա, թող 25 հատ էլ բերեն, հերթով շարվեն», - ասում է մեկ այլ քաղաքացի, մյուսը հավելում է. «Էս բաները, որ մենք տեսնում ենք ու լսում, շատ դժվար է: Այսօրվա դրությամբ գալիս են, Հայաստանից երեխաներին տանում, չգիտեմ` ոնց կլինի»:

«Պատերազմի շեմին կանգնած ես, ի՞նչ ընտրության մասին է խոսքը, ընտրության չենք կարա մենք գնանք: Շատ պայթյունավտանգ վիճակ է», - մյուսի կարծիքն է:

Սպիտակում Հանրապետական և «Հայրենիք» կուսակցության «Պատիվ ունեմ» դաշինքը հիշեցնող որևէ պաստառ չկար։ Սպիտակցիները որպես դաշինքի աջակիցներ նշում են գործող համայնքապետին, որի լիազորությունների ժամկետն ավարտվում է հունիսին, ինչպես նաև Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար հանրապետական Արկադի Համբարձումյանին կամ ավելի հայտնի «Դերժավայի Արկադին»։ Վերջինիս՝ սպիտակցիներին հայտնի գրասենյակների դռները փակ էին առանց որևէ ցուցանակների։

Նշենք, որ Սպիտակի Հանրապետական համայնքապետ Գագիկ Սահակյանը 44-օրյա պատերազմից հետո միացել էր վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջին, նրա հասցեին քննադատություններ հնչեցրել։ Երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի այսօր Լոռի կատարած այցից միայն հայտնի է, որ նա ծաղկեպսակ է դրել 1918 թվականի Ղարաքիլիսայի ճակատամարտի հերոսների հուշաքարին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG