Մատչելիության հղումներ

Հայ ազգային կոնգրեսի համար արտահերթ ընտրություններին մասնակցությունը «պետությունը փրկելու հատուկ օպերացիա է»


ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը։
ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը լրագրողների հետ հանդիպմանը։

Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած քաղաքական ուժի նախընտրական շտաբի պետ Լևոն Զուրաբյանի խոսքով՝ հենց այս մղումով են գնում ընտրապայքարի, հակառակ դեպքում, ասում է, այլընտրանքը պետության փլուզումը, նոր դժբախտություններն ու ողբերգություններն են․ - «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանում հաղթանակի քաղաքական ռեալիզմը, որը հիմնված է ռեալպոլիտիկի վրա, իրատեսության վրա, ստրատեգիական հաշվարկի վրա, դաշնակիցների հետ հիմնավորված աշխատանքի վրա»։

Հայ ազգային կոնգրեսը ընտրություններին մասնակցում է հաղթելու նպատակով։ Արդեն իսկ ընտրել են ընտրարշավի կարգախոսը։ Ղարաբաղյան խնդրի կարգավորման վերաբերյալ 1997 թվականին գրված Տեր-Պետրոսյանի հայտնի հոդվածի վերնագրից մի հատված է՝ «Լրջանալու պահը»․ - «Մեր նպատակը, մեր բոլորիս նպատակը, սա միայն մերը չի, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նպատակը պետք է լինի արագորեն Հայաստանում վերականգնել արդյունավետ պետական կառավարումը։ Եվ այդ շանսը կտրվի հունիսի 20-ին»։

Ընտրություններին նեղ կուսակցական ցուցակով չեն մասնակցում․ փաստացի այն դաշինք է, դրանում ընդգրկված են գիտնականներ, մտավորականներ, մշակութային գործիչներ, կառավարիչներ, անգամ գործարարներ, մարդիկ, ովքեր իրենց ոլորտներում լուրջ փորձ ունեն, ասում է Զուրաբյան:

ՀԱԿ-ի փոխնախագահը հիշեցնում է, որ իրենք ևս խոսել են բիզնեսը քաղաքականությունից տարանջատելու մասին, բայց բացատրում՝ սա այլ իրավիճակ է։ Զուրաբյանը վստահեցնում է, թե իրենց ցուցակում ընդգրկված գործարարները չունեն խոշոր տնտեսական շահեր․ - «Չկան այդպիսի մարդիկ։ Կան հաջողակ գործարարներ»։

ՀԱԿ-ն այսօր հրապարակեց ավելի քան հարյուր անուն ընդգրկող իր ընտրական ցուցակը. այն գլխավորում է առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը։ Երկրորդ և երրորդ հորիզոնականներում համապատասխանաբար Լևոն Զուրաբյանն ու Ջրային կոմիտեի նախկին նախագահ Ինեսսա Գաբայանն են։

Զուրաբյանը հայտատարում է՝ իրենք անհավասար մարտի մեջ են մտել ու նահանջելու տեղ չկա։ Նրա խոսքով, մեդիա ռեսուրսների մեծ մասը նախկին իշխանությունների ձեռքում են, ներկա իշխանությունն էլ իր հերթին է տիրապետում լրատվամիջոցների։ Ուստի իրենց առաջ խնդիր է դրված ճեղքելու տեղեկատվական շրջափակումը․ - «Դա պետք չի հասկանալ տառացիորեն։ Ես չեմ ասում, որ մեզ ոչ մի տեղ չեն թույլ տալիս խոսել։ Խոսքը ռեսուրսների դիսբալանսի մասին է, խոսքը նրա մասին է, որ էդ աղմուկի մեջ, էդ, ինչպես նախագահը ասեց՝ կակաֆոնիայի մեջ ճշմարտության խոսքը շատ դժվար է հնչեցնել»։

Արդյոք Հայ ազգային կոնգրեսը ընտրություններից հետո պատրա՞ստ է կոալիցիա կազմել այլ քաղաքական ուժերի հետ։ Զուրաբյանը վաղ է համարում այդ խոսակցությունները՝ շեշտելով, որ իրենք գնում են հաղթելու։ Բայցև չի բացառում գործակցությունն այլ ուժերի հետ՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունից հեռացնելու նպատակով․ - «Մենք տեսնում ենք հիմա գլխավոր խնդիրը, գլխավոր չարիքը՝ էս անկարող իշխանությունները։ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա։ Ամեն օր իր մնալը, դա բան է․․․ անգամ եթե համագործակցենք, պիտի համագործակցենք իրան հեռացնելու նպատակով»։

ՀԱԿ փոխնախագահը նաև երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հեռացումն է անհրաժեշտ համարում քաղաքական դաշտից։

XS
SM
MD
LG