Մատչելիության հղումներ

«Իմ քայլում» հուսով են, թե դաշնակիցները դեռ կարձագանքեն ՀՀ սահմաններին ստեղծված իրավիճակին


Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյան

Իշխող «Իմ քայլը» խմբակցությունում կարծում են Հայաստանի սահմաններում ստեղծված վիճակին դեռ արձագանք կլինի դաշնակիցների կողմից։

Այդ մասին այսօր ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, երբ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը, շեղվելով օրակարգից, բարձրացրեց սահմանային ճգնաժամի և դրանից մոտ երկու շաբաթ անց Ռուսաստանի և ՀԱՊԿ մյուս դաշնակիցների կողմից քայլերի բացակայության մասին հարցը։

«Բոլորին հայտնի է, թե որ հոդվածներով ենք դիմել մենք։ Եվ ես կարծում եմ, որ մենք կունենանք արձագանք մեր դաշնակիցներից։ Կոչ եմ անում այն տրամադրությունները, որոնք այսօր, ցավոք սրտի, հանրության որոշ շրջանակներում կան, չբերել խորհրդարան», - ասաց Մակունցը։

Հասարակության տրամադրությունները վաղուց պետք է խորհրդարան տեղափոխվեին, և ի վերջո քննարկվեր Հայաստանի դաշնակիցների պատասխանն ու քայլերը, հակադարձեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ մայիսի 12-ից Հայաստանի տարածքում ադրբեջանցիներ են, իսկ Ռուսաստանն իր դաշնակցի դիմումին պատասխանում է, թե պատրաստ է օգնել սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցով։ Ինչո՞ւ այդ դեպքում Հայաստանը չի քննարկում այլ պետությունների առաջարկած աջակցությունը, հարց հնչեցրեց պատգամավորը․ - «Ռուսաստանը, ՀԱՊԿ-ը իրենց պատասխանը արդեն տվել են, նրանք ընդունակ չեն Հայաստանին անհրաժեշտ պաշտպանություն բերել, և մենք պիտի էստեղ գործուն քայլեր ձեռնարկենք։ Խոսքը Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Հնդկաստանի, Իրանի, Կանադայի ամենաբարձր մակարդակով արված հայտարարություններին է առնչվում»։

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը ևս հայտարարեց, որ լավատես են Ռուսաստանի արձագանքը ստանալու հարցում․ - «Չեմ կարծում, որ Հայաստանի Հանրապետության դաշնակից պետությունները չեն կատարում կամ կատարելու իրենց պարտականությունները։ Օրինակ, ՀԱՊԿ-ը դեռ ունի ընթացակարգեր, ունի ինստիտուտներ, մեխանիզմներ։ Նաև Ռուսաստանի Դաշնության հետ մեր խոսակցությունը շարունակվում է։ Կարծում եմ, որ պետք է պահպանենք լավատեսություն»։

Արման Աբովյան
Արման Աբովյան

Բաբաջանյանի հայտարարություններին արձագանքեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից Արման Աբովյանը՝ նրան մեղադրելով հակառուսական տրամադրություններ գեներացնելու և տարածելու մեջ․ - «Չգիտես ինչու, հա սենց միտք ա գցվում մարդկանց մեջ, որ տեսե՜ք, չեկան, տեսե՜ք, չպաշտպանեցին, տեսա՞ք, ինչ-որ սենց քայլեր կատարեցին, որոնք մեղմ էին և չէին համապատասխանում այս կամ այն պարտավորություններին։ Դա տենց չի։ Եթե իշխանությունը որոշում ա, որ ներխուժած թուրքի դեմ կռվել պետք չի, ինչ-որ մեկը հույսեր ունի, որ ռուսը պիտի ասի՝ չէ՜, մեկ ա, պիտի գնանք կռվե՞նք Եվ առհասարակ այդ բոլոր գործընթացների շուրջ գեներացնել տրամադրություններ, որոնք վտանգում են մեր ռազմավարական գործընկերոջ հետ հարաբերությունները, այս պարագայում պարզապես դուք ձեզ հարց տվեք, թե ում ա ձեռնտու»։

«Պարոն Աբովյան, - արձագանքեց Բաբաջանյանը, - ռուսները կգնահատեն ձեր հայտարարությունները։ Ռուսաստանը ուզում է թաղել Արցախի հարցը՝ մեր ամբողջ ուշադրությունը սևեռելով այս պահին Սյունիքի վրա։ Դա ձեզ և ձեր հովանավորներին չի հաջողվելու, պարոն Աբովյան։ Էնպես որ, էստեղ խնդրում եմ մի ճամարտակեք, մենք գիտենք որտեղից եք գալիս և ինչու են ձեր հայտարարությունները»։

Արձագանքելու հերթը Աբովյանինն էր․ - «Պարոն Բաբաջանյան, հովանավորներից բերանս չբացեմ։ Հասկանում եմ, որ նախընտրական փուլ ա, հասկանում եմ, որ թեզը բռնել եք հակառուսական, փորձում եք այդ թեզի վրա խաղալ, բայց դրա հետ մեկտեղ, ամենայն հարգանքով․․․ ես գիտեմ, որ շատ լավ ռուսերեն եք տիրապետում, խորհուրդ կտամ ևս մեկ անգամ վերընթերցել բոլոր պատասխանները»։

Արման Բաբաջանյան
Արման Բաբաջանյան

Ինչ վերաբերում է Աբովյանի այն հայտարարությանը, թե Հայաստանի դաշնակիցները գործում են Հայաստանից ուղարկված դիմումին համապատասխան, Բաբաջանյանն ասում է՝ լավ կլիներ Ազգային Ժողովի հատուկ նիստ անել, հրավիրել նաև վարչապետին և պարզել, ինչ դիմում է ուղարկել Հայաստանը, որ նման պատասխան է ստանում․ - «Նոր պարզաբանումներ են պետք, որովհետև կասկածներ կան, որ պատերազմը ևս կարող է հրահրված լինել Ռուսաստանի կողմից»։

Մայիսի 12-ից Ադրբեջանը առնվազն երեք ուղղությամբ ներխուժել է Հայաստանի սահման՝ պնդելով, թե իր ունեցած քարտեզների համաձայն, դրանք իր տարածքներն են։ Հայաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ այդ տարածքները, ճանապարհները և ադրբեջանցի զինվորները իր վերահսկողության տակ են։

Չնայած այդ հայտարարություններին, վերջին երկու շաբաթների ընթացքում ադրբեջանցիների թիվը Հայաստանի տարածքում ավելացել է, աշխարհագրությունը՝ լայնացել, տեղի են ունեցել միջադեպեր։ Սահմանային հարցով բանակցությունները փաստացի փակուղում են:

Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի սրումից շուրջ մեկ շաբաթ անց Ռուսաստանի արտգործախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին սահմանի դեմարկացիայի աշխատանքներում։ ՀԱՊԿ-ից հայտարարեցին, որ ուշադիր հետևում են զարգացումներին, հասցեական արձագանք, սակայն, ռազմաքաղաքական դաշինքին Հայաստանի դիմումից 11 օր անց էլ դեռ չկա։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG