Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին դադարեցնում է հացադուլը


Ռուսաստանցի ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին դատարանում, Մոսկվա, 2 փետրվարի, 2021թ.

Ռուսաստանի Վլադիմիրի շրջանի բանտում պահվող ընդդիմադիր բլոգեր Ալեքսեյ Նավալնին այսօր հայտնել է, որ դադարեցնում է մարտի 31-ին սկսած հացադուլը:

Նա ասել է, որ հացադուլը տևել է 24 օր, հետևաբար, վերականգնման հատուկ շրջանն էլ, ըստ մասնագետների, պետք է ճիշտ այդքան տևի: Նավալնիի խոսքով, իրեն այցելած բժիշկներն են հորդորել անհապաղ դադարեցնել հացադուլը:

«Եթե դուք շարունակեք սնունդ չընդունել, մենք պարզապես արդեն չենք ունենա հիվանդին, որին պետք է բուժենք», - զգուշացրել են բժիշկները:

Նավալնին բողոքի այդ ծայրահեղ միջոցին է դիմել այն բանից հետո, երբ քրեակատարողական հիմնարկի վարչակազմը մերժել է ողնաշարի և ոտքերի շրջանում ցավերի և թմրության գանգատով անձնական բժշկի մոտ ստուգվելու պահանջը:

Այնուամենայնիվ,անցած շաբաթավերջին Նավալնիի բժիշկ Անաստասիա Վասիլևային և ևս մի քանի մասնագետների, այդ թվում՝ սրտաբանին, թույլատրել են բանտում այցելել բլոգերին:

Հետազոտություններ անցկացնելուց հետո նրանք հայտարարել են, որ Նավալնիի առողջական վիճակը ժամ առ ժամ վատթարանում է: Բժշկների փոխանցմամբ, հացադուլը շարունակելու դեպքում նրա սիրտը կարող է կանգ առնել ցանկացած պահի:

Հայտարարելով հացադուլն ավարտելու մասին, 44-ամյա Նավալնին շնորհակալություն է հայտնել այս ընթացքում իրեն աջակցություն ցուցաբերած բոլոր բարեկամներին, համախոհներին և անծանոթ մարդկանց:

Նավալնիին ազատ արձակելու պահանջով Ռուսաստանում տեղի են ունեցել բողոքի բազմահազարանոց ակցիաներ, որոնց ընթացքում ձերբակալվել է շուրջ 1900 մարդ:

Նավալնիի 3,5 տարվա պայմանական ազատազրկումը փետրվարին փոխարինվել է իրական ազատազրկմամբ՝ այն պատճառաբանությամբ, թե ընդդիմադիր բլոգերն, իբր, խախտել է ներման կարգով ազատության մեջ լինելու պայմանները: Դատարանը հաշվի է առել տնային կալանքի և նախնական կալանքի ժամկետները և Նավալնիի համար վերջնական պատիժ է սահմանել 2,5 տարվա ազատազրկումը:

Նավալնիի աջակիցները, իրավապաշտպան կազմակերպությունները, արևմտյան երկրների մեծ թվով բարձրաստիճան ղեկավարներ պնդում են, որ բանտ նետելով Կրեմլի քննադատին՝ իշխանությունը վրեժ է լուծում նախագահ Վլադիմիր Պուտինի և նրա մերձավոր շրջապատից օլիգարխների ու պաշտոնյաների կոռուպցիոն գործարքները բացահայտելու և լուսաբանելու համար:

XS
SM
MD
LG