Մատչելիության հղումներ

Իսրայելն ու «Համաս»-ը հայտարարեցին կրակը դադարեցնելու մասին


Իսրայել - Հակաօդային պաշտպանության «Երկաթե գմբեթ» համակարգը չեզոքացնում է Գազայի հատվածից արձակված հրթիռները, Աշկելոն, 20-ը մայիսի, 2021թ․

Իսրայելի կառավարությունը երեկ ուշ երեկոյան հայտարարեց, թե պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ կրակը դադարեցնելու որոշում է ընդունել։ Վարչապետ Բենյամին Նեթանյահուի կաբինետի անդամները համաձայնել են ընդունել Եգիպտոսի միջնորդությամբ ներկայացված առաջարկը առանց նախապայմանների կողմերի միջև կրակը դադարեցնելու մասին։

Ըստ պաշտոնապես չհաստատված լուրերի՝ Եգիպտոսը ցանկանում է Իսրայելի և Պաղեստինի ներկայացուցիչների հանդիպում կազմակերպել կողմերի միջև երկարատև խաղաղության հասնելու համար։

«Համաս»-ի աղբյուրները լիբանանյան մամուլին ասել են, թե հրադադարը հնարավոր է դարձել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի հեռախոսազրույցի արդյունքում։

Կրակը դադարեցնելու մասին Իսրայելի հայտարարությանը նախորդել էր Անվտանգության խորհրդի նիստը։ Պաշտպանության նախարարության բարձրաստիճան զինվորականները, այդ թվում՝ Գլխավոր շտաբի պետը, ազգային անվտանգության հարցերով խորհրդականը, գտել են, որ «Համաս»-ի դեմ գործողություններում մեծ հաջողությունների են հասել, ու կարելի է դադարեցնել կրակը։

Associated Press-ը ուշադրություն է դարձնում, որ Իսրայելի կառավարության հայտարարությունում հրադադարի կոնկրետ օր և ժամ նշված չէ։ Փաստաթղթում ասված է, որ հրադադարի ռեժիմ հաստատելու կոնկրետ ժամկետը կորոշվի ավելի ուշ։

Տեղական մամուլի հրապարակումների համաձայն՝ հրադադարն ուժի մեջ է մտնում մայիսի 21-ին տեղական ժամանակով ժամը 2-ին։ «Երեք ժամ շարունակված հանդիպման արդյունքում, անվտանգության հարցերով իսրայելական կաբինետը համաձայնեց միակողմանի դադարեցնել կրակը տեղական ժամանակով ժամը 2-ին», - հաղորդում են իսրայելական լրատվամիջոցները։

Պաղեստինյան «Համաս» շարժումը, իր հերթին, հայտարարել է նույն ժամին կրակը դադարեցնելու մասին։

Պաղեստինյան «Համաս» խմբավորման դեմ 11-օրյա ռազմական գործողությունները Գազայի հատվածում 220 մարդկանց կյանք են խլել, իսրայելական կողմում մեկ տասնյակ մարդ է զոհվել։ Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ մի քանի հազար հրթիռ է արձակվել, բայց դրանք ինքնաշեն հրթիռներ են, մի մասը տեղ չի հասնում, մի մասը ոչնչացվում է Իսրայելի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից։

Ռազմական գործողությունների պատճառը մայիսի սկզբին Արևելյան Երուսաղեմում Ալ-Աքսա մզկիթի մոտ տեղի ունեցած բախումներն էին։ Մահմեդականների համար սրբազան Ռամադան ամսին Իսրայելի անվտանգության ուժերը սահմանափակել էին հավատացյալների մուտքը մզկիթ, ինչն էլ հանգեցրեց բողոքների, բախումների ու ռազմական հակամարտության։

Վերջին 7 տարվա ընթացքում սրանք իսրայելա-պաղեստինյան ամենալուրջ բախումներն էին։

XS
SM
MD
LG